Եվրոպական ավիաընկերություններին ահաբեկում են կեղծ ռումբի ահազանգերով․ Bloomberg
Thu, 05 Nov 2026 19:30:46 +0400

Եվրոպական ավիաընկերությունները կրկին բախվել են ինքնաթիռներում ռումբի առկայության մասին կեղծ ահազանգերի։ Այսօր նման հաղորդումներ են ստացվել միանգամից մի քանի ավիափոխադրողների, այդ թվում՝ Wizz Air-ի, Finnair-ի և լեհական LOT-ի վերաբերյալ։ Դուբլինից Հռոմ ուղևորվող Aer Lingus ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ֆրանսիայի հյուսիսում գտնվող ռազմական օդանավակայանում։
Finnair-ը հայտնել է Հելսինկիից Հռոմ և Վիեննա մեկնող երկու չվերթերի հասցեին հնչած սպառնալիքների մասին։ Բոլոր ահազանգերը կեղծ են եղել։
Չեխիայի ոստիկանությունը նույնպես տեղեկություններ է ստացել դեպի Պրահա ուղևորվող չորս ինքնաթիռների նկատմամբ սպառնալիքների մասին։ Նախազգուշացում է ստացվել նաև Վիեննայի գլխավոր օդանավակայանում։
Wizz Air-ն այս շաբաթ արդեն մի քանի անգամ նմանատիպ հաղորդումներ է ստացել։
Bloomberg-ի տվյալներով՝ սպառնալիքները հստակ օրինաչափություն չունեն․ դրանք վերաբերում են տարբեր ավիաընկերությունների և երթուղիների։
Նշվում է, որ Եվրոպայի օդային տարածքում օրական իրականացվում է ավելի քան 30 հազար չվերթ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր