ՌԴ-ն բյուջեի գրեթե կեսը ծախսում է պատերազմի վրա․ ռեկորդային թվեր
Mon, 07 Sep 2026 19:30:33 +0400

Ռուսաստանի դաշնային բյուջեի ծախսերը Ուկրաինայի հետ պատերազմի համար 2026 թվականի առաջին կեսին հասել են նոր ռեկորդային՝ 10,687 տրիլիոն ռուբլու, ըստ Գերմանիայի միջազգային անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտի գիտաշխատող Յանիս Կլյուգեի հաշվարկների, որոնք հիմնված են Ֆինանսների նախարարության տվյալների վրա։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ռազմական և զենքի արտադրության վրա ծախսերը աճել են ևս 30%-ով կամ 2,46 տրիլիոն ռուբլով։ 2024 թվականի հունվար-հունիս ամիսների համեմատ Ռուսաստանի ռազմական բյուջեն աճել է 65%-ով (+4,211 տրիլիոն ռուբլի), 2023 թվականի համեմատ՝ 145%-ով և պատերազմի առաջին տարվա համեմատ՝ 285%-ով։ Նախապատերազմյան 2021 թվականի համեմատ ռազմական ծախսերը աճել են ավելի քան հինգ անգամ։
Միջին հաշվով, Կրեմլի «ռազմական մեքենան» ամսական սպառում էր 1,78 տրիլիոն ռուբլի, օրական՝ 59 միլիարդ ռուբլի կամ ժամում 2,5 միլիարդ ռուբլի։
Կլյուգեի խոսքով՝ տարվա առաջին կիսամյակի վերջին դաշնային բյուջեի բոլոր ծախսերի 43.8%-ը ծախսվել է ռազմական ծախսերի վրա, ինչը «բոլոր ժամանակների նոր ամենաբարձր ցուցանիշն» է։
Համեմատության համար, նախորդ տարի պատերազմի վրա ծախսվել է բյուջետային ծախսերի 39.2%-ը և բյուջետային եկամուտների 46.8%-ը. պատերազմից առաջ այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 20% և 19.8%։
Կլյուգեի հաշվարկներով՝ Ռուսաստանի ռազմական բյուջեի ուղիղ երկու երրորդը գաղտնի է. առաջին վեց ամիսների ընթացքում Կրեմլը բաց պաշտպանության ծախսերի վրա ծախսել է ընդամենը 3.546 տրիլիոն ռուբլի, իսկ գաղտնիների վրա՝ 7.141 տրիլիոն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր