Չորեքշաբթի , 30 Սեպտեմբերի 2026

Գյումրին դիմավորեց լեգենդին․ Էմմիյանի գավաթում փայլեցին ուկրաինացիները

Գյումրին դիմավորեց լեգենդին․ Էմմիյանի գավաթում փայլեցին ուկրաինացիները

Tue, 08 Sep 2026 14:15:54 +0400


Գյումրու քաղաքային ստադիոնում տիրում էր տոնական ու ջերմ մթնոլորտ. հայրենի քաղաքում մեծ շուքով ու ջերմությամբ դիմավորեցին հեռացատկի Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանին: Այստեղ անցկացվեց «Ռոբերտ Էմմիյանի գավաթ» հերթական միջազգային մրցաշարը, որին հետևելու էին եկել անվանի աթլետի ընկերները, մտերիմները, մարզական աշխարհի ներկայացուցիչներն ու մարզիչները:

​Արդեն 25 տարի անցկացվող այս մրցաշարն այս անգամ առանձնահատուկ էր. այն նվիրված էր 1986 թվականին Մոսկվայում Ռոբերտ Էմմիյանի սահմանած Եվրոպայի ռեկորդի (8 մետր 61 սանտիմետր) 40-ամյակին: Հիշեցնենք, որ 1987 թվականին Ծաղկաձորում նա գերազանցել էր սեփական ցուցանիշը՝ ցատկելով 8,86 մետր: Թեև մրցումների սկզբում եղանակը փոքր-ինչ անձրևոտ էր, սակայն շուտով արև բացվեց՝ էլ ավելի բարձրացնելով մասնակիցների ու հանդիսատեսի տրամադրությունը:

​Ռոբերտ Էմմիյանն իր խոսքում անհուն ուրախություն հայտնեց հարազատ Գյումրիում լինելու համար՝ շնորհակալություն հայտնելով ներկաներին, քաղաքային ու մարզային իշխանություններին, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիային, Կառավարությանն ու Նախարարությանը: Նա հուզմունքով նշեց, որ հենց այդ մարզադաշտում է մարզվել Յաշա Եղիազարյանի և իր անձնական մարզիչ Մկրտիչ Կարապետյանի գլխավորությամբ, ում ծննդյան օրվան էլ համընկնում էր մրցումների օրը:

​Այս տարի մրցաշարին մասնակցում էր 16 մարզիկ՝ 6 երկրից, այդ թվում՝ Հայաստանից, Ուկրաինայից, Թահիթիից, Բուլղարիայից, Հունաստանից, Ղազախստանից և Մոլդովայից: Խոսելով աթլետիկայի զարգացման մասին՝ Էմմիյանը շեշտեց, որ Ֆրանսիայում գտնվելով հանդերձ, որտեղ պատասխանատու է միջազգային կապերի համար և մարզում է տեղի լավագույն չեմպիոններին, միշտ ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանը: Նա ֆրանսիացի գործընկերների աջակցությամբ պարբերաբար մարզագույք է ուղարկում հանրապետության մարզեր, իսկ առաջիկայում սպասվող Ֆրանկոֆոնյան խաղերին ընդառաջ՝ Կառավարության հետ համատեղ աշխատանքներ են տարվում «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման և նոր գույքով ապահովման ուղղությամբ:

​Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահը հպարտությամբ առանձնացրեց նաև վերջերս Չեխիայում կայացած պատանիների Եվրոպայի առաջնությունում գյումրեցի Արծրուն Հարությունյանի գրանցած հաջողությունը (բրոնզե մեդալ՝ 3000 մասնակիցների մեջ) և հույս հայտնեց, որ հայ մարզիկները ի վերջո կգերազանցեն իր ռեկորդը:

​Լարված ու հետաքրքիր պայքարից հետո մրցաշարն ամփոփվեց հետևյալ արդյունքներով. կանանց հեռացատկում 1-ին տեղը գրավեց Իրինա Բադզունսկան (Ուկրաինա)՝ 6․30 մետր արդյունքով: Տղամարդկանց հեռացատկում հաղթող ճանաչվեց Ռոբերտ Էմմիյանի սան, Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն Վլադիսլավ Մազուրը (Ուկրաինա)՝ 7․69 մետր ցուցանիշով, Հայաստանի ներկայացուցիչ Վահե Արզումանյանը 7․53 մետր արդյունքով զբաղեցրեց պատվաբեր 2-րդ տեղը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Օրբելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի մասին

Օրբելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի մասին Fri, 18 Sep 2026 11:59:29 +0400 Լրագրողների հետ զրույցում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով