15-ամյա տղան էներգետիկ խմիչքների օգտագործումի՞ց է մահացել
Wed, 09 Sep 2026 19:02:33 +0400

Սեպտեմբերի լույս 7-ի գիշերը Երևանի բժշկական կենտրոններից մեկում մահացել է Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 15-ամյա բնակիչ Ղուկաս Գուլինյանը։ Նա Դիլիջանի քաղաքային մարզահամալիրի հունահռոմեական ոճի ըմբշամարտի խմբի սան էր, Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ։ Նրա հայրը արհեստավոր է, մայրը՝ տնային տնտեսուհի, Ղուկասն ընտանիքի միակ տղան էր, ընտանիքում 2 աղջիկներ կան։
Տեղեկություններ կան, որ նա օգոստոսի 29-ին տանը վատ է զգացել, որից հետո Դիլիջանի ԲԿ-ի շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվել է ԲԿ, այնտեղից էլ Երևան։ Երևանի ԲԿ-ներից մեկում Ղուկասը վիրահատվել է, բժիշկներն ամեն ինչ արել են նրա կյանքը փրկելու համար, սակայն ՝ ապարդյուն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Ղուկասը օգոստոսի 29-ին գլխում սուր ցավ է զգացել, արյունազեղում է եղել։ Հաղարծին գյուղում մարդիկ խոսում են, որ 15-ամյա մարզիկի գլխուղեղի կաթվածի պատճառը կարող էր լինել էներգետիկ ըմպելիքների օգտագործումը։ Գյուղում ասում են, որ Ղուկասը շուրջ 2 տարի էներգետիկ ըմպելիքներ էր օգտագործում։ ՀՀ-ում մինչև 18 տարեկաններին օրենքով արգելված է էներգետիկ ըմպելիքների վաճառքը, սակայն շատ վաճառողներ խախտում են այդ արգելքը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր