Մեր խեղճացված ժողովուրդը
Wed, 09 Sep 2026 21:15:58 +0400

«Հրապարակ»-ը հայտնում է, որ Բաքու մեկնող քաղհասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանը մի «հանճարեղ» միտք է բարբառել: Ասել է, թե իր արձանը Բաքվում պետք է կանգնեցնեն, քանի որ Արցախի հարցը լուծելով՝ ինքը ոչ միայն Հայաստանը, այլև Ադրբեջանն է ազատել ռուսական լծից։ Այդ միտքը «հանճարեղ» է իր անհեթեթությամբ, սակայն չի պատկանում անձամբ Փաշինյանին: Այն վաղուց շրջանառվում է նրա նման՝ իրական հայրենասիրությունից զերծ հայկական ազգանունով որոշ մահկանացուների շրջանում: Այդ գաղափարը վերջին տարիներին շրջանառվում էր նաև ռուսատյացությամբ տառապող եվրոպական քաղաքական գործիչների շրջանում:
Նախ, այդ գաղափարը կարող էր ճշմարիտ լինել, եթե առնվազն երկուսուկես հազար տարի Արցախը բնակեցված չլիներ հայերով: Որ պատմական դառը ճակատագրի բերումով 100 տարի առաջ չհանձնվեր Ադրբեջանին: Որպեսզի այնուհետև ազատագրվեր մեր ազգային զարթոնքի ու ազատագրական պայքարի արդյունքում: Այն ճշմարիտ կլիներ, եթե այդ տարածքը լիներ մեր պատմական հայրենիքի սահմաններից անդին: Ու բնակեցղված լիներ, ասենք, իրանալեզու ինչ-ինչ ցեղերով: Ու այդ տարածքի նկատմամբ 100-150 տարի նկրտումներ ունենային թե՛ հայերը և թե՛ ադրբեջանցիները: Ու Ռուսաստանն էլ մե՛կ հայերին և մե՛կ ադրբեջանցիներին օգնելով՝ նպաստեր, որպեսզի տարածքը դառնար վիճելի ու ըստ այդմ՝ կռվախնձոր: Ու այդպես վարվելով՝ թշնամացներ երկու հարևան ազգերին ու նրանց պահեր իր ազդեցության տակ: Իսկ հայերի շրջանում հայտնվեր մի իշխանավոր՝ Փաշինյան Նիկոլ անուն-ազգանունով, այդ տարածքը մեծահոգաբար զիջեր Ադրբեջանին: Հայտարարելով, որ դա անում է հարևան երկրի հետ հարաբերությունները բարելավելու նպատակով: Ու այդ դեպքում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի արտահայտությունն էլ կլիներ ճշմարիտ:
Այնինչ, այդ ամենը բացարձակ չի համապատասխանում իրականությանը: Արցախը մեր հայրենիքի մի մասն է՝ բնակեցված մեր հայրենակիցներով: Ու այն թշնամուց ետ էր գրավվել մեր հայրենակիցների արյան գնով: Ինչը նշանակում է, որ Արցախը թշնամուն հանձնելով մենք չենք ազատվել ռուսական լծից: Ավելին, մենք չենք եղել ռուսական լծի ներքո, որպեսզի մեր կողմից վարչապետ կարգված անձը դավաճանական քայլ կատարելով ազատեր մեզ այդ լծից: Ինչ մնոււմ է Ադրբեջանին, ապա նույնիսկ խորհրդային ժամանակաշրջանում Ադրբեջանը գտնվել է ոչ թե ստրուկի կարգավիճակում, այլ անընդհատ օգտվել է իր վիճակից: Ինչ մնում է անկախ Ադրբեջանին, ապա նա ազատվեց ռուսական ազդեցությունից, որովհետև խայտառակ պարտոթյան մատնելով մեր երկիրը, տարածաշրջանում դարձավ հեգեմոն: Հարց լուծող՝ ինչպես կասեր երբեմնի «դուխով» ենոքավանցին:
Իհարկե, հարց լուծող դառնալուն նպաստել են նաև Ադրբեջանի նավթագազային պաշարները, բայց դրանք առկա էին նաև նախկինների օրոք: Բայց նախկինների օրոք Ադրբեջանը հարց լուծող չէր: Դրա համար անհրաժեշտ էր, որպեսզի ողջախոհությունը կորցրած մեր ժողովուրդը մեկ մարդու նման 2018-ի գրանանը վերածվեր նիկոլականի: Ու նրա, որպես «չշշկռվելիք» գերագույն հրամանատարությամբ խայտառակ պարտություն կրեր 44-օրյա պատերազմում: Իսկ այնուհետև պետական մակարդակով հանձներ Արցախն: Եվ վերջապես պատերազմի սպառնալիքի ներքո երկու անգամ վարչապետ կարգեր խայտառակ պարտության խորհրդանիշ անձին: Ով ոչ միայն պարտության թիվ մեկ պատասխանատուն էր, այլև թիվ մեկ մեղավորը: Որովհետև եթե որևէ մարզական թիմ կամ երկիր պարտություն է կրում մրցությունում կամ պատերազմում, ապա դրա առաջին մեղավորը հենց թիմի կամ երկրի պատասխանատուն է: Հենց նրան են առաջին հերթին փոխում թիմի սեփականատերերը, որպեսզի նոր պատասխանատուն կարգի բերի թիմը: Ասվածը գործում է նաև երկրի առումով, որի սեփականատերը, դժբախտաբար, խեղճացված ժողովուրդն է:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր