Բաքուն և Անկարան քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացը
Tue, 15 Sep 2026 14:51:51 +0400

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ Բաքվում կայացած համատեղ մամուլի ասուլիսում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային գործընթացները, ինչպես նաև երկու երկրների միջև հետագա համակարգումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Բայրամովի խոսքով՝ հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի և Թուրքիայի միջև առկա տարածաշրջանային համագործակցության ձևաչափերին և դրանց հետագա զարգացման հեռանկարներին։
Բայրամովը հայտնել է, որ երկու կողմերը մանրամասնորեն կարծիքներ են փոխանակել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի և հետագա սրման ռիսկերի վերաբերյալ։
Ըստ նրա, թուրք գործընկերոջ հետ բանակցություններում առանձին քննարկման թեմա էր Հարավային Կովկասում անցյալ տարվա Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո ստեղծված իրավիճակը․ «Այսօր մենք կարծիքներ ենք փոխանակել այն հետագա քայլերի վերաբերյալ, որոնք Ադրբեջանը և Թուրքիան, գործելով համակարգված, կարող են ձեռնարկել մեր տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և բարգավաճում խթանելու համար»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր