«Վալդայ»-ի ամենամյա հանդիպումը Սոչիից տեղափոխել են այլ վայր․ ո՞րն է պատճառը
Tue, 15 Sep 2026 16:30:06 +0400

«Վալդայ» ակումբի ամենամյա հանդիպումը Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ՝ Ուկրաինայի ռազմական հարվածների սպառնալիքի պատճառով։
Տեղեկությունը հայտնում է Financial Times-ը։ Հրատարակության աղբյուրները հայտնել են, որ մասնակիցներին ուղարկված հրավերներում սկզբում նշված է եղել Սոչին, սակայն օգոստոսի վերջին նրանք տեղեկացվել են միջոցառման վայրի փոփոխության մասին։
Financial Times-ի երկու աղբյուրներ նշել են, որ տեղափոխման որոշումը կայացվել է ՌԴ նախագահական անվտանգության ծառայության պնդմամբ։
Սեպտեմբերի կեսերի դրությամբ միջոցառման կայքը նշել է, որ «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի 23-րդ տարեկան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը՝ Մոսկվայի մարզում։ Հանդիպման թեման է՝ «Ապագայի համար պատասխանատվություն. հնարավորի սահմաննե՞ր, թե՞ անսահման հնարավորություններ»։
Հրապարակումը նշում է, թե Պուտինը ինքը հիմա հազվադեպ է այցելում Սոչի, որտեղ գտնվում է նրա նստավայրերից մեկը։ Վերջին երկու տարիների ընթացքում, լրագրողների գնահատականներով, Ռուսաստանի նախագահը Սոչի է այցելել ընդամենը երկու անգամ՝ վերջին անգամ՝ 2025 թվականի հոկտեմբերին, երբ մասնակցել է «Վալդայ» ակումբի հանդիպմանը։ 2021 թվականին, Ուկրաինայի դեմ պատերազմի բռնկումից առաջ, Պուտինը Սոչի է այցելել 24 անգամ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր