«Չտեսներին» թվում է, թե հսկայական գործարաններ կառավարելը հեշտ բան է
Thu, 17 Sep 2026 13:15:46 +0400

Շաբաթներ առաջ լրագրողի դիտարկմանը, թե պետությունը կառավարիչներ է նշանակում Ձեր եւ Ծառուկյանի բիզնեսներում, Սամվել Կարապետյանը պատասխանել էր, թե «չտես մարդիկ են, ուզում են` թող մի քիչ կառավարեն», իսկ նրա կանխատեսումը, թե չեն կարողանալու, քարը քարին չեն թողնելու, դառնում է մարգարեություն։
Ցեմենտի շուկայում լրջագույն խնդիրներ են առաջացել՝ գինը նկատելիորեն թանկացել է, կա դեֆիցիտ, կառուցապատողները կանգնում են զգալի խնդիրների առաջ։ Այս պրոցեսը շարունակվելու դեպքում երկրում առաջանալու է նոր տնտեսական բազմաճյուղ ճգնաժամ։ Ակնհայտ է, որ խնդրի հիմքում մենեջմենթի պրոբլեմն է։ «Չտեսներին» թվում է, թե հսկայական գործարաններ կառավարելը հեշտ բան է՝ ամեն ինչ ինքն իրեն արվում է, փողերը գալիս են։
Նույն խնդիրը ՀԷՑ-ում է։ Ստրատեգիական այս համակարգը վերածվել է ՔՊ-ականներին բարձր աշխատավարձով աշխատանքի տեղավորելու հիմնարկի։ Թե սխալ, ոչ կոմպետենտ կառավարման արդյունքում ինչ կլինի՝ կառավարողներին չի հետաքրքրում։ Նման խոշոր ձեռնարկություններում պլանավորումը մեկ ամսվա կամ մեկ PR ակցիայի սահմաններում չէ։ Այս ձեռնարկությունների մենեջմենթը պահանջում է ճիշտ հաշվարկներ, ռիսկերի գնահատում, միջազգային կոնյունկտուրայի կանխատեսում, անընդհատ խոշորածավալ ներդրումներ եւ այլն։ Սրանցից ոչ մեկը թե՛ Ծառուկյանից ժամանակավորապես վերցված «Արարատցեմենտում», թե՛ Ս. Կարապետյանից ժամանակավորապես վերցված ՀԷՑ-ում, վստահորեն, չի արվում։ Արդյունքը լինելու է խոր ճգնաժամը։
Նույնը լինելու է Ծառուկյանի կոնյակի գործարանի հետ։ Մեծ դժվարությամբ, հսկայական ներդրումների, անձնական կապերի եւ երկար տարիների դժվար աշխատանքի շնորհիվ հայկական կոնյակը մտել էր միջազգային շուկա, վերականգնել իր դիրքերը։ Սա իր հերթին թույլ էր տալիս զարգացնել խաղողագործությունը Հայաստանում՝ ապահովել հազարավոր մարդկանց աշխատանքով ու եկամտով։ Իսկ այսօր շատ մեծ է հավանականությունը, որ սխալ մենեջմենթի արդյունքում հայկական կոնյակը կարող է կորցնել այդքան դժվարությամբ ձեռք բերած իր շուկաներն ու հեղինակությունը։ Իսկ գործ տապալելը բարդ բան չէ, այն էլ՝ կոնյակագործության պես նուրբ եւ բարդ ոլորտում։ Որակի մի փոքր անկում, եւ շուկան արձագանքելու է։ Հիմնական գնորդների հետ սխալ հարաբերությունների կառուցում, եւ շուկան կորսվելու է։ Ավելի բարդ խնդիրներից դեռ չենք խոսում։
Եվ այսպես՝ յուրաքանչյուր ոլորտ, յուրաքանչյուր ձեռնարկություն։ Սա բերելու է լուրջ ճգնաժամի։ Սրանից խուսափելու մեկ ճանապարհ կա՝ ձեռնարկություններն օր առաջ վերադարձնել իրական սեփականատերերին, տվյալ դեպքում՝ Ծառուկյանին եւ Կարապետյանին։ Ամբողջական կառավարումը հանձնել նրանց տնօրինությանը, սկսել բանակցություններ՝ հասցված վնասի հաշվարկի եւ փոխհատուցման շուրջ։ Եվ երբեք այլեւս փորձ չանել՝ որեւէ աշխատող բիզնես խլելու։ Չպետք է մոռանալ, որ Հայաստանը ռուսական տնտեսական սանկցիաների փուլում է, հավանաբար` սկզբնական փուլում, եւ տնտեսական ամբողջական ճյուղեր կրում են զգալի վնասներ։
Այս պայմաններում երկրի խոշոր եւ աշխատող ձեռնարկություններն անորակ մենեջմենթի պատճառով հասցնել ճգնաժամի՝ ուղղակի արկածախնդրություն է։ Երբ Հայաստանի համար գազի թանկացումն ավելի քան իրատեսական է, եւ ԿԲ նախագահը դա համարում է տնտեսության համար գրեթե ապոկալիպտիկ զարգացում, պահանջվում է խոշոր տնտեսվարողների եւ պետության փոխգործակցություն եւ ոչ թե կալանավորում, խլում ու անորակ մենեջմենթով կազմաքանդում։ Հարցն այստեղ նույնիսկ իրավականը չէ. այդ ձեռնարկությունները, միեւնույն է` վերադարձվելու են սեփականատերերին։ Հարցն իրական Հայաստանին հասցված իրական տնտեսական վնասն է։ Սա տեսնելով, ո՞ր ներդրողը կգա Հայաստան։
Արեգ Մարգարյան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր