Պայթյուն Թբիլիսիում․ որոնում են 7 մարդու, այդ թվում՝ 3 երեխայի
Thu, 19 Nov 2026 17:22:46 +0400

Այսօր՝ նոյեմբերի 19-ի առավոտյան, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի արվարձանային Քվեմո Պոնիչալա թաղամասի հինգհարկանի բնակելի շենքում ուժգին պայթյուն է տեղի ունեցել։ Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիի հաղորդմամբ՝ միջադեպի հետևանքով անհետ կորած է համարվում 7 մարդ, այդ թվում՝ 3 մանկահասակ երեխա։
Փլատակներից դուրս են բերվել և հիվանդանոց տեղափոխվել չորս տուժածներ, այդ թվում՝ մեկ անչափահաս։ Նրանցից մեկի վիճակը ծանր է։ Փրկարարական գործողությունը բարդացել է հենապատի թեքվելու պատճառով․ շենքի առջևի հատվածում աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են փլուզման վտանգի հետևանքով։
Նախարարի նախնական բացատրությամբ՝ պայթյունը կապված է հինգերորդ հարկում գազային ջեռուցիչը գործարկելու փորձի հետ։ Բնակիչները տարհանվել են, իսկ մասնագետները գնահատում են շենքի կայունությունը։ Քաղաքապետարանը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է հյուրանոցներում տեղավորել շենքի բոլոր 90 ընտանիքներին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր