Արեվմտյան մուրճի եւ ռուսական սալի արանքում
Fri, 18 Sep 2026 19:45:34 +0400

Նիկոլ Փաշինյանը երկու նախադասություն է արտասանում՝ տեղում հերքելով իր իսկ ասածը եւ բացահայտելով իր սուտը: «Հայաստանը երբեք չի բարձրացրել բազան դուրս բերելու հարցը, բայց եթե ՌԴ-ն որոշի դուրս բերել, Հայաստանը չի առարկի։ Որովհետեւ բազայի առկայությունը կենսական նշանակություն չունի ՀՀ-ի համար։ Եթե ՌԴ-ն ցանկանում է պահպանել բազան, մենք պատրաստ ենք քննարկել»,- խորհրդարանում ասում է Փաշինյանը՝ պատասխանելով ռազմաբազայի` Հայաստանում մնալ-չմնալու հարցին։ Մի կողմից նա ասում է, որ Հայաստանում որեւէ մեկը չի բարձրացրել ռազմաբազան դուրս բերելու հարցը, մյուս կողմից ասում է, որ եթե Ռուսաստանը ցանկանում է պահպանել ռազմաբազան, մենք պատրաստ ենք քննարկել: Եթե չեք բարձրացնում ռազմաբազայի հեռացման հարցը, ապա ի՞նչը քննարկեք:
Իրականությունն այն է, որ Փաշինյանը բազմիցս արտահայտվել է Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության դեմ՝ այդ ներկայությունը գնահատելով սպառնալիք Հայաստանի անվտանգության համար: Ահա մի հատված նրա 2023 թվականի խոսքից. «Վերջին շրջանում Ադրբեջանն իր ագրեսիվ գործողությունները արեւմտյան երկրների հետ հաղորդակցության ընթացքում բացատրում է հետեւյալ կերպ․ ասում է՝ մենք մտավախություններ ունենք, որ Հայաստանը եւ Ռուսաստանը համատեղ ագրեսիվ գործողություններ են նախապատրաստում Ադրբեջանի նկատմամբ, եւ մենք, ահա, կանխարգելիչ գործողություններ ենք ձեռնարկում: Մենք Ռուսաստանի մեր գործընկերների ուշադրությունը հրավիրում ենք այս փաստի վրա՝ արձանագրելով, որ իրենց չարձագանքման պայմաններում ստացվում է, որ ՌԴ ռազմական ներկայությունը ՀՀ-ում ոչ միայն չի երաշխավորում Հայաստանի անվտանգության համար, այլեւ ընդհակառակը՝ սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար»։ Փաշինյանի ասածն այն էր, որ Ռուսաստանը պետք է անվերջ արդարանար Ադրբեջանի առաջ՝ ասելով, թե, գիտեք, մենք ոչ մի ագրեսիվ բան չենք նախապատրաստում ձեր դեմ, կներեք, եթե այդպիսի ընկալում կա, մի բան, որ անընդհատ անում է ինքը: Ավելացնենք, որ Փաշինյանը Ռուսաստանին անընդհատ մեղադրել է իր իշխանության եւ Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումներ կազմակերպելու եւ նոյնիսկ հեղաշրջում իրականացնելու ցանկության մեջ:
Երեկ Փաշինյանը հերթական անգամ գործարք էր առաջարկում Ռուսաստանին, եւ այդ գործարքի պայմանները մի անգամ չէ, որ հնչեցվել են: Նա Ռուսաստանին ասում է․ եթե դուք որոշել եք բարձրացնել Հայաստանին մատակարարվող գազի սակագինը, որպես ճնշման գործիք, թույլ չտալու, որ Հայաստանը գնա ԵՄ-ին ինտեգրվելու ճանապարհով, ապա Հայաստանն էլ կարող է, ի պատասխան, դնել Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայության համար վարձավճար գանձելու հարցը: Ըստ ռուսական կողմի հաշվարկների, միայն գազի գնի թանկացումը` գնի համապատասխանեցումը միջազգային գներին, Հայաստանի տնտեսությանը կարժենա 1-1,2 միլիարդ դոլար։ Փաշինյանն ասում է, որ ինքը Ռուսաստանի ռազմաբազայի` Հայաստանում տեղակայման վարձավճարը գնահատում է տարեկան 2 միլիարդ դոլար, այնպես որ, Ռուսաստանին մի բան էլ լավություն է անում, կրկնակի զեղչ տրամադրելով նրանց:
Նման հարցերն ընդհանրապես քննարկվում են ոչ թե հրապարակային դաշտում, այլ բանակցությունների սեղանի շուրջ, փակ դռների հետեւում: Փաշինյանը կարող էր «էժան գազ` անվճար բազայի դիմաց» գործարքի մանրամասները քննարկել Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունների ժամանակ, որոնցից վերջինը տեղի է ունեցել Բիշքեկում: Երբ նման հարցերը դուրս են գալիս հրապարակային քննարկման դաշտ, նշանակում է՝ կա՛մ կողմերը բանակցությունների ժամանակ չեն կարողացել համաձայնության գալ, կա՛մ միտումնավոր են հարցը տեղափոխում հրապարակային դաշտ: Չի բացառվում, որ մենք գործ ունենք երկրորդ տարբերակի հետ, եւ փորձենք հասկանալ, թե ինչու: Թուրքիան, Ադրբեջանը եւ Արեւմուտքը`ԵՄ-ն, ճնշում են գործադրում Փաշինյանի իշխանության վրա՝ պահանջելով հնարավորինս արագ Հայաստանի տարածքից հեռացնել ռուսական ռազմաբազան, դրանով ապացուցել իր հավատարմությունը թուրքական աշխարհին եւ ԵՄ-ին ինտեգրվելու խոստում- հավաստիացումներին: Փաշինյանն էլ պատասխանում է, որ Հայաստանի համար բազայի առկայությունը կենսական նշանակություն չունի, անգամ Ռուսաստանն է պատրաստ հենց վաղը հանել իր ռազմաբազան, բայց հարցի գինը տարեկան 1,2 միլիարդ դոլար է, որովհետեւ բազայով մենք զսպում ենք գազի գնի բարձրացումը։ Դա միակ լծակն է, որով մենք կարող ենք ազդել Ռուսաստանի վրա՝ թույլ չտալու, որ մեզ մատակարարվող գազը չթանկանա: Երբ ԵՄ-ն կամ Ադրբեջանը պահանջում են հեռացնել ռուսական ռազմաբազան, արդյոք պատրա՞ստ են փոխհատուցել Հայաստանի կրելիք 1,2 միլիարդ դոլարը, չհաշված այլ հարակից ծախսեր, որոնք կարող են անհամեմատ ավելի մեծ լինել, պատրա՞ստ է Ադրբեջանը 165 կամ 177.5 դոլարով գազ մատակարարել Հայաստանին: Պատահական չէ, որ Հայաստանի ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը գազի գնի թանկացման հնարավորությունը գնահատում է ապոկալիպտիկ`աշխարհակործան, նկատի ունենալով, որ գազի գնի թանկացումը կարող է կործանարար լինել Հայաստանի տնտեսության համար: Ի դեպ, դա արվում է անմիջապես այն բանից հետո, երբ իշխող խմբակցության սորոսաթուրքահպատակ պատգամավորները հրապարակային հայտարարում են, որ գազի գնի թանկացումը չի կարող որեւէ վտանգ պարունակել Հայաստանի համար, Հայաստանը պատրաստ է դրան։ Նույնիսկ խոստանում են, որ Հայաստանը եւ ՀՀ քաղաքացիները բավարար գումար կունենան՝ թանկ գազի համար վճարելու, թե որտեղից` գաղտնի են պահում:
Թե որ սցենարի հետ մենք գործ ունենք, պարզ կլինի առաջիկա երեք ամիսներին, եթե Ռուսաստանը, այնուամենայնիվ, գնա գազի գնի բարձրացմանը, եւ, ի պատասխան, Փաշինյանը պահանջի ռուսական ռազմաբազայի դիմաց 2 միլիարդ վճարել կամ հեռանալ, կարող ենք արձանագրել, որ խաղը ոչ թե Ռուսաստանի, այլ Թուրքիայի եւ Արեւմուտքի հետ է:
Գազի գնի բարձրացումը տնտեսական հարց չէ, դա Հայաստանի ֆիզիկական գոյության հարցն է. գազի թանկացումը կհանգեցնի Հայաստանի տնտեսության կործանմանը, արդյունքում Հայաստանն ամբողջապես կհայտնվի թուրքական եւ ադրբեջանական հսկողության տակ:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր