2 հակադիր կարծիք ու 2 հակոտնյա հանրություն
Tue, 22 Sep 2026 09:00:09 +0400

Անկախության օրվա երկու իրարամերժ գնահատականներ էին երեկ սավառնում Հայաստանի Հանրապետության օդում: Մեկը գույներով ու տոնական համերգով ոգեւորվածների գնահատականն էր` հանրության իշխանամերձ հատվածի կողմից բարձրաձայնվող, որը բացառապես հիացմունք, ուրախություն, ինչ-որ աներեւակայելի ձեռքբերումների մասին էր խոսում: Մյուսը վտանգված անկախության համար տագնապած, կորուստներն ու ձախողումներն արձանագրող հանրության տեսակետն էր, հանրություն, որը հստակ տեսնում է, թե ինչ մանիպուլյացիաների ու կեղծ ուրախության միջով է անցնում այդ համոզմունքը:
Իհարկե, պետք չէ մարդկանց մեղադրել, որ չեն գիտակցում, թե ինչքան փխրուն եւ խախուտ են մեր պետականությունն ու մեր անկախությունն այսօր, թե ինչքան է մեծացել մեր կախումը մեր թշնամի երկրներից, եւ ինչպես են նրանք ամենօրյա ռեժիմով մեզ` մեր իշխանություններին թելադրում իրենց կամքը: Պետք չէ մեղադրել, քանզի «չտեսնողների» մի մասն ուղղակի կաշկանդված է ճշմարտությունը տեսնելու եւ բարձրաձայնելու հարցում, իսկ մյուս մասը գրագիտության եւ գիտելիքի պակասի, դյուրահավատության, իշխանական ամբիոններից լսածը հալած յուղի տեղ ընդունելու պատճառով դա չի տեսնում: Առհասարակ, վերջին տարիներին մեծ թվով լեգենդներ ու առասպելներ խորտակվեցին մեզանում: Մեկը մեր ազգի խելացի, խորաթափանց, իմաստուն լինելու մասին առասպելն էր:
Արդեն դժվարանում եմ նշել, թե մեր ազգի որ մասն է կազմում խելացի ու խորաթափանց հատվածը, որը՝ դեպքերը վերլուծելու, իրադարձություններից հետեւություններ անելու ունակություն ունի: Բայց այն, որ մեր ազգի մեջ կան այսքան շատ դյուրահավատներ եւ կույրեր, բոլորովին չի խոսում հայի հավաքական խելքի մասին: Կամ էլ խոսում է այն մասին, որ մեր ազգի խելացի հատվածն ակտիվ չէ, սրտացավ չէ, իր գաղափարները տարածող ու հանրայնացնող չէ, այլ պասիվ, խոհանոցներում բողոքող եւ անգրագետ հատվածին ենթակա մի հանրույթ է: Այս հատվածը չնայած վտանգները զգում եւ հասկանում է, որ բոլորս մի նավակում ենք, այսինքն` կործանվելիս միայն տգետներն ու հիմարները չեն կործանվելու, այլ մենք՝ բոլորս միասին, բայց լռում է, համակերպվում, հաշտվում եւ սպասում: Երեւի ինչ-որ հրաշքի հույսով:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր