Միշտ ենք պատրաստ եղել համախմբման, երբ այն իսկապես հանուն Հայաստանի է․ Թաթոյան
Thu, 24 Sep 2026 14:27:29 +0400

Ցավում եմ, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ սեփական սխալների ու ձախողումների պատճառները փորձում են փնտրել իրենցից դուրս։ Քաղաքականության մեջ կարևոր կարողություն է ինքնավերլուծությունը։ Չհիմնավորված նեղացվածությունը չի կարող փոխարինել դրան։
Սա հեռանկար չունեցող ու վտանգավոր մոտեցում է: Մանավանդ, որ հարցերը ներկայացվում են միակողմանի՝ շրջանցելով ամբողջական պատկերը։
Միշտ ենք պատրաստ եղել համախմբման, երբ այն իսկապես հանուն Հայաստանի է և ուղղված է մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած խնդիրների իրական լուծմանը։ Դրանցից կարևորներից է այն, որ բաժանարար գծեր ընդդիմության և հասարակության միջև պետք է ոչ թե ստեղծել կամ եղածները խորացնել, այլ վերացնել դրանք:
Վերջին չորս ամիսների ընթացքում մենք արել ենք կոնկրետ գործեր, որոնք հիմա անհրաժեշտ են Հայաստանին: Դրանց թվում զգալի մաս վերաբերում է սահմանային անվտանգությանն ու մեր քաղաքացիների պաշտպանությանը` տարբեր գյուղերում իրականացրել ենք նոր փաստահավաք աշխատանքներ, նախապատրաստել ենք մի քանի տասնյակ կոնկրետ գործեր մեր երկրի տարածքների օկուպացիայի, մեր ժողովրդի նկատմամբ շարունակվող մյուս հանցանքների վերաբերյալ: Ներկայում հատուկ [պաշտոնական] ընթացակարգերով դիմում ենք միջազգային կառույցներին` այս հարցերը միջազգային օրակարգ բերելու համար։
Հ.Գ. Ու քանի որ մենք հաշվետու ենք հանրությանը, առաջիկայում կներկայացնենք այս աշխատանքի արդյունքները, ինչպես նաև այն, թե ինչպես ենք դրանք պատրաստում հրապարակման և ինչպես ենք ներկայացրել միջազգային կառույցներին։
Արման Թաթոյան
ՀԳ․ Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը երեկ իր հարցազրույցում խոսել է այն մասին, որ ընդդիմադիր որոշ ուժեր իրենց սեւ գործն արեցին՝ նպաստեցին ՔՊ-ի վերարտադրությանը։ «Հրապարակը» եւս այսօր անդրադարձել էր այդ թեմային։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր