Հինգշաբթի , 26 Նոյեմբերի 2026

Լավ է ուշ, քան՝ երբեք

Լավ է ուշ, քան՝ երբեք

Thu, 26 Nov 2026 18:45:11 +0400


Փաշինյանը, կարծում եմ, շատ լավ հասկացավ, որ այս ամեն ինչի մեջ ամենաընդունելի բանն իր հրաժարականն է: Ըստ էության, պարզվեց, որ եթե ինքը չլինի, պատերազմ էլ չի լինի, եթե ինքը չլինի, խաղաղություն կհաստատվի, եթե ինքը չլինի, կանգ կառնի հասարակության դեգրադացիայի խայտառակ պրոցեսը, եթե ինքը չլինի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ ՀՀ ԱԺ-ի վրա հանրային ճնշում չի գեներացվի, եւ, վերջապես, եթե ինքը չլինի, կվերանա քաղաքացիական պատերազմի վտանգը: Ալիեւյան սահմանադրության ընդունել-չընդունելու հարց, իրականում, գոյություն չունի: Նույն ինքը՝ Ալիեւը, ապա՝ նաեւ Էրդողանը, Թրամփը, Պուտինը, բոլորը գիտեն, որ պարտված երկրին հաղթող երկրի թելադրանքով սահմանադրություն պարտադրելը նշանակում է պարտված երկրի՝ որպես քաղաքական սուբյեկտի ոչնչացում, ինչը չի կարող նորմալ համարվել 21-րդ դարում: Այլ խոսքով՝ Նիկոլի եւ Ալիեւի չոբանահաշիվը, այն է՝ Հայաստանին պարտադրել կապիտուլյացիոն սահմանադրություն, ոչ այլ ինչ է, եթե ոչ Հայաստանի ոչնչացման ուղիղ ճանապարհ:

Արժե՞ խոսել այն մասին, որ այս սահմանադրությունը Հայաստանին պարտադրվում է դրսից, պարտադրվում է պատերազմի հեռանկարով, պարտադրվում է ուժի դիրքերից, պարտադրվում է ներքին խուժանի ջանքերով, պարտադրվում է տարբեր ուժային կենտրոնների կողմից ՀՀ գործող իշխանությունների հետ հաշվեհարդար տեսնելու սպառնալիքով: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը Ադրբեջան եւ Հայաստան կատարած այցերից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրումը պայմանավորել է ՀՀ սահմանադրության փոփոխությամբ՝ փաստացի կրկնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ տարիներ շարունակ առաջ քաշած պահանջը։ Գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Վադեֆուլը հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի գործող սահմանադրության մեջ կամ ընդունի նորը: Ի՞նչ է նշանակում՝ «Հայաստանը պետք է կատարի» Ալիեւի պահանջը: Պարոն Վադեֆուլ, կարդացեք, խնդրեմ, Գերմանիայի Դաշնության սահմանադրության հիմնարար կարգավորումների 2-րդ հոդվածը.
«Ես հայտարարում եմ, որ չեմ աջակցում եւ երբեւէ չեմ աջակցել այն ձգտումներին, որոնք․
ա) ուղղված են ազատ ժողովրդավարական հիմնարար կարգի, դաշնային կառավարության կամ պետության գոյության կամ անվտանգության դեմ, կամ
բ) նպատակ ունեն անօրինական կերպով միջամտել Դաշնության կամ երկրի սահմանադրական մարմինների, կամ նրանց անդամների պաշտոնավարմանը, կամ
գ) ուժի կամ դրան ուղղված նախապատրաստական գործողությունների միջոցով վտանգել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին շահերը»:

Կարդացի՞ք: Եվ ի՞նչ՝ լա՞վ եք զգում Ձեզ, որ դժվար կացության մեջ հայտնված Հայաստանին, հանուն հորինված խաղաղության, «ստիպում եք» ընդունել մի բան, որ արգելված է հենց ձեր սահմանադրությամբ, մի բան, որ «ուղղված է ազատ ժողովրդավարական հիմնարար կարգի, ՀՀ կառավարության կամ պետության գոյության կամ անվտանգության դեմ, կամ նպատակ ունի անօրինական կերպով միջամտել Հայաստանի Հանրապետության կամ նրա սահմանադրական մարմինների կամ նրանց անդամների պաշտոնավարմանը, կամ ուժի կամ դրան ուղղված նախապատրաստական գործողությունների միջոցով վտանգել Հայաստանի Հանրապետության արտաքին շահերը»:

Այս օրերին Ադրբեջանից, Թուրքիայից, Գերմանիայից, ինչու ոչ՝ ԱՄՆ-ից հնչող քաջալերական հայտարարությունները, ուղղված Նիկոլ Փաշինյանին, վերջինիս պահվածքը՝ քաջություն, իսկ ձեռնարկած սահմանադրական փոփոխությունները համարձակ քայլ որակելը հստակ ապացույցն են այն բանի, որ Հայաստանին իրականում պարտադրվում է մի փաստաթուղթ՝ հիմնական օրենք, որով մեր երկիրը վերածվելու է ամենաաննշան քաղաքական գործոնի՝ չունենալով ոչ մի շանս՝ միջամտելու իր համար անգամ կենսական նշանակություն ունեցող հարցերի միջազգային կարգավորմանը:

Հասկանո՞ւմ է Նիկոլ Փաշինյանն այս հասարակ բանը: Կարծում եմ՝ հասկանում է կամ էլ արդեն այս տարիների ընթացքում է հասկացել, որ իր անձով են պայմանավորված մեր անվտանգության բոլոր մարտահրավերները: Ու դա է երեւի պատճառը, որ արդեն «խորհրդածում է», իսկ ես կասեի՝ «բացահայտ խոսում է» իր հեռանալու մասին: Այո, նա գտել է իրավիճակը «փրկելու» միակ ելքը: Նա պետք է հեռանա: Ափսոս՝ արդեն ուշացած:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սկսվել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ հանդիպումը

Սկսվել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ հանդիպումը Thu, 26 Nov 2026 13:46:03 +0400 «Խաղաղության կամուրջ» …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով