Հինգշաբթի , 24 Սեպտեմբերի 2026

ՏԻՄ ընտրությունների նախօրյակ

ՏԻՄ ընտրությունների նախօրյակ

Thu, 24 Sep 2026 18:45:31 +0400


Ձուկը գլխից է հոտում, Հայաստանը՝ կենտրոնական իշխանությունից: Երեւանը, որ ամենամոտն է կենտրոնական իշխանությանը, իսկ մենք դա տեսանք, հոտեց առաջինը: Երեւանն աշխարհի այն եզակի քաղաքներից է, որտեղ ապրելը դարձել է անհնար: Որեւէ գաղտնիք չկա այստեղ: 2018-ի թավշյա խեղկատակությունից հետո նախ իշխանությունը փոխվեց Երեւանում: Բա հո Կապանում կամ Գորիսում չէ՞ր փոխվելու: Ավինյանը, որ 2018 թվականից այս կողմ եղած Երեւանի քաղաքապետներից 3-րդն է եւ 1-ինը՝ խոստումները չկատարելու գծով, այլեւս «փոքրիկ Նիկոլ» է, իսկ Երեւանի ավագանին՝ փոքրիկ ԱԺ, որ աշխատում է ինչպես խորհրդարանը՝ կռիվ, վեճ, վիրավորանքներ, տփոց-մփոց, անվտանգության ուժեր… Չմոռանանք, որ Ավինյանն ու Նիկոլը նույն կուսակցությունից են, իսկ այդ պարագայում նեխելու պրոցեսը կամ ախտահարումն ավելի արագ է գնում:

Հայաստանն առանձնապես ընդարձակ երկիր չէ, սակայն դիտարկումները ցույց են տալիս, որ կենտրոնական իշխանության եւ Երեւանի հարակից մարզերը փչանալ սկսել են ավելի շուտ, քան հեռավոր մարզերը: Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերը եւ Արագածոտնի մարզի աշտարակամերձ հատվածն այնքան արագ դարձան ՔՊ-ական, որ նույնիսկ չհասցրինք նկատել: Մինչդեռ Սյունիքը, Շիրակը, Լոռին, Գեղարքունիքը, Վայքը, անգամ Տավուշը դեռ փորձում էին դիմադրել:

Հիշում եք, չէ՞, թե Փաշինյանը Վանեցյանի հետ ինչ «կոտորած» սարքեց Տավուշում, ինչ է թե անտառտնտեսությունն իրենով անի եւ ՔՊ իշխանություն հաստատի այդ «հեռավոր» մարզում: Գյումրին ու Վանաձորը իսկական «բոյ տվեցին» կենտրոնական իշխանության դեմ: Մինչեւ այսօր էլ այդ քաղաքներում Նիկոլն իշխանություն չունի: Գյումրիում մի տեւական շրջան Սամվել Բալասանյանի հետ «սմենով» իշխանություն աշխատեցին, հետո Վարդան Ղուկասյանը ՔՊ-ի «մեր Սարիկին» պարտության մատնեց ու դարձավ քաղաքապետ: Վանաձորում իրադարձություններն ավելի բուռն զարգացումներ ունեցան, ընդհուպ՝ ներքին դավաճանություն: Գլխավոր դերում «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը (այն ժամանակ դեռ պաշտոն չուներ), կարելի է ասել, քաղաքի դռները բացեց կենտրոնական իշխանության առաջ եւ բռնել տվեց ընտրություններում հաղթանակ տարած Մամիկոն Ասլանյանին: ՔՊ-ն Վանաձորում շատ արագ տապալեց սահմանադրական կարգը՝ ձեւավորելով մի ավագանի, որ ոչինչ չկարողանա անել քաղաքի եւ նրա բնակիչների համար: Այսօր էլ Փաշինյանը վախենում է Վանաձորից, փորձում է ինչ-որ ՔՊ-ական համայնքներ միացնել քաղաքին, որ կարողանա իշխանություն հաստատել Լոռու մայրաքաղաքում:

Հանուն ՔՊ-ի իշխանության, տեղական նշանակության «մարտեր» տեղի ունեցան Մասիսում, Փարաքարում, Ալավերդիում, Վաղարշապատում, որոնք, սակայն, ընդամենը ժամանակավորապես դանդաղեցրին այդ համայնքների նեխման պրոցեսը:
Սպասելի էր, որ Սյունիքը կդիմադրի մինչեւ վերջ, եւ կենտրոնական իշխանության նեխահոտն այնտեղ չի հասնի: Փաշինյանը հասկանում էր դա եւ Տավուշում սկսված «հանձնումների» գործընթացը (սահմանազատում, սահմանագծում) մոտեցրեց Սյունիքի սահմաններին: Սեւ լիճն ու Գորիս-Կապան ճանապարհն արդեն տվել էր, Ջերմուկի բարձունքներից էլ հրաժարվեց ու նստեց Տիգրանաշենի տակ: Ավելի առաջ գնալ չէր համարձակվում, քանզի «սյունյաց ողջույնների» շորշոփը դեռ չէր անցել: Սյունիքը «գրավելու» հարցում Փաշինյանին ավելի «խոշոր ուժեր» էին պետք, եւ նա այդ օգնությունը ստացավ Սյունիքի հարավից՝ TRIPP-ի տեսքով, այսինքն՝ Ալիեւի, Էրդողանի եւ Թրամփի ձեռքով: Այս իրավիճակում նույնիսկ իշխանությունը չի համարձակվում Սյունիքի ՏԻՄ ընտրություններում սեփական թեկնածուով հանդես գալ՝ «լավ տղերքի» հետ դաշինքներ է կազմում, չգիտես ինչ մախինացիաներ է անում: Կօգնի՞ դա, չգիտեմ… Փաշինյանի հետ «նեխման պրոցեսի» գագաթնակետում հայտնված Վահագն Հովակիմյանը ահուսարսափի մեջ է՝ բա որ չստացվի՞, բա որ Սյունիքում անհրաժեշտ քանակությամբ երկոտանի չճարվի՞, որ ՔՊ-ի ձեւավորած դարակազմիկ դաշինքներին ձայն տա… Բա որ չկարողանա՞ նկարել:

Մի խոսքով, սիրելի հայրենակիցներ, ձուկը գլխից է հոտում, Հայաստանը՝ կենտրոնական իշխանությունից: Ու պետք է ասեմ, որ արդեն ահագին հոտել է: Երեւանից ու հարակից մարզերից էլ հույս չկա: Մնացել են Շիրակը, Լոռին, Արագածոտնի լեռնային հատվածները եւ բոլոր կողմերից շրջափակված Սյունիքը: Պետք է փորձենք ՏԻՄ ընտրություններով դանդաղեցնել ՔՊ-ի մետաստազների տարածումն ու երկրի վերջնական մահը: Ի՞նչ է մտածում ընդդիմությունն այս ուղղությամբ, մտածո՞ւմ է, թե՞ որոշել է տուրք տալ Փաշինյանի բռնաճնշումներին եւ չպայքարել նեխման դեմ: Ո՞ւր են ընդդիմության թեկնածուները, այս ի՞նչ անդարդ վիճակ է: Ընտրությունները մոտենում են, իսկ ՔՊ-ին դիմադրող համայնքներում ժողովուրդն անտեր է մնացել կենտրոնական իշխանությունների եւ Վահագն Հովակիմյանի դեմ:

ՀԳ. Ես իմ կոչը Վանաձորի հայությանն արդեն արել եմ՝ ոչ մի քոռ քվե ՔՊ-ին: Մասնակցեք ընտրություններին եւ ապացուցեք, որ Վանաձորը մերժում է հայրենադավություն կոչվող փտախտը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան

Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Thu, 24 Sep 2026 14:00:02 +0400 Փաշինյանն անհավասարակշիռ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով