«Հրապարակ». Դպրոցում երկիշխանություն հաստատելը սխալ էր
Fri, 25 Sep 2026 12:45:54 +0400

Արդեն մի քանի տարի է, ինչ դպրոցներում երկիշխանություն է հաստատվել` կառավարությունը որոշեց տարանջատել դպրոցի տնօրենի բովանդակային եւ վարչատնտեսական գործառույթները: Դպրոցի տնօրենի վրա է մնացել կրթության որակի պատասխանատվությունը, իսկ շենքի, գույքի պահպանության, ֆինանսական, վարչատնտեսական պատասխանատվությունը վարչական մասի ղեկավարի գործառույթն է: Այսինքն, դպրոցներում երկու ղեկավար անձ կա, եւ սա, ինչպես ժամանակին զգուշացնում էին փորձագետները, շատ դպրոցներում քաոսային իրավիճակ է ստեղծել: Այն դպրոցներում, որտեղ վարչատնտեսական գծով տնօրենը տվյալ կոլեկտիվի անդամ չի եղել, դրսից է նշանակվել այդ պաշտոնին եւ ըստ էության չի ենթարկվում ուսումնական գծով տնօրենին, կոնֆլիկտներ են ծագում, կոլեկտիվը պառակտվում է եւ այլն:
Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով այս թեմայի մասին, ասում է. «Դպրոցների կառավարման այս մոդելը որոշ երկրներում աշխատում է, իհարկե, բայց Հայաստանում այն ներդրվել է առանց մեր հասարակության ավանդույթները հաշվի առնելու: Մեզանում քիչ չեն այնպիսի դպրոցները, որոնց մարդիկ ճանաչում են ոչ թե դպրոցի համարով, այլ՝ տնօրենի անունով: Գաղտնիք չէ, որ երկար տարիներ դպրոցները ղեկավարում են նույն տնօրենները, եւ յուրաքանչյուր դպրոց տարիների ընթացքում մի քիչ նմանվում է տնօրենին, անգամ ուսուցիչները նմանվում են տնօրենին, կամ այլ հաստատությունից այնպիսի ուսուցիչներ են գալիս, որոնք նման են տվյալ դպրոցի տնօրենին եւ այլն: Այդպիսի դպրոցները բոլորիս են հայտնի, մարդիկ դպրոցի համարը չեն հիշում, բայց տնօրենի անունը հիշում են: Այս իրավիճակում դպրոցում երկիշխանություն հաստատելն անկարելի էր ու սխալ: Այն կոտրում է իմ նշած իրավիճակը: Ստեղծվում է մի իրավիճակ, երբ դպրոցի ուսումնական գծով տնօրենը չի կարողանում իր լիազորությունները տարածել բոլորի վրա, որովհետեւ ի հայտ է եկել երկրորդը, ընդ որում, ուսումնական գծով տնօրենի համար որեւիցե պահանջ` կրթության հետ կապված եւ այլն, չկա: Դպրոցների վարչական գծով տնօրենները հիմնականում իշխանության կատարածուներն են, որովհետեւ ֆինանսները ղեկավարում են իրենք, եւ ուսումնական գծով տնօրենը պետք է ենթարկվի իրեն: Այս ամենն առաջացնում է լարվածություն, կոլեկտիվը երկու մասի է բաժանվում, սրա կողմնակիցների, նրա կողմնակիցների, եւ այդ ամենը որեւէ կերպ, առանց այդ էլ կրթության վատ որակի լավացմանը չի նպաստում: Այս իշխանության պարագայում չի կարող փոխվել դպրոցների կառավարման այս մոդելը, սակայն այդ փոփոխությունն անհրաժեշտություն է: Հիմա էլ մարզային բոլոր դպրոցներն են ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ մտցրել: Այս ամենը թողնելու է մի շարք վատ հետեւանքներ: Տեղական առանձնահատկություններն այլեւս հաշվի չեն առնվելու: Եթե նախկինում դպրոցները ղեկավարում էին այնպիսի մարմիններ, որտեղ ներառված էր ծնող, մարզպետարանի, համայնքապետարանի ներկայացուցիչ եւ այլն, եւ նրանք այնպես էին շահերը դնում սեղանին, որպեսզի համայնքին օգտակար լիներ աշխատանքը, ապա այլեւս այդ սկզբունքները չեն գործելու»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր