Ոստիկանապետը դատի է տվել քաղաքապետին
Sat, 26 Sep 2026 19:00:21 +0400

ԱՄՆ Մինեսոտա նահանգի Սենթ-Փոլ քաղաքի ոստիկանապետ Աքսել Հենրին դատի է տվել քաղաքապետ Քաոլի Հերին՝ մեղադրելով նրան սեքսուալ հետապնդման ու սեքսուալ ոտնձգությունների մեջ։ Այս մասին հայտնում է New York Post պարբերականը։ Քսանութամյա հայցատուի խոսքերով՝ Սենթ-Փոլի պատմության մեջ առաջին կին քաղաքապետը սկսել է իրեն անվայելուչ պահել երդմնակալությունից կարճ ժամանակ անց։
Հենրին նաեւ ասել է, որ իշխանություններին գանգատ ներկայացնելուց հետո՝ իր դեմ սկսվել են ճնշումներ։ Քաղաքապետի վարքագծի հետ կապված նույնիսկ անկախ հետաքննություն է անցկացվել, որը եզրակացրել է, որ քաղաքապետ Հերը իրեն պահում է վիրավորական կերպով։ Այդ եզրակացությունից հետո էլ՝ ոստիկանապետ Հենրին դատարան հայց է ներկայացրել։ Քաղաքապետն իր հերթին ներողություն է խնդրել պատճառած ցանկացած անհարմարության համար եւ ասել, որ չափից դուրս ոչ պաշտոնական է եղել ու հատել է թույլատրելիության եւ վայելչության սահմանները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր