«Բոլոր այս քայլերը մեկ բան են ցույց տալիս»
Mon, 28 Sep 2026 13:55:05 +0400

Արցախի նախկին պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը Հայաստանի ներքաղաքական և Արցախի հարցի շուրջ ստեղծված իրավիճակը գնահատել է՝ ուշադրություն հրավիրելով մի շարք քաղաքական գործիչների նկատմամբ իրականացվող քրեական գործընթացների և սահմանափակումների վրա։
«Արցախը երեք տարի անց․ փաստեր, քաղաքական պատասխանատվություն և ապագայի օրակարգ» խորագրով քննարկման ժամանակ նա նշել է, որ իր գնահատմամբ՝ այն գործիչները, որոնք կարող էին էական փոփոխություններ նախաձեռնել Հայաստանում, ներկայումս տարբեր իրավական սահմանափակումների պայմաններում են։ Նրա խոսքով՝ Հայաստանի երկրորդ նախագահը գտնվում է կալանքի տակ, երրորդ նախագահի նկատմամբ ընթանում է քրեական գործընթաց, Գագիկ Ծառուկյանը ևս կալանավորված է, իսկ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։
Իսկանդարյանը նշել է, որ այս հանգամանքների համադրումը, իր գնահատմամբ, վկայում է Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության ուղղության մասին։ Նա պնդել է, որ իշխանությունների ներկայիս քաղաքականությունը երկիրը տանում է այլ ճանապարհով։
Անդրադառնալով Արցախի թեմային՝ Իսկանդարյանը նշել է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները շարունակում են գտնվել Բաքվում։ Նրա խոսքով՝ այդ մարդիկ այնտեղ են հայտնվել Արցախի բնակչության շահերն ու դիրքորոշումը ներկայացնելու իրենց գործունեության պատճառով։
Նախկին պետնախարարը նաև խոսել է Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած հանդիպման մասին՝ նշելով, որ կառավարության լիազոր ներկայացուցիչները քննարկման ընթացքում լքել են դահլիճը և չեն պատասխանել բարձրացված հարցերին։
Նրա խոսքով՝ մտահոգության առանձին պատճառ է նաև Արցախի ներկայացուցչության շենքի հետ կապված իրավիճակը։ Իսկանդարյանը նշել է, որ առաջիկայում նախատեսվում է վերցնել այդ շենքը, որն, ըստ նրա, վերջին շրջանում օգտագործվում է նաև որպես ապաստարան՝ Արցախից տեղահանված մարդկանց համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր