Երկուշաբթի , 19 Հոկտեմբերի 2026

Հայրենասերների փոքրիկ հաղթանակը Նիկոլենց դեմ

Հայրենասերների փոքրիկ հաղթանակը Նիկոլենց դեմ

Mon, 28 Sep 2026 17:15:35 +0400


Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերությամբ սեփական համերգի ցուցադրության համար Թաթա Սիմոնյանը հրապարակային ներողություն է խնդրել եւ նշել, որ հեռարձակումը կատարվել է առանց իր հետ համաձայնեցնելու: Նման համաձայնեցման կարիք չկար` համերգը Հանրայինի սեփականությունն էր: Բայց պարզ է, որ ոչ ինքը, ոչ Հանրայինն այդ առումով խնդիր չէին ունենա, եթե սոցիալական ցանցերով դրա դեմ շարժում չսկսվեր: Ինչ մնում է Հանրայինի ղեկավարության ներողությանը, ապա այն անսովոր է: Եվ ոչ միայն անսովոր է՝ այլև նիկոլական «իրական Հայաստանի» ոգուն անհարիր: Որովհետև սեպտեմբերի 21-ին կայացած համերգի՝ սեպտեմբերի 27-ի ցուցադրությունն, ընդհակառակը, ամբողջովին տեղավորվում է «իրական»-ի գաղափարախոսության մեջ: Այն է՝ Նիկոլի վարչապետությամբ գեներացված դաժան անցյալը մոռացության մատնելը՝ լինի այն պատմական, թե մեր օրերի անցյալ:

Այդ դեպքում կարող է հարց առաջանալ, թե ինչո՞ւ ներողություն խնդրեց Հանրայինը: Որովհետև գիտակցեց, որ հատեց մինչ այդ անտեսանելի կարմիր գիծ, ինչն ինքնին խիստ զարմանալի է: Փաստորեն, հեռուստաընկերությունում ընդունեցին, որ «իրական»-ի ոգուն համապատասխան երևույթը կարող է վտանգավոր լինել գործող իշխանության համար: Դա էլ, իր հերթին, նշանակում է, որ հզոր թափով մարդկային բողոքն, այնուամենայնիվ, լուրջ գործոն է: Եթե նույնիսկ այն կազմակերպված չէ որևէ կենտրոնից: Կասեի ավելին՝ բողոքի հաջողությունը հենց որևէ կենտրոնից կազմակերպված չլինելու մեջ էր: Ինչն էլ վկայում է, որ դա շատ ավելի վտանգավոր է իշխանության համար: Որովհետև առկա չէ մարդկային մեծ խումբ, որին հնարավոր էր չեզոքացնել՝ ղեկավարությանը ձերբակալելով:

Դա էլ ցույց տվեց, որ 2018-ի ապրիլյան իրադարձություններից ութուկես տարի անց հնարավոր է հաղթանակ տանել իշխանության նկատմամբ՝ որքան էլ այն փոքր լինի: Դա՝ մեկ: Երկրորդ, դա տեղի ունեցավ տարերային բողոքի շնորհիվ: Տարերային կոչվածը չի մերժում առանձին փոքր խմբերում կազմակերպիչների առկայության հանգամանքը: Բայց դրանք աչքի համար կարող են անտեսանելի լինել: Քանի որ իրավապահները վստահաբար ժամանակ չեն կորցնի մի քանի հոգի ներառող խմբի բաց խոսակցությունը մոնիտորինգ անելու համար: Փոքրաթիվ խմբերի թուլությունը՝ երբ դրանք բազմապատկվում են տասնյակներով կամ հարյուրներով, վերածվում է հզոր շարժման: Այդպես էր, օրինակ, կազմակերպվում ընդհատակյա պայքարը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիայի կողմից գրավված բնակավայրերում: Եվ կապ չունի, թե դրանք որտեղ էին գտնվում՝ Սովետական Միությունում, թե Ֆրանսիայում:

Հուսով եմ, որ ընդդիմադիր հայացքներ ունեցողների շրջանում չեն գտնվի մարդիկ, ովքեր ինձ կմեղադրեն «գաղտնիք» բացահայտելու մեջ: Այնպես, ինչպես դա տեղի ունեցավ 2020-ի գարնան վերջին, երբ Հրանտ Բագրատյանը մեղադրվեց, թե «իշմար» է տալիս ադրբեջանցիներին: Հիշեցնեմ, որ վերջինս հայտարարել էր, որ եթե Ադրբեջանը ցանկություն ունի հարձակվելու Արցախի վրա, ապա ընթացիկ աշունը դրա լավագույն ժամանակը կլիներ: Դա որպես նախազգուշացում էր արվել դեռևս «դուխով» Նիկոլին: Բայց «դուխովը» բանի տեղ չդրեց այն, իսկ անուղեղ նիկոլական զանգվածը Ֆեյսբուքում հարձակվեց Բագրատյանի վրա: Այն մարդու, ով հայոց ճակատագիրն ընկալում է որպես անձնական ողբերգություն: Ի տարբերություն վաղուց արդեն ոչ «դուխով» Նիկոլի՝ ով իր վարչապետությամբ այդքան արհավիրքներ բերեց մեր գլխին: Ու շարունակում է այդ գործընթացը՝ աջակից ունենալով նույն անուղեղ զանգվածին:

Ինչևէ, իմ այս հոդվածի իմաստը, նախ, ոգի սերմանելն է հայրենասերների շրջանում՝ ցույց տալով, որ հնարավոր է հաղթանակ տանել Նիկոլի դեմ: Հաղթանակ՝ որքան էլ այն առաջին հայացքից փոքր լինի: Երկրորդ, որ հենց այդ՝ փոքրաթիվ խմբերով փոքրիկ հաղթանակների ճանապարհը պետք է ընտրվի հետագա ամբողջական հաղթանակի համար: Ինչը տեղի կունենա՝ երբ դրանք կգեներացնեն համազգային շարժում: Որի միջից կծնվի այն անձնավորությունը, ով կառաջնորդի այդ շարժումը՝ հանուն Հայաստանի փրկության:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Մեր իշխանությունները հայ ժողովրդին ուզում են դարձնել այն խոզը, որը չունի որեվիցե իղձ, նպատակ, ծրագիր

«Հրապարակ». Մեր իշխանությունները հայ ժողովրդին ուզում են դարձնել այն խոզը, որը չունի որեվիցե իղձ, նպատակ, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով