Երեքշաբթի , 29 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ Մեզ` ծնողներիս, ոչ մեկը չի հիշի, եթե չլինեն ձեզ նման լրագրողները

«Հրապարակ»․ Մեզ` ծնողներիս, ոչ մեկը չի հիշի, եթե չլինեն ձեզ նման լրագրողները

Tue, 29 Sep 2026 11:15:46 +0400


Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, Արցախի հերոս, մերօրյա լեգենդ դարձած Ալբերտ Հովհաննիսյանի նկարը պատկերված էր «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի աջակողմյան հատվածի պատին։ Այն կարճ ժամանակում դարձել էր սրբավայր․ երբ մարդիկ այցելում էին «Հաղթանակ» զբոսայգի, նաեւ ծաղիկներ էին խոնարհում հերոսի նկարի առջեւ։ Երեւանի քաղաքապետարանը որոշել է նորոգել այդ պատը` ջնջելով հերոսի նկարը: Նրա հայրն անդրադարձել էր կատարվածին, իր էջում գրելով. «Սրբապիղծնե՛ր, արդեն ամեն ինչ պարզ է՝ շատ լավ երեւում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին։ Բայց մի բան հիշե՛ք․ դուք եւ ձեր ժառանգները պատասխան եք տալու ոչ թե որեւէ մեկի բռնության, այլ հենց պատմության, հիշողության եւ ճշմարտության առաջ։ Եվ հիմա ձեզ եւս մեկ փաստ ներկայացնեմ։

Արցախի հերոս, թշնամու ահուսարսափ Ալբերտ Հովհաննիսյանի նկարները կան նաեւ արտերկրում։ Եթե փորձում եք ջնջել նրա պատկերներն այստեղ, իմացե՛ք՝ դրանք միայն այստեղ չեն։ Իսկ եթե կարողանաք, փորձեք նաեւ թշնամու լրատվամիջոցներից ջնջել այն հրապարակումները, որտեղ տարիներ շարունակ նրան ներկայացրել են որպես իրենց հերոս զինվոր, իրենց համար խորհրդանիշ։ Որը պատկերված էր իրենց թերթի առաջին էջում, կասեմ՝ ապրեք: Բայց՝ չէ, դուք փորձում եք մեզանում ջնջել, բայց չի ստացվի: Բայց որքան էլ փորձեք ջնջել լուսանկարները, գրառումները կամ հրապարակումները, մեկ բան չեք կարող ջնջել՝ մարդկանց հիշողությունը։ Ալբերտ Հովհաննիսյանի անունը պատկանում է իր պատմությանը, իր հայրենիքին եւ իր ժողովրդին։ Նրա սխրանքը ոչ մի խմբագրության որոշմամբ, ոչ մի ջնջումով եւ ոչ մի վերաշարադրմամբ չի դառնալու ուրիշի պատմության մասը։ Փաստերը կարելի է թաքցնել, լուսանկարները՝ հեռացնել, բայց պատմությունը չի մոռանում։ Հիշե՛ք սա։ ՀԳ. 0 արձագանք ճիվաղներից, գիշերով, թիկունքից, թշնամու նման նենգաբար են գործում…»։ Կատարվածից օրեր անց «Հրապարակը» զրուցել է Ալբերտ Հովհաննիսյանի հոր` Արտակ Հովհաննիսյանի հետ:

– Իշխանությունները հետեւողականորեն կրթական հաստատություններից հեռացնում են հերոսներին առնչվող փառքի անկյունները, դասագրքերից հանում են Արցախյան պատերազմին առնչվող հատվածները, պատերազմի օրերին սգո կամ գոնե լռության օր հայտարարելու փոխարեն փառատոներ են կազմակերպում, իսկ մեր հարկերից սնվող Հանրային հեռուստաընկերությունը հենց սեպտեմբերի 27-ին որոշում է ուրախ համերգ եթեր հեռարձակել, եւ բանը հասել է շենքերի պատերից հերոսների պատկերները հեռացնելուն: Ի վերջո պարզվե՞ց, թե ում նախաձեռնությամբ էր դա արվել:

– Այդ ամենն արվել է Երեւանի քաղաքապետարանի հրահանգով: Ասում են, որ վերանորոգման աշխատանքներ են սկսել, այդպես են մեկնաբանում: Ասացին, որ իրենց բացթողումն է, որ չեն զգուշացրել մեզ, չեն տեղեկացրել նախապես, բայց թե հետո ինչ կանեն, կնկարե՞ն նորից, ոչ մի հստակ պարզաբանում չեն տվել: Պետք է ինձ պատասխան տան, բայց մինչ այս պահը որեւէ լուր չունեմ:

– Այսինքն` եթե զգուշացնեին, հետո նոր Ալբերտի նկարը ջնջեին, դրանից ի՞նչ էր փոխվելու:

– Այստեղ խնդիրն այն է, որ եթե գային ասեին` վերանորոգում ենք շենքը, հետո նորից անպայման կնկարենք, ես գիտակից մարդ եմ: Եթե ծնողին զգուշացնեն, ծնողը ըմբռնումով կմոտենա այդ հարցին, կհասկանանք, որ քաղաքի համար իբր լավ բան են անում, մեր երեխաների համար են անում, բայց երբ առանց մեզ զգուշացնելու նման բան են անում, ես դրա ճիշտը չեմ կարող տեսնել:

– Բայց այդ արդարացումներին հավատո՞ւմ եք: Արցախի հայաթափման օրը փառատոներ կազմակերպեցին` արդարացան, թե հո սուգը հավերժ չէ՞, սեպտեմբերի 27-ին Հ1-ով համերգ ցուցադրեցին` արդարացան, թե առանց հետին մտքի է դա եղել, հիմա էլ հերոսի նկարը ջնջելու համար են արդարացում գտել: Չե՞ք կարծում, որ այսքան զուգադիպությունները տարօրինակ են:

– Մենք խելացի, գիտակից մարդիկ ենք: Այնպես չէ, որ հավատում ենք այդ արդարացումներին: Պաշտոնյա են, բայց ներկայանում են իբրեւ միամիտ են, բա որ էդքան միամիտ են, ո՞նց են էդ պաշտոններին հասել: Ես չեմ հավատում, որ միամիտ են, ու այդ ամենը պատահական չի արվում: Ինչ վերաբերում է Հ1-ի համերգին, տեսա, որ Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել, ասել է, որ ինքը կապ չունի այդ ամենի հետ, բայց եթե այդպես է, թող Հ1-ին պատասխանատվության ենթարկեն, ցանկացած նորմալ երկրում, եթե Հանրային հեռուստաալիքը նման բան աներ, ժողովուրդն ազգի դավաճանի պիտակ կկպցներ: Բայց մեր երկրում լիքը թափոններ կան, եւ նրանք այս ամենը նորմալ են համարում, ի՞նչ ա եղել որ, հո սաղ օրը չե՞նք սգալու: Էդպես են արդարանում: Դե, եթե ձեր տանն էլ զոհ լիներ, էդ ժամանակ կերեւար՝ սգում ես, թե ոչ: Մենք` ծնողներս, եթե անգամ ժպտում ենք, դա չի նշանակում, որ ուրախ ենք: Դանակը ոսկորին է հասել, որոշել եմ ասուլիս կազմակերպել: Ես Եռաբլուր եմ գնում ժամը 7:15: Առաջին արկը այդ ժամանակ է պայթել: Այսօր էլ գնացի, այնքան շատ է եղել շարժը, համարյա երկու մետր ծաղիկ կար Ալբերտի շիրիմին, ես անգամ մի հատ ծաղիկ տեղից չեմ շարժել: Այսօր Ալբերտի զոհվելու օրն է, թեպետ ես այդ մասին հոկտեմբերի 8-ին էի հայտնել, սակայն նա զոհվել է սեպտեմբերի 29-ին: Ինձ բազմաթիվ մարդիկ են մոտենում, ծնողներ, ասում են` լավ, էս ամենի վերջն ի՞նչ է լինելու, ես, անկեղծ, չգիտեմ ինչ պատասխանեմ:

– Իշխանավորները որեւէ ափսոսանքի խոսք չասացին, զոհերի հիշատակը չհարգեցին:

– Ի՞նչ ասեին: Ի՞նչ ափսոսանք, ինչի՞ համար ափսոսան: Մեկ-երկու անգամ Եռաբլուր եկան` նախորդ տարիներին, որոշները հրահրեցին, արգելեցին, որ իշխանավորները մտնեն Եռաբլուր, բայց ես այն կարծիքին եմ, որ նրանք պարտավոր են գալ Եռաբլուր: Պետք է գան ու հերոսների շիրիմների առաջ խոնարհվեն, ինչու չէ` ծնկի իջնեն: Բայց մարդիկ կան, ովքեր ասում են՝ մի եկեք, եւ երբ չեն գալիս, քննադատում են: Ի դեպ, մեզ` ծնողներիս, ոչ մեկը չի հիշի, եթե չլինեն ձեզ նման լրագրողները: Մենք կմնայինք ամենաստվերում, եթե այս մի փոքր գիտակից խավը չլիներ: Ո՛չ մեր մասին են հիշում, ո՛չ էլ մեր տղերքի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եթե որոշել են Արցախի հարցը հանել իրենց քաղաքական օրակարգից, ո՞վ է ներկայացնելու Արցախի ժողովրդի իրավունքները

Եթե որոշել են Արցախի հարցը հանել իրենց քաղաքական օրակարգից, ո՞վ է ներկայացնելու Արցախի ժողովրդի իրավունքները …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով