Վեճ, առևանգման ազդանշան՝ Դուբայ-Թել Ավիվ չվերթում, բացառիկ մանրամասներ
Wed, 30 Sep 2026 12:00:31 +0400

«Flydubai» ընկերության` Դուբայ-Թել Ավիվ չվերթ իրականացնող ինքնաթիռն առևանգման ազդանշան է ուղարկել։ Այս մասին հայտնում է «The Jerusalem Post»-ը:
Թռիչքների մոնիտորինգով զբաղվող Flightradar24-ի տվյալներով՝ ինքնաթիռն ուղղությունը փոխել է Հորդանանի օդային տարածքում և հայտնվել Սաուդյան Արաբիայի երկնքում։ Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են, որ անձնակազմն ակտիվացրել է ինքնաթիռի առևանգման ժամանակ օգտագործվող վթարային կոդը և աղետի ազդանշան փոխանցել։
Իսրայելի ռազմաօդային ուժերը բերվել են բարձր պատրաստվածության։ Օդ են բարձրացվել կործանիչներ։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուն անվտանգության հարցերով խորհրդակցություն է հրավիրել պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Վերջին տվյալներով` ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում։
Նախնական տվյալով՝ օդանավում բռնության միջադեպ է եղել, վիճել են անձնակազմի անդամները, սակայն ինքնաթիռի անվտանգությանը վտանգ չի սպառնում։
Օդանավում ավելի քան 180 ուղևոր է եղել, նրանց մեծ մասը Իսրայելի քաղաքացիներ են:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր