Երբ դեմոկրատիան համերաշխության մասին չէ
Wed, 30 Sep 2026 19:15:50 +0400

Ամենավատ բանը, ինչն իր հետ բերեց Նիկոլը, միայն Հայաստանը թուլացնելը չէր: Դա չէր, որովհետեւ իրենից առաջ էլ Հայաստանն արդեն իսկ թուլացնում էին: Ամենավատը, ինչն իր իշխանության գալով արեց Նիկոլը, մեր ազգային եւ ներհայաստանյան կյանքը եվրոպական բովանդակությամբ դեմոկրատիա կառուցելով լցնելն էր: Եվրոպական բովանդակությամբ դեմոկրատիա, որի հիմնական նպատակը ոչ թե մեր ազգային եւ ներհայաստանյան հարթակները հայության եւ այս երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծումները գտնող, այլ թշնամիներ նշանակող հարթակներ դարձնելն էր:
Նիկոլի ամենամեծ մեղքն այս առումով թերեւս այն էր, որ ուզեց եւ մինչեւ հիմա էլ ուզում է, որ Հայաստանում գործող դեմոկրատիան ղեկավարվի այնպես, ինչպես կղեկավարվեր Գերմանիայի կամ Ֆրանսիայի, Եվրոպայի կամ Ամերիկայի խնդիրների լուծման համար նախատեսված դեմոկրատիան, եւ ոչ թե այնպես, ինչպես կղեկավարվեր Հայաստանի խնդիրների լուծման համար ուղիներ փնտրող դեմոկրատիան:
Այս տեսակետից, նրա ամենամեծ մեղքն այն չէ, որ նա սիրում է գերմանական կամ ֆրանսիական, եվրոպական կամ ամերիկյան դեմոկրատիան: Այդ դեմոկրատիան մենք էլ ենք սիրում: Բայց, ի տարբերություն նրա, մենք հասկանում ենք, որ եթե պետք է սիրենք գերմանական կամ ֆրանսիական դեմոկրատիան, ապա նրան պետք է սիրենք, երբ նա ոչ թե Հայաստանի, այլ Գերմանիայի կամ Ֆրանսիայի խնդիրներն է լուծում, հասկանում ենք, որ եթե պետք է սիրենք եվրոպական կամ ամերիկյան դեմոկրատիան, ապա նրան պետք է սիրենք, երբ նա ոչ թե Հայաստանի, այլ Եվրոպայի կամ Ամերիկայի խնդիրներն է լուծում:
Այս առումով, Նիկոլի թույլ տված սխալների շարքից նաեւ այն սխալն է առանձնանում, որ նա ինչպես իշխանության գալուց առաջ չէր հասկանում, այնպես էլ իշխանության գալուց հետո չհասկացավ, որ որպես ազգի առաջնորդ եւ այս երկրի վարչապետ, երբ ինքն իր խնդիրը ոչ թե Հայաստանը հզորացնող, ոչ թե Հայաստանի ուժեղացման գործին ծառայող դեմոկրատիա ունենալը, այլ եվրոպական կամ ամերիկյան բովանդակությամբ դեմոկրատիա կառուցելն է դարձնում, դրանով ինքը ոչ թե դեմոկրատիայի լավագույն օրինակի, այլ դեմոկրատիա կառուցելու մի չստացված փորձի պատմություն է գրում։ Չհասկացավ, որ ինքը՝ որպես ազգի առաջնորդ եւ այս երկրի վարչապետ, երբ իր խնդիրն ազգային համաձայնության ու ներհայաստանյան համերաշխության համար աշխատող դեմոկրատիա կառուցելու փոխարեն գերմանական կամ ֆրանսիական, եվրոպական կամ ամերիկյան բովանդակությամբ դեմոկրատիա կառուցելն է դարձնում, ապա դրա գինը միշտ էլ հայրենիքի մի հատվածի, իսկ վատագույն դեպքում՝ նաեւ պետականության կորստով է վճարվում:
Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր