Ֆրանսիան չգիտի՝ իր ունեցած կոնյակը որտեղ վաճառի, պիտի հայկականը գնի՞
Fri, 02 Oct 2026 14:36:50 +0400

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի՝ Եվրամիության հետ հարաբերությունների խորացման հնարավոր գործընթացի համատեքստում կարևորել է երկրի արտահանման հեռանկարների նախնական գնահատումը։
Մինսկում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում կառավարական պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Լուկաշենկոն անդրադարձել է Հայաստանի արտադրանքի իրացման շուկաների հարցին։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նախապես հստակ պատկերացնել, թե ԵՄ շուկա հնարավոր մուտքի դեպքում ինչ ուղղություններով և ինչ ծավալներով կարող են արտահանվել հայկական արտադրանքները։
Բելառուսի նախագահը, մասնավորապես, հարց է բարձրացրել հայկական կոնյակի, մրգերի և բանջարեղենի իրացման հնարավորությունների վերաբերյալ։ Նա նշել է, որ Հայաստանը պետք է գնահատի՝ արդյոք եվրոպական շուկան կարող է ապահովել այնպիսի պահանջարկ, որը թույլ կտա փոխարինել ներկայումս Եվրասիական տնտեսական միության շուկայում իրացվող արտադրանքի ծավալները։
Լուկաշենկոյի խոսքով՝ նման որոշումների դեպքում կարևոր է ոչ միայն քաղաքական ուղղության ընտրությունը, այլև դրա տնտեսական հետևանքների հաշվարկը։ Նա ընդգծել է, որ նախքան որևէ քայլ կատարելը անհրաժեշտ է հասկանալ՝ արդյոք եվրոպական երկրները պատրաստ են համապատասխան ծավալներով ձեռք բերել հայկական արտադրանքը։
Բելառուսի նախագահը նաև նշել է, որ եթե Հայաստանը համոզված է եվրոպական շուկայում իր արտադրանքի պահանջարկի առկայության մեջ, ապա կարող է համապատասխան որոշում կայացնել։
«Եթե համոզվել ես, որ Ֆրանսիան կգնի քո կոնյակը՝ իր ունեցածը չգիտի ուր վաճառել, բայց քոնը կգնի, լավ, գնա։ Բայց ինչո՞ւ ես շտապում։ Ինչո՞ւ ես սայլը ձիուց առաջ դնում»,- ասել է նա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր