Ուրբաթ , 2 Հոկտեմբերի 2026

16 միլիոնանոց մեքենան վաճառելու եմ ու գործ անեմ․ Արթիկի քաղաքապետի թեկնածու

16 միլիոնանոց մեքենան վաճառելու եմ ու գործ անեմ․ Արթիկի քաղաքապետի թեկնածու

Fri, 02 Oct 2026 15:45:19 +0400


Հոկտեմբերի 25-ին Արթիկ համայնքում կկայանան ՏԻՄ ընտրություններ։ Ընտրապայքարին մասնակցում է չորս քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ գործող համայնքապետ Անանիկ Ոսկանյանի, «Ազատ դեմոկրատները»՝ Մխիթար Վարագյանի, «Ապրելու երկիրը»՝ Արթուր Աստոյանի, և «Հայրենիք» կուսակցությունը՝ Լևոն Վահրադյանի գլխավորությամբ։
Ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր ուժերը բարձրաձայնում էին նաև իրենց ցուցակների ձևավորման ընթացքում առկա դժվարությունների, իշխանության կողմից քաղաքացիների վրա գործադրվող ճնշումների մասին։ «Հրապարակը» զրուցել է «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանի հետ։

– Ընդդիմության համար բավականին դժվար էր, հատկապես ավագանու անդամների կազմի ձևավորման հարցում։ Իշխանության կողմից քաղաքացիների նկատմամբ ճնշումներ էին նկատվում, և շատերը հրաժարվում էին։ Այնուամենայնիվ, ձեզ հաջողվեց թիմ հավաքել և մարդկանց ընդգրկել ցուցակում։ Ինչպե՞ս դա ստացվեց։

– Այո՛, ճնշումներ կային, տարբեր խողովակներով մարդկանց վրա փորձում էին ազդել։ Բայց մենք հավաքեցինք սկզբունքային թիմ։ Եվ շատ կարևոր է՝ սկզբունքային, կարգին մարդիկ են հավաքվել մեր թիմում։

– Դուք հինգ տարի աշխատել եք համայնքապետարանում, քաջատեղյակ եք համայնքային կառավարման աշխատանքին, քանի որ ավագանու անդամ եք եղել «Ապրելու երկիր» կուսակցությունից և հանդես եք եկել ընդդիմադիր թևում։ Եթե հիմա ընտրվեք համայնքապետ, կարծես թե դերերը փոխվում են։ Ինչպե՞ս եք պատկերացնում հետագա աշխատանքը։

– Իհարկե, համայնքային մակարդակով մենք ընդդիմադիր էինք։ Սխալ աշխատանքների հետ կապված ամեն ինչ բարձրաձայնում էինք, ասում էինք, խոսում էինք խնդիրների մասին։ Բայց այն, որ քաղաքապետի աշխատանքը, քաղաքապետարանի աշխատանքը լիարժեքորեն պատկերացնում ենք, խոսք չկա այդ մասին։
Ընդհանրապես, ընդդիմադիր աշխատանքը և քաղաքապետի աշխատանքը թիմային աշխատանք են։ Պետք է կարողանալ այդ աշխատանքը ճիշտ ուղղությամբ տանել, բոլորի հետ համագործակցություն ձևավորել։Մենք ունենք բավականին մեծ նախագծեր և մեր փորձը, մեր քաջատեղյակությունը, կարծում եմ, կարողանանք օգտակար ծառայեցնել։
Ես ծնունդով արթիկցի եմ, մեծացել եմ այստեղ։ Սա իմ քաղաքն է, ամենահարազատ քաղաքը։ Շատ լավ պատկերացնում եմ, թե յուրաքանչյուր խնդրին ինչ լուծում կարելի է տալ։
Հավատացեք՝ իմ նպատակը ոչինչ չէ, քան այն, որ այս հինգ տարվա ընթացքում կարողանամ ձևավորել իմ ուզած համայնքը, քաղաքը։ Դրանից հետո, խնդրեմ, թող գան ուրիշները և վայելեն պատրաստի քաղաքը։ Ավելին չեմ ուզում, կարող է՝ չհավատաք։

– «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի օգնականը նշեց, թե մեկ վայրկյան անգամ չի կասկածում իրենց հաղթանակին։ Որտեղի՞ց է գալիս այդ վստահությունը։

– Եթե այդքան վստահ էին, ապա ինչո՞ւ էին ընկել ընդդիմադիր թևի ցուցակների հետևից։
Եթե այդպես է, ես էլ մեր հաղթանակի վրա եմ վստահ։ Թվում է՝ համայնքի համար գործ են արել։ Իրենք պնդում են, թե համայնքի համար ինչ-որ գործ են արել և իրենց գնահատականն են հնչեցնում։ Բայց այս պահին մենք գույքագրել, ցուցակագրել ենք բոլոր այն բացթողումները և խնդիրները, որոնք առկա են համայնքում։

Ասեմ նաև ամենակարևոր բանը, որ այս պահին կարող եմ նշել։ Իմ ընտրվելու դեպքում առաջին բանը, որ անելու եմ՝ հրաժարվելու եմ համայնքապետի աշխատավարձից և ծառայողական մեքենայից։ Ես գալիս եմ գործ անելու, իմ համայնքը զարգացնելու նպատակով, ուրիշ ոչ մի նպատակով։

Էսպես ասեմ՝ ավելի պատկերավոր. այս հինգ տարվա ընթացքում համայնքի ոչ մի տարածքում ցեխոտ ճանապարհ չի լինելու։
Իսկ այդ ծառայողական՝ 16 միլիոն դրամանոց ավտոմեքենան, որ տվել առել են, վաճառելու եմ ու համայնքի հոգսերից մեկը հոգամ։ Թեկուզ մի փողոց ասֆալտապատեմ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մեկնարկում է Արտաշատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը

Մեկնարկում է Արտաշատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը Wed, 30 Sep 2026 19:42:43 +0400 Սիրելի՛ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով