Միայն «դուխով» ֆուտբոլ չեն խաղում
Sat, 03 Oct 2026 15:23:40 +0400
Երեկ՝ Հոկտեմբերի 2-ին , Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի C դիվիզիոնի C2 խմբի երրորդ տուրի շրջանակում Նիկոսիայի GSP մարզադաշտում հյուրընկալվեց Կիպրոսի ընտրանուն։ Եղիշե Մելիքյանի թիմը պարտվեց 0։2 հաշվով՝ առաջին խաղակեսում երկու գոլ բաց թողնելով։ 19-րդ և 31-րդ րոպեներին Կիպրոսը պատժեց Հայաստանի պաշտպանությանը, իսկ 52-րդ րոպեին տանտերերը մնացին 10 ֆուտբոլիստով։ Չնայած դրան՝ Հայաստանի հավաքականը մինչև վերջ չկարողացավ անգամ մեկ գոլ խփել։
Ու հենց այստեղ է, որ երեկվա խաղը պետք է դիտարկել ոչ թե հերթական անհաջողության, այլ Հայաստանի հավաքականի ներկայիս խաղային փիլիսոփայության տեսանկյունից։
Եղիշե Մելիքյանը գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո տարբեր առիթներով խոսել է թիմի բնավորության, պայքարի, հոգեբանական պատրաստվածության և, ամենակարևորը, «դուխով» խաղալու անհրաժեշտության մասին։ Գաղափարը պարզ է՝ չվախենալ մրցակցից, գնալ առաջ, պայքարել, հավատալ սեփական ուժերին։ Սա ֆուտբոլում, անշուշտ, կարևոր բաղադրիչ է։
Բայց կա մի շատ կարևոր «բայց»։
Ժամանակակից ֆուտբոլում դուխը չի կարող փոխարինել կազմակերպվածությանը։
Ավելին՝ եթե համարձակությունը չի կառավարվում, այն շատ արագ վերածվում է անմտածված ռիսկի։
Կիպրոսի դեմ խաղում հենց այդ պատկերն էր ստեղծվում։ Հայաստանի հավաքականը ցանկանում էր առաջ գնալ, սակայն առաջին հերթին պետք էր կառավարել խաղը։ Երբ հաշիվը 0։0 է, երբ մրցակիցը դեռ ամբողջ կազմով է, երբ դու արտագնա խաղում ես, յուրաքանչյուր ռիսկ պետք է հաշվարկված լինի։ Իսկ երբ 19-րդ րոպեին բաց ես թողնում առաջին գոլը, իսկ 31-րդ րոպեին՝ երկրորդը, արդեն փոխվում է ամբողջ խաղի տրամաբանությունը։
Այստեղ ժամանակակից ֆուտբոլի ամենակարևոր սկզբունքներից մեկը հենց հաշվի և ժամանակի կառավարումն է։ 0։0-ում, 0։1-ում, 0։2-ում և 1։1-ում նույն ֆուտբոլը չես խաղում։ Նույն կերպ չես կարող խաղալ առաջին 10 րոպեին և վերջին 10 րոպեին։ Խաղի յուրաքանչյուր րոպեն ունի իր գինը, իսկ յուրաքանչյուր ռիսկ՝ իր հնարավոր հետևանքը։
Մելիքյանն ինքն էլ հետխաղային ասուլիսում խոստովանեց, որ երկրորդ կեսում գնացել է «վաբանկի»:
Այո, Կիպրոսի կարմիր քարտից հետո ռիսկը տրամաբանական էր։ Մրցակիցը 52-րդ րոպեից խաղում էր 10 հոգով, և Հայաստանի հավաքականը պետք է ավելացներ ճնշումը։ Բայց թվային առավելությունն ինքնին հաղթանակ չի ապահովում։ Այն պետք է վերածել դիրքային առավելության, արագ շրջանառության, մրցակցի պաշտպանական գծերի միջև տարածքների օգտագործման և որակյալ վերջին փոխանցման։
Հայաստանն ունեցավ 68 տոկոս գնդակի վերահսկողություն, 17 հարված և 11 անկյունային, բայց այդ հսկայական թվային առավելությունը չվերածեց գոլի։ Կիպրոսը, որն ավելի քան 35 րոպե խաղում էր մեկ ֆուտբոլիստ պակաս, պահպանեց 2։0 հաշիվը։ Հայաստանի xG-ն էլ կազմեց ընդամենը 0.79։
Սա շատ բան է ասում։
Գնդակն ունենալը դեռ խաղը վերահսկել չէ։ Հարձակվելը դեռ գրոհ ստեղծել չէ։
Ժամանակակից ֆուտբոլը նաև այն մասին է, թե երբ պետք է արագացնել, երբ պետք է դանդաղեցնել, երբ պետք է պահել դիրքը, երբ պետք է ռիսկի գնալ և երբ պետք է չկորցնել խաղի հավասարակշռությունը։
Մելիքյանը խաղից հետո ասաց՝ «ես եմ առաջին մեղավորը», և սա կարևոր խոստովանություն է։ Նա նաև նշեց, որ թիմը շատ կորուստներ ուներ և որ առաջին ու երկրորդ սխալներից հետո ստիպված էր փրկել խաղը։
Բայց հենց այստեղ էլ պետք է տալ գլխավոր հարցը․ եթե առաջին սխալը կարող է «կոտրել մեջքը», ապա ինչո՞ւ թիմը չի կարողանում խաղը կառուցել այնպես, որ մեկ բաց թողած գոլը չվերածվի ամբողջ համակարգի փլուզման։
Վնասվածքները, իհարկե, լուրջ խնդիր են, և Մելիքյանը դրանց մասին խոսեց թե՛ խաղից առաջ, թե՛ հետո։ Նախախաղային ասուլիսում նա նշել էր, որ բացակայում են տասը կարևոր ֆուտբոլիստներ և միաժամանակ վստահեցրել էր, որ հավաքականը կարող է հաղթահարել այդ դժվարությունները։
Ուրեմն պետք է խոսել ոչ թե այն մասին, թե ով էր բացակայում, այլ այն մասին, թե ինչ ֆուտբոլ էր առաջարկում այն կազմը, որը խաղադաշտում էր։
Կիպրոսի դեմ Հայաստանի հավաքականը մեծ ցանկություն ուներ, բայց ցանկությունը չվերածվեց կառավարվող խաղի։ Ու հենց սա է ամենամեծ խնդիրը։
Որովհետև հավաքականին հիմա միայն «դուխ» պետք չէ։