Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան կդառնան ռազմավարական գործընկերներ
Tue, 06 Oct 2026 23:45:55 +0400

Մեծ Բրիտանիան և Ադրբեջանը համաձայնության են եկել ռազմավարական գործընկերության փաստաթղթի տեքստի շուրջ։
Այս մասին հայտարարել է ձեռնարկատիրության, նորարարության, գիտության և առևտրի նախարարության առևտրի պետնախարար լորդ Անաս Սարվարը Ադրբեջան-Մեծ Բրիտանիա միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստում, հաղորդում է Report-ը։
Պետնախարարը հիշեցրել է, որ անցյալ տարի Բաքուն և Լոնդոնը համաձայնության են եկել զարգացնել իրենց հարաբերությունները՝ հասցնելով ռազմավարական գործընկերության։
Սարվարը, մասնավորապես, նշել է․
«Այս հանձնաժողովի նիստը տեղի է ունենում մեր երկու երկրների միջև հարաբերությունների կարևոր պահին, որը, թերևս, մեր պատմության ամենակարևոր շրջադարձային կետերից մեկն է։
Անցյալ տարի Մեծ Բրիտանիան և Ադրբեջանը համաձայնել են մեր հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի։ Այդ ժամանակվանից ի վեր մեր կառավարությունները քրտնաջան աշխատել են այս համաձայնագրին և մեր գործընկերությանը իրական բովանդակություն հաղորդելու համար», – նշել է բրիտանացի նախարարը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր