Չորեքշաբթի , 7 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ». Այդ զեկույցը ԵՄ առաջատար դեմքերի երեսպաշտության արտացոլումն է

«Հրապարակ». Այդ զեկույցը ԵՄ առաջատար դեմքերի երեսպաշտության արտացոլումն է

Wed, 07 Oct 2026 11:45:45 +0400


«Հրապարակի» զրուցակիցն է ֆրանսիացի քաղաքագետ, աշխարհաքաղաքականության դոկտոր, ԵԽ նախկին պատգամավոր Էյմերիկ Շոպրոդը:

– ԵԽԽՎ վերջին զեկույցում արձանագրվել է, որ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում բազմաթիվ խախտումներ են եղել: Այս փաստը կարո՞ղ է օգտակար լինել ընդդիմության համար, թե՞ սա ԵԽԽՎ-ի կողմից քաղաքական քայլ է՝ սեփական դեմքը փրկելու համար:

– 2026 թ․ հունիսի 7-ին կայացած Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի վերջին զեկույցն ուսումնասիրվել է սեպտեմբերի 28-ին։ Այս զեկույցը հակասական է։ Մի կողմից նշվում է, որ առաջարկված է եղել ընտրություն քաղաքական այլընտրանքների միջեւ, եւ խաղաղ է ընթացել դիտարկված ընտրատեղամասերի մեծ մասում։ Մյուս կողմից զեկույցում ընդգծվում է, որ դիտարկված ընտրատեղամասերի 44 տոկոսում դիտվել են խախտումներ, ինչը, անկասկած, խախտումների հսկայական տոկոս է։ Զեկույցի ամենակարեւոր կետերից մեկը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից 3 ընտրատեղամասերի արդյունքները չեղարկելն է՝ առանց վերաքվեարկության։ Այս զեկույցը Եվրոպական Միության առաջատար դեմքերի երեսպաշտության արտացոլումն է։ Պնդում են, որ օբյեկտիվ է եղել՝ ընդգծելով ժողովրդավարական կանոնների բազմաթիվ խախտումները, սակայն եզրակացնում են՝ կարծես ոչինչ չի պատահել, ամեն ինչ լավ է։ Դա արվում է միմիայն այն պատճառով, որ պարոն Փաշինյանը ԵՄ թեկնածուն էր։

– Հատկանշական է, որ հենց ԵԽԽՎ-ում ԵԽ մի շարք պատգամավորներ քննադատեցին Փաշինյանի իշխանությանը՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ հարձակումների համար: Եվրոպան չի՞ ընդունում Փաշինյանի հակաեկեղեցական արշավը:

– Եվրախորհրդարանի որոշ անդամներ, մասնավորապես՝ ազգայնական կուսակցություններից, քննադատել են Հայաստանի կառավարության կողմից Հայ եկեղեցու վրա այս հարձակումները, բայց, ցավոք, կրկին այդ քննադատություններին որեւէ գործողություն չի հաջորդել։ Եվրոպական հիմնական լրատվամիջոցները չեն լուսաբանել այս հարձակումները։ Այսպիսով, Եվրամիությունը (ես նկատի չունեմ Եվրոպայի ժողովուրդներին, այլ՝ ԵՄ իշխանություններին եւ եվրոպամետ օլիգարխիային), ցավոք, չի աջակցել Հայ եկեղեցուն։

– ՆԱՏՕ-ի ղեկավար Ռյուտեն հայտարարում է, որ Եվրոպային Ռուսաստանից վտանգ է սպառնում: Դուք՝ որպես ԵԽ նախկին պատգամավոր, ֆրանսիացի, համամի՞տ եք դրա հետ:

– Տարիներ շարունակ ես բացատրել եմ, որ ՆԱՏՕ-ի քաղաքականությունն ագրեսիվ է Ռուսաստանի եւ նախկին Խորհրդային Միության անդամների նկատմամբ։ Սա էքսպանսիոնիստական քաղաքականություն է, որը նպատակ ունի այս բոլոր երկրներին ներքաշել Ատլանտյան դաշինք՝ անկախ Ռուսաստանի հետ նրանց տնտեսական գործընկերությունից կամ աշխարհաքաղաքական եւ անվտանգության գործընկերությունից։ Սա ՆԱՏՕ-ի կողմից պատմության խեղաթյուրում է, որը ստիպեց Ռուսաստանին՝ Ուկրաինայում տեղի ունեցողին ուժով արձագանքել։ Ռուսաստանը զգաց, որ Ուկրաինայում իր կենսական շահերի կարմիր գծերը հատվել են։ Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ լավ հարաբերություններին հավատարիմ բոլոր բանական մարդիկ փորձել են զգուշացնել դրա մասին, բայց վերջին 25 տարիների ընթացքում Եվրոպայում իշխանության գլուխ գտնվող ամերիկամետ եւ նեոկոնսերվատիվ էլիտաներն աջակցել են Մոսկվայի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությանը։ Այս մարդիկ ստեղծում են հենց այն վտանգը, որի դեմ պայքարում են՝ ինչպես պնդում են։

– Եվրոպայի՝ Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության որեւէ փոփոխության հավանականություն կա՞, թե՞ այն միայն էսկալացիայի է գնալու:

– Այս պահին եվրոպացի առաջնորդները, հիմնականում նկատի ունեմ Մակրոնին եւ Մերցին, նաեւ Ֆոն դեր Լեյենին, Ռուսաստանի հետ լարվածությունը սրելու ցանկություն ունեն, բնականաբար, այս քաղաքականությունը բացարձակապես անպատասխանատու է։ Ի՞նչ են ուզում այս մարդիկ․ միջուկային պատերա՞զմ, որից ոչ ոք կենդանի դուրս չի գա։ Երկու համաշխարհային պատերազմների պատմությունը պետք է մեզ դրդեր՝ իմաստուն գործել։ Ռուսների հետ փոխզիջման հասնելը լիովին հնարավոր է։ Նրանց նպատակը երբեք չի եղել Եվրոպայում գերիշխելը։ Նրանք պարզապես մերժում են Ուկրաինայում ծայրահեղական ռեժիմը՝ այնպիսին, որը ՆԱՏՕ-ի խամաճիկ է եւ հալածում է ռուսախոս բնակչությանը։ Նրանք միջամտեցին՝ ռուսախոս բնակչությանը պաշտպանելու համար, եւ դա հանգեցրեց նրանց վերադարձին Ռուսաստանի ազդեցության ոլորտ։ Այն օրը, երբ արեւմտյան առաջնորդները որեւէ ազդանշան ցույց կտան, վստահ եմ, որ Պուտինը կհամաձայնի բանակցել։

– Ի՞նչ կլինի Եվրոպա-Հայաստան հարաբերությունների հետ, եթե Փաշինյանն ընդունի «Ռոսատոմ»-ի առաջարկը։ Դա կազդի՞ ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա։

– Նախ, Հայաստանին պետք է վերաբերվել որպես ինքնիշխան պետության։ Եթե այն ցանկանում է պահպանել տնտեսական եւ էներգետիկ կապերը Ռուսաստանի եւ Իրանի հետ, դա նրա իրավունքն է։ Վաշինգտոնը կամ Բրյուսելը չէ, որ պետք է թելադրեն ՀՀ վարչապետին, թե ինչ արտաքին քաղաքականություն վարի։ Եթե Փաշինյանն ընդունի «Ռոսատոմ»-ի առաջարկը, ապա դա այն պատճառով կլինի, որ նա կգնահատի՝ դա համապատասխանում է հայ ժողովրդի շահերին։ Եվ եթե Եվրոպան դիմի շանտաժի այս հարցի շուրջ, դա անընդունելի կլինի։

– Ինչպիսի՞ն կլինի ԵՄ քաղաքականությունը՝ Հայաստանի ուղղությամբ ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների կարգավորումից հետո։

– Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումն անխուսափելի է, եթե այն տեղի չունենա, դա կլինի այն պատճառով, որ եվրոպացի առաջնորդներն ընտրել են քաոսի եւ պատերազմի խելագար ուղին։ Երբ Ռուսաստան-ԵՄ հարաբերությունների լավացում տեղի ունենա, Հայաստանի համար առավելությունն այն կլինի, որ զարգացնելով հարաբերություններն Արեւմուտքի հետ՝ չի անտեսի նաեւ իր պատմական գործընկերներին՝ Մոսկվային եւ Թեհրանին։ Ինքնիշխան Հայաստանը պետք է իրավունք ունենա ընտրելու սեփական բազմաբեւեռ մոտեցումը։

– Եվրոպայում փոփոխություններ են տեղի ունենում, մասնավորապես՝ պահպանողական եւ ազգային գաղափարախոսական ուժերն ավելի ու ավելի ժողովրդականություն են վայելում եվրոպացիների շրջանում: Ինչպե՞ս է դա փոխելու աշխարհաքաղաքական գործընթացները, եւ ինչպե՞ս է այն ազդելու այսօրվա ԵՄ շահերի վրա մեր տարածաշրջանում։

– Եվրոպայում դրական միտում կա. եվրոպական երկրների մեծ մասում մարդիկ սկսում են իրենց ձեռքը վերցնել իրավիճակը: Նրանք ցանկանում են կառավարվել սեփական շահերին համապատասխան, այլ ոչ թե ամերիկամետ, իսրայելամետ օլիգարխիայի կողմից, որը քաոս է սերմանում ամբողջ աշխարհում: Նրանք գիտակցում են, որ այս օլիգարխիան հանգեցնում է պատերազմի եւ կարող է մեզ ներքաշել Ռուսաստանի հետ սարսափելի պատերազմի մեջ: Ահա թե ինչու AFD-ն եւ Ազգային միաբանությունն այդքան ուժեղ են Գերմանիայում եւ Ֆրանսիայում։ Մարդիկ նաեւ ցանկանում են տնտեսապես պաշտպանված լինել սահմաններից կամ խոչընդոտներից զերծ գլոբալիզացիայի ձեւից, որտեղ եվրոպացիները ոչ մի հնարավորություն չունեն մրցակցելու Ասիայի զարգացող երկրների հետ: Վերջապես, նրանք ցանկանում են պաշտպանել իրենց եվրոպական եւ քրիստոնեական ինքնությունը՝ մասնավորապես աֆրիկյան մայրցամաքից եկող հիմնականում մուսուլմանական զանգվածային ներգաղթից: Եվրոպացիները չեն ցանկանում իսլամական ներխուժում: Նրանք պաշտպանում են իրենց ինքնությունը, ինչպես որ հայ ժողովուրդը դարեր շարունակ քաջաբար պայքարել է՝ գոյատեւելու թրքախոս եւ մուսուլման ժողովուրդների դեմ, որոնք պատմության ընթացքում մի քանի անգամ փորձել են ոչնչացնել նրանց։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր

Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Wed, 07 Oct 2026 16:25:13 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով