Ի՞նչ է առաջարկել Բաքուն Երևանին հայ զինծառայողների աճյունների հետ կապված
Wed, 07 Oct 2026 12:40:06 +0400

Բաքուն Երևանին առաջարկել է ԴՆԹ-ի նմուշներ տրամադրել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայտնաբերված և ենթադրաբար հայ զինծառայողներին պատկանող աճյունները նույնականացնելու համար։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար, Ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների հարցերի պետական հանձնաժողովի նախագահ Ալի Նագիևը, փոխանցում են այդ երկրի ԶԼՄ-ները։
Նրա պնդմամբ, ադրբեջանական կողմը պատրաստ է գործակցել երկու կողմերի անհետ կորածների ճակատագրերը պարզելու հարցում, սակայն դրա համար անհրաժեշտ է ամբողջական տեղեկատվության փոխանակում։
Նագիևի խոսքով, հայկական կողմը պետք է տեղեկություններ տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի, զանգվածային և անհատական գերեզմանների հնարավոր վայրերի վերաբերյալ, ինչպես նաև հնարավորություն ստեղծի արխիվային նյութերի և վկաների ցուցմունքների ուսումնասիրման համար։
Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի, ադրբեջանական կողմն արդեն փորձաքննություններ է իրականացրել իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայտնաբերված աճյունները նույնականացնելու նպատակով, իսկ փորձաքննության արդյունքում այդ աճյունների ԴՆԹ տվյալները չեն համընկել անհետ կորած համարվող հայազգի 50 անձանց ԴՆԹ բնութագրերի հետ։ Նագիևի փոխանցմամբ՝ այդ 50 անձանց ԴՆԹ բնութագրերը հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել 2026 թվականի հունվարին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր