Նա սովորական դասալիք չէ, այլ՝ ծանր հանցագործ
Wed, 07 Oct 2026 18:45:16 +0400

Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստվո՞ւմ է Ադրբեջանին հանձնել Հայաստան ներխուժած ադրբեջանցի զինվորին: Նա կարող էր այո կամ ոչ ասել, բայց ձայն չի հանել: Փաշինյանը կպատասխաներ այդ հարցին, եթե պատասխան ունենար, բայց չի պատասխանել, քանի որ չգիտի հարցի պատասխանը: Իսկ չգիտի, որովհետեւ ինքը չի որոշողը, իր փոխարեն ինչ-որ մեկը պետք է որոշի, իսկ թե ով` շատ բարդ է ասելը:
Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը պահանջելու է, որ Հայաստանը հանձնի ադրբեջանցուն, որին իրենք դասալիք են անվանում: Մինչեւ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը եւ Հայաստանն ադրբեջանահպատակ դարձնելը, նման բազմաթիվ դեպքեր են տեղի ունեցել, երբ Ադրբեջանից դասալիքները հայտնվել են Հայաստանի տարածքում եւ հանձնվել են Հայաստանի իշխանություններին: Այդ մարդիկ քաղաքական ապաստան են խնդրել ՀՀ իշխանություններից եւ խնդրել են, որ Հայաստանն իրենց չարտահանձնի Ադրբեջանին, քանի որ այդ դեպքում իրենց նկատմամբ կկիրառվի բռնություն, եւ նույնիսկ կարող են զրկվել կյանքի իրավունքից: Թշնամական համարվող Հայաստանի տարածք անցնելն Ադրբեջանում դիտարկվում է ոչ միայն որպես սովորական դասալքություն, այլեւ հայրենիքի դավաճանություն, իսկ դավաճաններին ֆիզիկապես ոչնչացնում են: Առաջնորդվելով մարդասիրության սկզբունքներով՝ Հայաստանը նման մարդկանց հանձնում էր երրորդ երկրներին` այդ երկրների համաձայնությամբ, որտեղ նրանց տրվում էր քաղաքական ապաստան: Այդ մարդկանց անվտանգության նկատառումներից ելնելով՝ ընդունող երկրների անունները եւս չէին հանրայնացվում:
Ի տարբերություն նախկինի, հիմա բոլորովին այլ վիճակ է. նախ ադրբեջանցին սովորական դասալիք չէ` նա չի հանձնվել Հայաստանի իշխանություններին եւ քաղաքական ապաստան չի խնդրել, բողոքելով իր նկատմամբ ադրբեջանական բանակում վատ վերաբերմունքից։ Նա հրազենի գործադրմամբ ծանր հանցագործություն է կատարել: Ի տարբերություն մինչփաշինյանական շրջանի, Հայաստանը զրկված է ինքնիշխանությունից, այսինքն՝ ինքնուրույն որոշում ընդունելու իրավունքից, չի կարող մերժել Ադրբեջանի պահանջը: Փաշինյանն անընդհատ հայտարարում է, թե Ադրբեջանի հետ խաղաղություն է հաստատված, եւ պետք է խնամել ու փայփայել այդ խաղաղությունը: Եթե Ադրբեջանը պահանջում է հանձնել իր զինվորին, Հայաստանն այդքան անկախություն չունի, որ ասի` մենք չենք կարող նրան հանձնել, քանի որ նա հանցագործ է, եւ նրա նկատմամբ կա հարուցված քրեական գործ։ Այդ դեպքում Ադրբեջանը կարող է սպառնալ պատերազմով, եւ ի՞նչ պետք է անի Փաշինյանը` մի զինվորի պատճառով հո չի՞ կարող պատերազմ թույլ տալ:
Բայց արտահանձնելը եւս հղի է մեծ վտանգներով եւ խայտառակությամբ: Չի կարող ասել, որ Ադրբեջանից հավաստիացում է ստացել, որ արտահանձնվելու դեպքում նա այնտեղ կդատապարտվի: Շատ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանին հանձնելուց հետո պարզվի, որ այդ զինվորն ամենեւին էլ դասալիք չէ, այլ՝ դիվերսանտ, որն առաջադրանք է ունեցել՝ Հայաստան մտնելու ու որեւէ հայի վրա կրակելու: Ադրբեջանում հայտնվելուց հետո նա կարող է միանգամից հերոսացվել, ինչպես Ռամիլ Սաֆարովը: Հայի վրա կրակած ադրբեջանցին չի կարող Ադրբեջանում դատապարտվել, որովհետեւ հայի վրա կրակողը կամ հայ երեխայի ձեռքը կոտրողն արդեն իսկ այդ երկրում հերոս է:
Այնպես որ, Փաշինյանն իսկապես հայտնվել է բացառիկ ծանր վիճակում: Երեկ նա հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ. նույն օրը Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանում Գերմանիայի դեսպանի հետ: Հնարավոր է՝ նրանք եվրոպական իրենց կուրատորներից են ինչ-որ օգնություն կամ խորհուրդ հարցնում, թե ինչպես վարվեն ստեղծված իրավիճակում: Որովհետեւ հասկանում են, որ Ադրբեջանի պահանջով ադրբեջանցուն արտահանձնելուց հետո իրենք կարող են կորցնել իրենց չունեցած դեմքը: Իսկ եթե ադրբեջանցին նաեւ հերոսացվի, կպարզվի, որ ոչ մի խաղաղություն էլ չկա, խաղաղության պայմաններում հայ կնոջ վրա կրակողը կամ հայ երեխայի ձեռքը կոտրողը չի հերոսացվի:
Հայաստանում թուրքամետ իշխող կուսակցության ղեկավարներից մեկը` Ռուբեն Ռուբինյանը երեկ ասում էր, որ ադրբեջանցուն չի կարելի դիվերսանտ հայտարարել, քանի որ Ադրբեջանը նախապես տեղեկացրել է դրա մասին: Եթե վաղը Ադրբեջանը տեղեկացնի, որ 30 հազար ադրբեջանցի զինծառայող ավտոմատներով եւ այլ զինատեսակներով զինված մտել են կամ մտնելու են Հայաստան, դա եւս չի կարելի ներխուժում հայտարարել, քանի որ, ըստ Ռուբինյանի տրամաբանության, ներխուժումը նախապես չեն հայտարարում: Ռուբինյանը պետք է իմանա, որ համաշխարհային պատմության մեջ բազմաթիվ են դեպքերը, երբ նման ներխուժումների մասին շատ հաճախ նախապես են տեղեկացնում, բայց դրանից կատարվածի բնույթը չի փոխվում:
Փաշինյանը խոստացել է ադրբեջանցու արտահանձնման հարցին պատասխանել հինգշաբթի օրվա բրիֆինգի ժամանակ: Թերեւս նա հույս ունի, որ մինչ այդ ինչ-որ մեկն իրեն պատասխան կհուշի կամ, ավելի շուտ` կթելադրի:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր