«Հրապարակ»․ Հողագործությունը գյուղացիների համար կայուն եկամտի աղբյուր չէ, մարզերը դատարկվում են
Sat, 10 Oct 2026 13:15:09 +0400

Հայաստանը սարքել են թզուկ պետություն, որի գլուխը` Երեւանը, այնքան մեծ է, որ փոքր մարմինը չի կարողանում այն կրել իր ուսերին։ Իշխանությունը շարունակում է մարզերում ճանապարհներ ասֆալտապատել, գյուղերի՝ թեքություն ունեցող փողոցները տուֆապատել, սալիկապատել, դպրոցներ, մանկապարտեզներ վերանորոգել, սակայն ենթակառուցվածքների բարելավումը խնդիրների համադարման չէ, մարզերից արտերկիր եւ Երեւան գաղթը շարունակվում է։ Դրա հիմնական պատճառը մարզերում աշխատատեղերի բացակայությունը, գյուղատնտեսության ցածր եկամտաբերությունն է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության սեպտեմբերի 3-ի նիստում հայտարարել է․ «Այն, ինչ մենք անվանում ենք գյուղատնտեսություն, այս ոլորտն ու այս երեւույթը հեռանկար չունեն»։ Նրա վկայությամբ՝ խոսքը գյուղատնտեսության ինդուստրիալացման մասին է, եթե այն չինդուստրիալացվի, ապա կբախվի լրջագույն խնդիրների։ Նիկոլ Փաշինյանին, կառավարությանն ի՞նչն էր խանգարում անցած 8 տարում իրականացնելու իր իսկ ասած` «գյուղատնտեսության ինդուստրիալացիան»։ Գյուղատնտեսական երկիր Հայաստանում գուղատնտեսության նախարարությունը վերացրել են, գյուղատնտեսության զարգացման համար տարրական պայմաններ չեն ապահովում եւ 8 տարի անց խոսում են ոլորտում արձանագրվող անկման ու հեռանկարի բացակայության մասին։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին սեպտեմբերին 11-ին հարցում էի արել․ «2021-2026 թվականներին` անցած 5 տարում, որքանո՞վ են աճել Տավուշի մարզի ոռոգելի տարածքները»։ Տավուշի մարզպետի աշխատակազմի պատասխանում նշված է․ «Ըստ հողային հաշվեկշռի՝ ՀՀ Տավուշի մարզում 2021-2026թթ․ ոռոգելի հողերի ավելացում չի եղել»։ Տավուշի մարզպետի աշխատակազմից տեղեկացել եմ, որ 2025թ․ հոկտեմբերի 21-ի դրությամբ Տավուշի մարզի ոռոգելի տարածքները կազմել են 3710 հա, իսկ կաթիլային ոռոգվող տարածքները` 130 հա: Սակայն մարզի ոռոգելի հողերի քանակի վերաբերյալ մարզպետարանում տարբեր տվյալներ ունեն։
2024-ին մարզպետ Հ․ Ղալումյանին հարցում էի արել. «Որքա՞ն են կազմում մարզի ոռոգելի հողերը, որ համայնքում՝ քանի հեկտար»։ Մարզպետարանից պատասխանել էին․ «Համաձայն ՀՀ կառավարության 23.10.2000թ. N 656 որոշման, յուրաքանչյուր տարվա հողային հաշվեկշիռը կազմվում է հողերի պետական հաշվառման տվյալ տարվա ընթացիկ տվյալների հիման վրա` յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ի դրությամբ: Տրամադրվող տեղեկատվությունը կազմված է 01.07.2024թ. դրությամբ․ Իջեւան՝ 1298.1 հա, Դիլիջան՝ 68.2 հա, Բերդ՝ 1581.3 հա, Նոյեմբերյան՝ 3530.0 հա»: Այս տվյալներով Տավուշում ոռոգելի հողերը ընդհանուր 6277,6 հեկտար են։ Փաստ է, որ անցած հնգամյակում Տավուշի ոռոգելի տարածքները չեն ավելացել։
2017 թվականին, այն ժամանակ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հայտարարել էր, որ գոյություն ունի փոքր եւ միջին ջրամբարների կառուցման ծրագիր, ինքը ՀՀ վարչապետին Տավուշի մարզում 14 փոքր եւ միջին ջրամբարների կառուցման ծրագիր է ներկայացրել: Դրանք հնարավորություն կտային մինչեւ 10 միլիոն խորանարդ մետր ջուր կուտակել, որի շնորհիվ ոռոգելի կդառնար 4 հազար հեկտար տարածք: Այդ ջրամբարների կառուցման ընդհանուր ծախսը կազմում էր 8 միլիարդ 450 միլիոն դրամ: Այն ժամանակ ծրագրված էր Տավուշում կառուցվելիք Հախումի եւ Կողբի ջրամբարներում կուտակել 2 միլիոն խորանարդ մետր ջուր։ Փոքր եւ միջին ջրամբարներ կառուցելու համար անհրաժեշտ ֆինանսների խնդիրը լուծելու նպատակով ծրագրվում էր ներգրավել նաեւ մասնավոր ներդրողներ: Սակայն Փաշինյանի իշխանության տարիներին Կողբի եւ Հախումի ջրամբարները չկառուցվեցին։ Մինչեւ 1990 թվականը Տավուշի մարզի ներկայիս տարածքում ոռոգելի հողերը կազմել են 20 հազար 789 հա, այդ տարիների համեմատ Տավուշի մարզի ոռոգելի հողերը բազում անգամ նվազել են: ՔՊ-ի իշխանության օրոք Տավուշի ոռոգելի հողատարածքները չեն ավելացել, հակակարկտային կայաններ չեն տեղակայվել, գյուղացիական տնտեսություններին բույսերի բուժանյութերով, պարարտանյութերով պետական աջակցություն չկա։ Հողագործությունը գյուղացիների համար կայուն եկամտի աղբյուր չէ, այդ պատճառով հեռավոր մարզերից արտագաղթը շարունակվում է, Հայաստանը վերածվում է Երեւան քաղաք-պետության։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր