Մի հուզվեք․ Մեր դեմ կիրառվում է ինֆորմացիոն-հոգեբանական պատերազմ
Sat, 10 Oct 2026 19:15:04 +0400

Չգիտեմ, դա գաղտնիք է, թե՝ ոչ, բայց իմացեք՝ հայերի հոգեբանությունը և բնավորության գծերն ուսումնասիրում են օտարերկրյա հատուկ ծառայություններին կից գիտահետազոտարական ինստիտուտներում աշխատող գիտնականները: Եվ այդ հետազոտություններն օգտագործվում են Հայաստանի դեմ այսօր տարվող ինֆորմացիոն-հոգեբանական պատերազմում:
Այդ պատերազմն ունի շատ դրսևորումներ: Մասնավորապես, մարդիկ հիվանդագին են վերաբերվում մեր անցյալի որոշ դառն իրողություններին, որոնք արդյունք էին Հայաստանի օկուպացման ու գաղութացման: Եվ օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցներն օգտագործում են դրանք՝ հայերին ցավ պատճառելու, կոմպլեքսավորելու, հոգեկան հավասարակշռությունից հանելու համար: Մինչդեռ այդպիսի, կամ նման իրավիճակներում անցյալ դարերում հայտնվել են աշխարհի համարյա բոլոր՝ նույնիսկ Եվրամիության որոշ հզոր պետությունների ժողովուրդները:
Այն որ հայերը դարեր շարունակ չեն ունեցել պետականություն, պատմական Հայաստանի տարածքը օկուպացվել ու գաղութացվել է, դա անհերքելի փաստ է: Իսկ օկուպացված երկրում գաղութարարը կարող է փոխել տեղանուններն` ինչպես ցանկանա: Այդ է պատճառը, որ մենք ժառանգել ենք նման տեղանուններ: Ամաչելու և հուզվելու պատճառ չկա: Նախկինում համարյա բոլոր ժողովուրդներն են գաղութացված եղել և աշխարհի շատ երկրներում այսօր փոխվում են ոչ միայն տեղանունները, այլ, նույնիսկ, պետությունների անվանումները:
Այն, որ Տիգրան մեծի հզոր կայսրության ժառանգորդ հայերը դարեր շարունակ չեն ունեցել պետականություն, դա աշխարհում մինչև 19-րդ դարի վերջերը սովորական երևույթ էր: Այդ տարիներին երկրագնդի վրա գոյություն են ունեցել ընդամենը մի քանի տասնյակ պետություն և կայսրություն: Մնացած հարյուրավոր ժողովուրդները ներառված են եղել գոյություն ունեցող պետությունների կազմում: Օրինակ, գոյություն չի ունեցել նույնիսկ հզորագույն Հռոմեական կայսրության ժառանգորդ Իտալիան: Չի եղել միասնական Գերմանիան: Իսպանիան օկուպացրել են արաբները: Թուրքերը քիչ է մնացել օկուպացնեն ողջ Եվրոպան. նրանց բանակը հասել է մինչև Ֆրանսիայի հարավ, Վիեննայի մատույցներ: Այնպես որ կոմպլեքսավորվելու փոխարեն պետք է ուրախանալ և Աստծուն փառք տալ, որ տեղի է ունեցել հրաշք, և մենք վերականգնել ենք մեր անկախությունը: Շատ ժողովուրդներ, մասնավորապես բազմամիլիոն քրդերը, երբեք չեն ունեցել պետություն և միայն երազել կարող են դրա մասին:
Այն, որ հայերը եղել են կիսասոված, ամաչելու առիթ չէ: Այդ դարերում բոլոր ժողովուրդներն են եղել կիսասոված: Բնակչության միայն մի փոքրիկ մասն է եղել կուշտ՝ հարուստները:
Կարծում եք` ֆրանսիայի գյուղացիներն այնքան կուշտ են եղել, որ հոգնել են տավարի և ոչխարի մսից ու որոշել են փորձել գորտերի ու խխունջների հա՞մը: Կամ չինացիները, որոնց կերակրացանկի մեջ են մտնում միջատները: Կամ կորեացիները, որոնք օգտագործել են շների միսը: Ինչ վերաբերում է մեզ՝ չքավոր հայերը հնարել են խաշը և քյալլան, այսինքն տավարի և ոչխարի այն մասերից պատրաստված ուտեստները, որոնք հարուստները դեն են նետել: Այսօր դրանք, ինչպես և խխունջները համարվում են դելիկատեսներ: Հայերը նաև որպես սնունդ օգտագործել են բազմաթիվ բուսատեսակներ, որոնք այլ ժողովուրդների համար համարվում են ոչ ուտելի: Մեղրիի Գուդեմնիս գյուղի ծնունդ իմ Արուսյակ Վարդանյան տատիկը պատմում էր, որ մեղրով ձվածեղը և կաթի չորացված սերից պատրաստված ուտելիքը, որի անունը, ցավոք, մոռացել եմ, համարվել են այնքան շքեղ ուտեստներ, որ նախկինում մատուցվել են հարսանիքների ժամանակ: Այնպես որ պետք չէ կոմպլեքսավորվել այն խոսքից, թե հայերի մեծամասնությունը եղել է կիսասոված:
Այն, որ հայերը մի ժամանակաշրջանում փոքրամասնություն են դարձել Արարատյան դաշտավայրում և Նախիջևանում, մեր ժողովրդի հանդեպ կիրառված հանցագործության արդյունքն էր: Երբ 1604 թվականին թուրքերը պարսկական բանակին ստիպեցին նահանջել, Շահ-Աբասը հրամայեց Հայաստանի և Վրաստանի՝ թշնամուն հանձնվող տարածքներից հայերին և վրացիներին դեպորտացնել Իրան: Բռնի տեղահանության հետևանքով հայաթափվեցին նաև Արարատյան դաշտավայրը և Նախիջևանը: Դեպորտացիայի ենթարկված հայերի տները հետագայում զբաղեցրին սուննի մահմեդականները: Ահա թե ինչու էին այդ ժամանակահատվածում հայերն իրենց հայրենիքում դարձել փոքրամասնություն: Այնպես որ պետք չէ կոմպլեքսավորվել: Թող մահմեդականներն ամաչեն իրենց նախնիների գործած հանցագործությունների համար:
Երբ համաձայն Թուրքմենչայի 1828 թվականի ռուս-պարսկական հաշտության պայմանագրի, նախկինում դեպորտացված հայերի մի մասը վերադարձավ հայրենիք, այդ իրավիճակը փոխվեց: Ուրեմն պետք չէ հուզվել այն մեղադրանքից, թե Արարատյան դաշտավայրում և Նախիջևանում, իբր, «հայեր չեն եղել, ռուսներն են նրանց բերել»: Ռուսները, հետևելով իրենց շահերին, ընդամենը վերականգնել են արդարությունը: Որովհետև աշխատասեր հայերը գաղութարարների համար եղել են գանձ՝ մեր շնորհիվ են զարգացել նրանց տնտեսությունները և լցվել՝ գանձարանները:
20-րդ դարի կեսերից գաղութատիրության ձևը փոխվեց՝ ներդրվեց նեոգաղութատիրությունը: Ի տարբերություն ավանդական (դասական) գաղութատիրության, երբ տեղի էր ունենում տարածքների ուղղակի ռազմական բռնազավթում և վարչական կառավարում, նեոգաղութատիրության դեպքում թիրախ հանդիսացող երկրները պահպանում են իրենց ֆորմալ անկախությունը և պետական սիմվոլները: Գաղութարարները հասկացան, որ պարտադիր չէ գրավել երկիրը, որպեսզի կարողանաս շահագործել նրա ընդերքն ու ժողովրդին: Դա կարելի է անել հեռահար ձևով՝ «անկախացած» պետությունների տեղական իշխանիկների օգնությամբ՝ օգտագործելով տեղի ժողովրդի հոգեբանության և բնավորության գծերի իմացությունը:
Գրիգոր Էմին-Տերյան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր