Թշվառությունը պոզով-պոչով չի լինում
Fri, 20 Nov 2026 18:45:12 +0400

Պարոն վարչապետ, երկու օր առաջ ԱԺ-ում Ձեզ տրված հարցերից ու Ձեր, մեղմ ասած, ցաքուցրիվ պատասխաններից ճի՞շտ հասկացա արդյոք, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ շատ հեռու են խաղաղության պայմանագիր ստորագրելու այնքան հաճելի արարողությունից: Եթե սխալվում եմ, եւ Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես Դուք եք ասում, երբեք այնքան մոտ չեն եղել խաղաղությանը, որքան հիմա, ապա էլ ինչի՞ համար է այս ամբողջ իրարանցումը: Այսքան սպասել ենք, մեկ-երկու ամիս էլ կսպասենք, Ալիեւի հետ ստորագրեք այդ չարչրկված թուղթը, եւ վերջ տանք այս հիստերիային: Լավ, ինչքա՞ն կարելի է ԱԺ ամբիոնի մոտ ձախ ականջը աջ ձեռքով քորել, դոշերը պոկել, հետեւը մաժել, հին ու նոր մեռելներին իրար հետ թաղել… Աղմուկ, պատերազմի սպառնալիքներ, անպատիվ խոսքեր… Էս էլ նոր բան էր՝ բուլդոզերը կբերեմ, իմ ուզածը կանեմ… Էլի քո ուզածն արա, եթե քո ուզածը խաղաղությունն է, գնա՛, ստորագրի՛ր այդ թուղթը, ընդդիմությունն էլ հանգիստ գնա տուն:
Ի դեպ, պարոն վարչապետ, 44-օրյա պատերազմի հետ կապված ընդդիմադիրների հարցերը շատ տեղին են: Ամեն ինչ ծածկադմփոց եք արել ու դեռ ցնցումների մեջ եք ընկնում, երբ մարդիկ խոսում են մեր զոհերից, տարածքային կորուստներից, պարտությունից ու կապիտուլյացիայից, Հայաստանին պարտադրվող անվերջանալի զիջումներից: Սա ճիշտ ձեւ չէ, պարոն վարչապետ: Ալամ աշխարհը գիտի, որ պատերազմները սկսում են, վարում եւ պատերազմների արդյունքներով խաղաղության պայմանագրեր են կնքում պետությունները եւ ոչ թե ընդդիմադիրները: Համաշխարհային պատմությանը դեռ հայտնի չէ գոնե մեկ դեպք, որ պատերազմում պետության՝ բարեբախտաբար շանսատակ չեղած ղեկավարի փոխարեն ընդդիմությունը պատասխան տա պարտության, կապիտուլյացիայի եւ խաղաղության պայմանագիրը չստորագրվելու համար: Դուք, պարոն վարչապետ, հա՛մ բարեբախտաբար չեք զոհվել, հա՛մ էլ չեք ուզում պատասխան տալ Ձեր իշխանության տարիներին մեր երկրի գլխին թափված այս արհավիրքի համար:
Այսպես չի լինում, ախր: Բարի լինեիք՝ 2020թ. նոյեմբերի 9-ին հրաժարական տայիք ու ամեն ինչ թողնեիք ՀՀ նոր իշխանությունների ու նոր ղեկավարի վրա: Թեկուզ բունկերում սուտմեռուկ տայիք… Դա էլ կհասկանայինք: Բայց՝ չէ: Մի բան էլ բունկերից հաթաթաներ էիք տալիս, ասես ընդդիմությունն էր սկսել պատերազմն ու պարտվել պատերազմում: Հետո սկսեցիք Ձեր սատանայական մանիպուլյացիան՝ ես մեղավոր չեմ, ես միայն պատասխանատու եմ… Է՛լ Քոչարյան Անդոյի գլխավորությամբ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել, է՛լ հարցաքննվել այդ հանձնաժողովում, է՛լ նախկիններին քաշքշել, է՛լ պաշտպանության գործի մասնագետներին սեւացնել ու պատժել… Եվ այս ամենը՝ պատասխանատվությունից փախչելու համա՞ր: Եթե ոչ, ապա ո՞ւր է այդ հանձնաժողովի զեկույցը, ինչո՞ւ հայ հանրությունը տեղյակ չէ, թե ինչից սկսվեց 44-օրյա պատերազմը, ինչո՞ւ այն ընթացավ մեր սրընթաց պարտությամբ ու ավարտվեց խայտառակ կապիտուլյացիայով: Անձամբ ես, օրինակ, տեղեկացված չեմ այն մասին, թե ինչ է արել մեր պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը 44 օր շարունակ, բացի այն, որ մեր ականջները լցրել է պատերազմի դաշտից սուտումուտ տեղեկություններով՝ հաղթում ենք, զգետնում ենք, հօդս ենք ցնդեցնում… Դե պատասխան տվեք հիմա, երբ հաղթված ենք, զգետնված ենք եւ հօդս ենք ցնդեցված: ԱԺ-ում դոշ ծեծելով, հետույքը քորելով, աչքերը ոլորելով, կարմրատակած սպառնալով, հայհոյելով, թացը չորին խառնելով, բուլդոզեր քշելով հո չի՞: Ընդդիմության պահանջն էլ ի՞նչ է՝ պատասխան տվեք, պարոն վարչապետ, թե ինչու այսպես եղավ, ինչու մեր գերիներին չեն տալիս, ինչու չի կարող լինել վերադարձ Արցախ, ինչու պետք է մոռանանք Ղարաբաղյան շարժումը, աղբարկղ նետենք Արցախի Հանրապետության դրոշը… Ինչո՞ւ պետք է փոխենք Սահմանադրությունը, որ ի՞նչ լինի… Որ վերջապես Ալիեւը խաղաղության թո՞ւղթ ստորագրի:
Եվ, ո՜վ զարմանք, Դուք նույնիսկ վախենում եք խոստովանել, որ Սահմանադրությունը փոխելը Ալիեւի պահանջն է: Ամեն պոզուպոչ կպցրիք ՀՀ սահմանադրությանը, միայն թե Ձեր մեծ խայտառակությունը բարդեք սահմանադրության եւ ՀՀ Անկախության հռչակագրի վրա: Թե բա՝ թող ժողովուրդը որոշի՝ փոխե՞լ, թե՞ չփոխել սահմանադրությունը, հրաժարվե՞լ Անկախության հռչակագրից, թե՞ չհրաժարվել: Բայց ժողովուրդը, պարոն վարչապետ, այլեւս Ձեր իմացած կենդանին չէ ու շատ լավ է հասկանում, որ 1991 թվականին կայացրած իր որոշումից հրաժարվելուն պես հայտնվելու է քավության նոխազի դերում, որի վրա բարդելու եք ձեր բոլոր մեղքերն ու քշելու եք կառափնարան… Չեք կռվել, խրամատը լքել եք, փախել եք, չեք զոհվել… Այնպիսի բաներ եք անում, ախր, որ մարդ չի հասկանում՝ սահմանադրությունն ուզում եք փոխել, որ ժողովուրդն ապրի՞, թե՞ կորցնի արյան գնով ձեռք բերած իր պետականությունն ու անուղեղ ղեկավարների պատճառով համալրի թափառական դարձած ազգերի քարավանը:
ՀԳ. Պարոն վարչապետ, մի մարդանման երկոտանի ունես ԱԺ-ում, որ ընդդիմությանը մեղադրում է, թե նրանք անընդհատ խոսում են 44-օրյա պատերազմում մեր զինվորներին թուրքական բայրաքթարների տակ թողնելու մասին, բայց լռում է ռուսական եւ բելառուսական զենքերի մասին, որ Ադրբեջանն է օգտագործել է մեր դեմ: Հասկացրեք, խնդրեմ, այդ երկոտանուն, որ դա շատ թույլ փաստարկ է բանակցություններն իր զրոյական կետից սկսած եւ պատերազմում խայտառակ պարտություն կրած պետության ղեկավարին պատասխանատվությունից ազատելու համար:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր