Ղազարյանը հիշեցրեց Փաշինյանի խոստումներն ու հարց բարձրացրեց նոր վարկերի մասին
Mon, 12 Oct 2026 13:14:44 +0400

Ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը քննադատել է իշխանություններին՝ հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականին իշխանության գալու ժամանակ հնչեցրած խոստումները։ Նրա խոսքով՝ Փաշինյանը հայտարարում էր, որ տարիներ շարունակ պետությունը թալանվել է, և ինքն իշխանության է գալիս՝ արդարություն հաստատելու, ապօրինի յուրացված միջոցները վերադարձնելու ու դրանք ժողովրդին ծառայեցնելու նպատակով։
Ղազարյանը հարց է բարձրացրել, թե արդյոք այդ խոստումների մեջ եղել է նաև պետությունը և ժողովրդին նոր պարտքերի տակ դնելու մտադրությունը։
Պատգամավորի քննադատությունը վերաբերում է նաև քննարկվող վարկային միջոցներին, որոնք, նրա գնահատմամբ, լրացուցիչ ֆինանսական բեռ են ստեղծելու։ Նա ընդգծել է, որ ծրագրի ներկայացման ընթացքում շահառուների թվում նշվել են արցախահայերը՝ հիշեցնելով, որ նրանց ունեցվածքի կորուստը տեղի է ունեցել Փաշինյանի պաշտոնավարման ժամանակահատվածում։
Հարցը քննարկվում է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված՝ «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը վավերացնելու շրջանակում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր