Կասեմ՝ որն է այս ամենի հիմնական նպատակը
Wed, 14 Oct 2026 11:56:12 +0400

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշմամբ, ինչպես հայտնի է, ձևավորվել է եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ քննադատել է այդ նախաձեռնությունը՝ այն որակելով խայտառակություն։
Պատգամավորի գնահատմամբ՝ նման քայլը հարված է հայ ժողովրդի ազգային ինքնությանը, քանի որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պատմականորեն կարևոր դեր է ունեցել և շարունակում է ունենալ ազգային ինքնության պահպանման գործում։
Խաչատրյանը նաև կասկածի տակ է դրել հանձնաժողովի գործունեության հիմքում դրվող նյութերի արժանահավատությունը։ Նրա խոսքով՝ թեև նախաձեռնության հեղինակները հայտարարում են լուրջ և անհանգստացնող փաստերի առկայության մասին, ներկայացվող հիմնավորումները, իր գնահատմամբ, բավարար չեն։ Պատգամավորը նշել է, որ շրջանառվող որոշ հրապարակումներ նույնիսկ ստորագրված չեն, ուստի դրանք չի համարում հավաստի ապացույցներ։
Նրա համոզմամբ՝ նման նյութերի տարածման նպատակը Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեղինակությունը վնասելն է։ Խաչատրյանը դատապարտել է այդ գործընթացը՝ ընդգծելով, որ իրենք չեն պատրաստվում մասնակցել դրան։
«Հետաքրքիրն այն է, թե իրենք ինչ փաստաթղթերի կամ ինչերի վրա են հիմնվում։ Ասում են՝ մենք ունենք սահմռկեցուցիչ փաստեր, բայց դրանց փոխարեն ինչ-որ հոդվածների վրա են հղում կատարում, այդ հոդվածների մի մասն էլ անստորագիր են՝ ինչ ուզեն, կգրեն։ Դրանք չեն կարող դիտվել որպես փաստ, դա կեղծիք է, և այդ կեղծիքի միակ նպատակը եկեղեցու և անձամբ Վեհափառ Հայրապետի վարկաբեկումն է»,- նշել է նա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր