Չորեքշաբթի , 14 Հոկտեմբերի 2026

«Ամեն ինչ անում են, որ ոտքի կանգնենք, մենք լռում ենք»

«Ամեն ինչ անում են, որ ոտքի կանգնենք, մենք լռում ենք»

Wed, 14 Oct 2026 14:28:49 +0400


Մարզերից Երևան անձնական մեքենաներով մուտքի հնարավոր սահմանափակման հարցը վերջին օրերին լայնորեն քննարկվում է՝ առաջացնելով քաղաքացիների դժգոհությունն ու բազմաթիվ հարցեր։ Թեման ակտիվորեն քննարկվել է հատկապես Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հայտարարությունից հետո, երբ պարզ է դարձել, որ քննարկվող մոտեցումը կարող է վերաբերել ոչ միայն մարզային հասարակական տրանսպորտին, այլև մարզերի բնակիչների անձնական ավտոմեքենաներին։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձել էր մայրաքաղաքի երթևեկության ծանրաբեռնվածությանը և առաջարկել Երևանի մուտքերի մոտ ստեղծել մեծ ավտոկայանատեղիներ։ Նախատեսվող մոտեցման համաձայն՝ մարզերից անձնական մեքենաներով Երևան ժամանող քաղաքացիները կարող են իրենց ավտոմեքենաները թողնել այդ կայանատեղիներում, ապա քաղաքում տեղաշարժվել հասարակական տրանսպորտով։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հստակեցրել էր, որ քննարկվող առաջարկը վերաբերում է նաև մարզերի բնակիչների անձնական մեքենաներին։ Քաղաքային իշխանությունների ներկայացրած հիմնավորումն այն է, որ Երևանում մեքենաների թվի աճը մեծացնում է երթևեկության ծանրաբեռնվածությունը, և անհրաժեշտ է նվազեցնել մայրաքաղաք մուտք գործող տրանսպորտային միջոցների քանակը։ Քննարկվում է նաև միջհամայնքային տրանսպորտի հարցը, քանի որ որոշ մեքենաներ Երևան մտնելուց հետո տարբեր կանգառներում ուղևորներ են վերցնում ու իջեցնում։

Նախաձեռնության մասին տեղեկության տարածումից հետո թեման դարձել է հանրային քննարկումների առարկա։ Քաղաքացիների բարձրացրած հարցերից հիմնականն այն է, թե ինչպես են մարզերից Երևան աշխատանքի, ուսման, բուժման կամ այլ նպատակներով ժամանողները կազմակերպելու իրենց տեղաշարժը, եթե անձնական մեքենայով մայրաքաղաք մտնելը սահմանափակվի։ Քննադատություններ են հնչում նաև այն հարցի շուրջ, թե արդյոք նման մոտեցումը գործնականում կթեթևացնի երթևեկությունը, թե պարզապես լրացուցիչ խնդիրներ կստեղծի մարզերից եկող մարդկանց համար։

Մարզերի բնակիչների համար անձնական ավտոմեքենան հաճախ ոչ թե հարմարավետության միջոց է, այլ անհրաժեշտություն։ Շատերը Երևան են գալիս մի քանի տարբեր հասցեներով տեղաշարժվելու, աշխատանքի հասնելու կամ գործնական հարցեր լուծելու նպատակով։ Այդ պայմաններում մեքենան քաղաքի մուտքի մոտ թողնելու և հասարակական տրանսպորտից օգտվելու անհրաժեշտությունը կարող է լրացուցիչ ժամանակ ու ծախսեր պահանջել։ Հարց է առաջանում նաև, թե ինչպես են կազմակերպվելու կայանատեղիների կառուցումն ու շահագործումը, ինչքան մեքենա դրանք կկարողանան տեղավորել, և արդյոք հասարակական տրանսպորտը կկարողանա սպասարկել լրացուցիչ ուղևորահոսքը։

«Ամեն ինչ անում են, որ ոտքի կանգնենք, մենք լռում ենք»,- գրել է օգտատերերից մեկը վերոնշյալի վերաբերյալ հրապարակումներից մեկի մեկնաբանություններում:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սա Փաշինյանի վրեժը չէ

Սա Փաշինյանի վրեժը չէ Wed, 14 Oct 2026 13:23:41 +0400 Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող հետապնդումները …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով