Պիտի դիմակը պատռել այս իշխանության
Thu, 15 Oct 2026 11:59:39 +0400

Արցախցիների իրավունքների և արդարության հարցը միջազգային օրակարգում պահելու անհրաժեշտության մասին է խոսել ակտիվիստ Նարե Սիմոնյանը՝ կառավարության շենքի դիմաց COP17-ին ընդառաջ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ։
Սիմոնյանի խոսքով՝ անհրաժեշտ է շարունակել բարձրաձայնել արցախցիների առջև ծառացած խնդիրները և փորձել դրանց մասին տեղեկացնել միջազգային հանրությանը՝ անկախ նրանից, թե որքանով է վերջինս պատրաստ լսելու այդ ձայնը։
«Կարևոր է մեր ձայնը լսելի դարձնել միջազգային հանրությանը, նույնիսկ եթե այն չի ուզում լսել»,- նշել է ակտիվիստը։
Նա ընդգծել է, որ խաղաղության մասին խոսակցությունները չեն կարող անտեսել էթնիկ զտման և ցեղասպանության միջով անցած հարյուր հազարավոր մարդկանց իրավունքներն ու պահանջները։ Սիմոնյանի գնահատմամբ՝ արդարության պահանջը չի կարող լռեցվել քաղաքական հայտարարություններով, իսկ կայուն խաղաղությունը պետք է հիմնված լինի արժանապատվության և արդարության վրա։
Ակտիվիստը նաև քննադատել է Հայաստանի իշխանությունների գործածած բառապաշարը՝ հակադրություն տեսնելով ժողովրդավարության մասին հնչող հայտարարությունների և երկրի ներսում հնչող կոշտ արտահայտությունների միջև։
«Չեք կարող աշխարհում խոսել ժողովրդավարության մասին, երբ ձեր երկրի ներսում խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով»,- հայտարարել է նա։
Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանի հասարակությունն արդեն ճանաչում է իշխանությունների իրական դեմքը, և այժմ անհրաժեշտ է, որ այդ պատկերը տեսանելի դառնա նաև միջազգային հանրության համար։
«Երկրի ներսում ժողովուրդը գիտի ձեր իրական պատկերը, ժամանակն է պատռել ձեր դիմակը միջազգային հանրության համար»,- եզրափակել է ակտիվիստը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր