Կարմիր գծերը վերանո՞ւմ են, երբ այլևս եկամուտ չեն ապահովում
Thu, 15 Oct 2026 12:02:24 +0400

Կարմիր գծերը վերանո՞ւմ են, երբ այլևս եկամուտ չեն ապահովում։
ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր։
Գլխավոր շտաբի պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներ և, այդ այցերի վերաբերյալ հրապարակումներ կատարելու՝ կարծես արդեն բարի ավանդույթ դարձած գործելակերպի համաձայն, հրապարակել լուսանկարներ։
Ուսումնասիրելով լուսանկարները՝ ակնհայտ է դառնում, որ գլխավոր շտաբի պետը, օրինակ վերցնելով ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանից, զորամասի ճաշարանի սննդի արտադրամաս այցելելիս, ինչի մասին վկայում է զինծառայողների համար նախատեսված չափաբաժինները կշռելու կշեռքի էկրանի ուղղվածությունը, նույնպես անտեսում է սննդի կետերում ստուգումներ իրականացնող անձանց հանդերձանքին ներկայացվող պահանջները՝ անտեսելով այն հանգամանքը, որ ստուգողն իր հագուստով կամ անձնական իրերով չպետք է կենսաբանական կամ ֆիզիկական աղտոտման աղբյուր հանդիսանա։
Այսինքն՝ նախքան խոհանոց, պահեստ կամ արտադրամաս մտնելը անհրաժեշտ է պահպանել, ի թիվս այլոց, հետևյալ հիմնական պահանջները՝
– մեկանգամյա օգտագործման խալաթ կամ թիկնոց,
– գլխարկ կամ մազածածկոց,
– բախիլների օգտագործում և այլն։
Ավելին, զորամասի շինություններից մեկում արված լուսանկարից երևում է, որ այնտեղ ժամանակին առկա են եղել հատակի եզրերով անցնող կարմիր գծեր, որոնք նախատեսված էին զորամասի հոսանքազրկման և լուսաքողարկման ժամանակահատվածում գիշերային կողմնորոշման համար։ Տագնապ հայտարարվելու կամ գիշերային թույլ լուսավորության՝ «հերթապահ լուսավորության ռեժիմի» պայմաններում վառ գծերն օգնում են զինծառայողներին ավելի արագ կողմնորոշվել մթության մեջ և միջանցքով տեղաշարժվելիս խուսափել պատերին դիպչելուց։
Ուսումնասիրելով լուսանկարները՝ հիմնավոր մտահոգություն է առաջանում, թե ինչ պատկեր է տեսախցիկի կադրից դուրս։
Ուսումնասիրելով գլխավոր շտաբի պետի կենսագրությունը՝ առաջանում է մեկ այլ տրամաբանական հարց՝ վերջինս ե՞րբ, որտե՞ղ և ի՞նչ պայմաններում է ընդունել զինվորական երդումը՝ հաշվի առնելով, որ նա ծնվել է 1977 թվականին, իսկ 1994 թվականից՝ դեռևս զորակոչային տարիքի չհասած՝ տասնյոթ տարեկանից, ծառայել է զինված ուժերում և, չունենալով բարձրագույն զինվորական կրթություն, արդեն զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ։ Ռազմական ակադեմիայում ուսումը և այլ վերապատրաստումները, ի վերջո, ուղղված են զինվորական որակավորման բարձրացմանը։
Վերոգրյալն ամփոփելով՝ գրեթե պարզ է դառնում, թե ինչով կարող են պայմանավորված լինել զինված ուժերում տիրող իրավիճակի արմատները։
Հաշվի առնելով, որ պաշտպանության նախարարությունը մոնիտորինգի է ենթարկում սոցիալական ցանցերը և հետևում հրապարակումների ներքո գրված մեկնաբանություններին՝ հույս ենք հայտնում, որ հանրությանը կներկայացվեն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի՝ զինվորական երդում ընդունելու վերաբերյալ տեղեկությունները և այն պայմանները, որոնցում դա տեղի է ունեցել։
Հ.Գ. Ամեն դեպքում, համեմատության համար կուզենայինք տեսնել այն կնոջը, որը կվստահեր իր առողջությունն այն գինեկոլոգին, որը հեռակա կարգով ավարտած կլիներ իրավագիտության ֆակուլտետը, իսկ հետագայում՝ գինեկոլոգիայի օրդինատուրան և ասպիրանտուրան։
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր