Շաբաթ , 17 Հոկտեմբերի 2026

Ալենն Ալիևից խաղաղության աղավնի է սարքում

Ալենն Ալիևից խաղաղության աղավնի է սարքում

Fri, 16 Oct 2026 16:45:29 +0400


Ալեն Սիմոնյանը COP-17-ի կլիմայական համաժողովի ետնաբեմում Ալիևից փորձում է խաղաղության աղավնի քանդակել։ Հումքը մի քիչ սխալ է ընտրված․ Ալիևն իր քաղաքականությամբ այնպիսի նյութ է, որից աղավնի դժվար թե ստացվի։ Բայց դե, երբ խաղաղությունը դարձել է իշխանության նախընտրական կավը, ՔՊ-ն անհնարինն էլ է փորձում։

Ալենը չի կարող ասել, թե Ադրբեջանը մեր բարեկամ երկիրն է։ Դա արդեն մի քիչ շատ կլիներ նույնիսկ ՔՊ-ի չափանիշներով։ Երբ Արարատ Միրզոյանը գագաթնաժողովում ասաց՝ Ռուսաստանը մեր բարեկամ երկիրն է, հանրությունն արձագանքեց՝ բա խի՞ եք մեզ ու ռուսին լարում իրար դեմ։ Հիմա Ալենը զգույշ է։ «Բարեկամ» բառը չի արտասանում, որ հանկարծ ժողովուրդը չհարցնի՝ իսկ թշնամի՞ն ով է, եթե ոչ նա, ով տարիներ շարունակ սպառնացել է մեզ, պատերազմել մեր դեմ ու Հայաստանից նոր զիջումներ է պահանջում։

Ուստի ընտրվել է դիվանագիտական կավագործության ավելի նուրբ տեխնոլոգիա։ Ալենը պատմում է․

«Ես առիթ ունեցա Ադրբեջանի նախագահին ասելու, որ երբ խոսում ենք խաղաղության մասին, դրանում կարևոր դեր է խաղում նաև ինքը։ Եվ նրա հռետորաբանությունը լսում են նաև Հայաստանում։ Նա լսեց և ասաց՝ «լավ, բարի»»։

Տեսա՞ք՝ ինչքան հեշտ է։ Ալենը Ալիևին բացատրել է, որ իր խոսքերը Հայաստանում լսում են։ Ալիևն էլ լսել է Ալենին ու ասել՝ «լավ, բարի»։ Եվ ահա հայկական դիվանագիտության նորագույն նվաճումը՝ Ադրբեջանին տեղեկացնել, որ Հայաստանում լսում են իր սպառնալիքները, իսկ դրա դիմաց ստանալ երկու բառանոց հավաստիացում՝ «լավ, բարի»։

Բա էլ ի՞նչ է պետք խաղաղության համար։ Ալիևը լսեց, Ալենը գոհ մնաց, խաղաղության աղավնին արդեն կավից դուրս է գալիս։ Մնում է՝ կտուցը ճիշտ ուղղությամբ դնեն։ Հետո, իհարկե, պարզեն՝ աղավնի՞ է ստացվել, թե՞ Ալիևի հերթական պահանջը՝ թևեր առած։
Մի փոքր անհարմարություն, այնուամենայնիվ, կա․ Ալիևի հռետորաբանությունը լսելուց հետո հայ ժողովրդին դժվար է համոզել, որ «լավ, բարի»-ն արդեն խաղաղության երաշխիք է։ Առավել ևս, որ խաղաղությունը միայն գեղեցիկ բառերով ու քաղաքավարի երկխոսություններով չի հաստատվում։

Ալենը, իհարկե, կարող է շարունակել քանդակագործությունը։ Միայն չմոռանա՝ կավը որքան էլ փափուկ լինի, իրականությունը դրանից խաղաղության աղավնի չի դառնում։ Հատկապես երբ քանդակագործը փորձում է թշնամու ձեռքով խաղաղություն ծեփել, բայց մոռանում է հարցնել՝ իսկ Ալիևն այդ աղավնուն թևեր տալի՞ս է, թե՞ հերթական անգամ կտրում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

COP17-ի մեկնարկը և առաջնորդների ժամանումը Երևան․ օրվա թոփ թեմաները

COP17-ի մեկնարկը և առաջնորդների ժամանումը Երևան․ օրվա թոփ թեմաները Thu, 15 Oct 2026 22:57:51 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով