Երկուշաբթի , 19 Հոկտեմբերի 2026

Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են

Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են

Mon, 19 Oct 2026 11:14:00 +0400


Թեև ես հնարավորին չափ խուսափում եմ խոսել ինձ առնչվող գործի մասին, բայց դատավարության առաջին նիստից հետո ուզում եմ կիսվել մի քանի ապրումներով։

Դատավարության ամբողջ ընթացքում և դրանից հետո մի միտք ինձ հանգիստ չի տալիս։ Փորձում եմ պատկերացնել, թե ի´նչ ապրումներ են ունենում Բաքվի դատարաններում գտնվող մեր հայրենակիցները։ Հոգեբանական ահռելի ճնշման, բացարձակ մեկուսացման, տեղեկատվական բլոկադայի մեջ այդ մարդիկ ի´նչ արժանապատիվ են իրենց պահում։ Իրոք, մի վայրկյան պատկերացրեք մթնոլորտը, և թե ընդհանրապես ի´նչ պայմաններում են ընթանում Բաքվի դատավարությունները, որոնց ընթացքում մեր հայրենակիցները կարողանում են արժանապատվորեն պաշտպանել թե´ իրենց, թե´ Հայաստանը։

Անարդար մեղադրանքը միշտ վատ է, հոգեբանորեն ճնշող։ Բայց ես մտածում եմ՝ ես Երևանում եմ, դահլիճում ու բակում կան ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ, փաստաբաններ, որոնք շատ լավ անում են իրենց գործը, հանրային գործիչներ, իրավապաշտպաններ, լրատվամիջոցներ, որոնք արձանագրում են խախտումները և ցույց տալիս ճշմարտությունը, ես ստանում եմ աջակցության խոսքեր. բոլորովին այլ միջավայր է։ Ի վերջո, գոնե դատարանի դահլիճում կարող եմ տեսնել հարազատ մարդկանց, ընկերներիս։ Նույնիսկ քննիչներն ու դատախազները, որոնք առայժմ չեն ուզում ընդունել, որ անարդարություն է կատարվում, էլի´ իմ հայրենակիցներն են. հիմա, երբ իմ հանդեպ անարդարություն է կատարվում, մտածում եմ՝ երևի կյանքի այդպիսի փուլ է, գուցե վատ մարդիկ չեն, մի օր իրենք էլ կընդունեն, որ կատարվողը մեղմ ասած այնքան էլ ճիշտ չէ։

Բայց Բաքվի դատարաններում մեր հայրենակիցները, որոնց մեջ նաև իմ ընկերներն են, ամբողջությամբ մեկուսացված են, չունեն որևէ աջակցություն ու այդ պայմաններում նման արժանապատիվ կեցվածքով են հանդես գալիս։

Ի դեպ, իմացա, որ այն դահլիճում, որտեղ մեր դատն է, կայացել է նաև Միքայել Սրբազանի դատավարությունը՝ մարդու, որի հանդեպ ես միշտ ունեցել եմ խոր պատկառանք։ Երևի կյանքում պատահական բաներ չեն լինում։ Ես, իհարկե, Սրբազան չեմ, բայց գոնե այս գործում 100 տոկոսով արդար եմ։ Այս գիտակցումը ինձ տալիս է վստահություն, ուժ, տալիս է անսահման հավատ, որը արդարությունը հաղթելու է։
Շնորհակալություն այն մեծ աջակցության համար, որ ես տեսա, զգացի։ Դատարանի դահլիճում տեսա ինձ հարազատ ու ծանոթ մարդկանց, ինչպես նաև հանրային տարբեր շրջանակներից գործիչների։ Սա տալիս է լրացուցիչ ուժ և վստահություն։
Ազատությո´ւն Բաքվում պահվող մեր հայրենակիցներին

Ազատությո´ւն բոլոր քաղբանտարկյալներին

Կենտրոն ՔԿՀ

Գագիկ Ծառուկյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Եվրոպան նորից երես է թեքում Փաշինյանից

«Հրապարակ»․ Եվրոպան նորից երես է թեքում Փաշինյանից Sat, 17 Oct 2026 11:00:03 +0400 Ամիսներ շարունակ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով