Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային
Tue, 20 Oct 2026 15:15:40 +0400

Սովետի տարիներն էին։ Հարևանուհիս Մոսկվա էր գնացել՝ որդու մոտ։ Որդին վարձով էր ապրում։ Տանտիրուհին մահացել էր, մայրը գնում էր այդ առիթով։ Ասում էր․
— Կգնամ թաղմանը, տղայի ձեռքը կսեղմեմ, բռում մի կարմիր տասանոց կդնեմ, որ իմանա՝ ինչ շնորհքով են հայերը։
Երբ տեղ է հասնում, տղան աշխատանքի է լինում։ Որոշում է՝ ինքը մենակ գնա արարողությանը։ Տղան ասել էր, որ մի երկու շենք այն կողմ է տանտիրոջ տունը։ Մտածում է՝ դագաղի կափարիչ կտեսնի, կմտնի։
Այդպես էլ անում է։ Մի երկու շենք այն կողմ դագաղի կափարիչ է տեսնում ու մտնում։ Մասնակցում է թաղմանը, անգամ սրտի խոսք է ասում։ Տղան էլ շատ գոհ է լինում, որովհետև ափի մեջ մի կարմիր տասանոց էր դրել ու հոնգուր-հոնգուր լաց էր եղել։ Ասում է․
— Չգիտեի, որ մայրս «Սոլնեչնի Արմինիայում» նման կապեր ունի։
Հարևանուհուս տղան, երբ տուն է դառնում, տեսնում է՝ մայրը չկա։ Գնում է թաղման տեղը՝ չկա։ Արդեն ոստիկանություն էր ուզում դիմել, երբ մայրը դուռը բացում ու ներս է մտնում։
Չի հասցնում բան հարցնել, երբ մայրը գոհունակ ձայնով պատմում է․
— Գնացի տանտիրոջդ թաղմանը, հացին էլ մասնակցեցի, կենաց ասացի, վերջում էլ տղային ձեռքին մի կարմիր տասանոց դրի ու եկա։ Էնքան գո՜հ էին։
Տղան հասկանում է, որ մայրը ուրիշ թաղման է գնացել։ Շարունակությունը թողնում եմ ձեզ։ Պարզվում է՝ տանտիրոջ տունը կողքի շենքում է եղել։
Հիմա Նիկոլ Փաշինյանն է։
COP17-ի միջոցառումն էր։ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին Փաշինյանն անվանում է Ղազախստանի նախագահ։ Մեխանիկորեն կարդում էր պրոտոկոլի՝ իրեն տրված թղթից։ Ինքը Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային։ Լավ, այդքան աշխարհը ոտիդ տակ ես տալիս, Ղրղզստանի նախագահին չե՞ս ճանաչում, թե՞ աչքիդ առաջ միայն Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահներն են։
Իրեն թողած՝ երեկ աշխատանքից ազատել է Պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանին։ Բա թե՝ ինչո՞ւ ինձ չես ասել՝ ով ով է։
Հիմա այս երկու դեպքերը ո՞նց չհամեմատես։
Նիկոլ Փաշինյանը, որ ասում է՝ յոթ տարի մնացել ենք նույն դասարանում, չափազանց լավատես է։ Իրենք ոչ թե յոթ տարի, այլ Սովետի տարիներում են մնացել։ Հարևանուհուս նման թաղման են գնում, բայց ոչ տան տեղն են իմանում, ոչ էլ՝ մեռնողին։
Միայն մի տարբերություն կա։ Հարևանուհիս սխալ թաղման էր գնացել, բայց իր սխալի համար ուրիշին չէր պատժել։ Տղային չէր մեղադրել։ Իսկ այստեղ սխալվողը վարչապետն է, պատժվողը՝ ենթական։ Փաշինյանը, ինչպես միշտ, ոչ մի հարցում մեղավոր չէ։ Գին վճարողը միշտ ենթական է լինում։
Ու այսպես՝ յոթ տարի նույն դասարանում նստած՝ դեռ դասը չեն սովորել։ Բայց պատիժ նշանակելու հարցում գերազանցիկ են։ Միայն թե իրենց չեն պատժում։
Սա արդեն սովորական կիքս չէ։ Սա մի ամբողջ կառավարման համակարգի պատկեր է՝ վերևում սխալվում են, ներքևում պատժվում, իսկ վարչապետը շարունակում է կարդալ իրեն տրված թղթից։ Մինչև հաջորդ թաղումը։ Հույս ունենանք՝ այս անգամ գոնե ճիշտ հասցեն կգտնեն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր