Ի՞նչն է շատ ավելի կարևոր պետական շահերի տեսակետից
Tue, 20 Oct 2026 17:15:39 +0400

Լրագրողի՝ «Շիկահողի արգելոցի և «Սոսիների պուրակ» արգելավայրի կարգավիճակի հարցը օկուպացիայից հետո դիտարկվե՞լ է արդյոք» հարցին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Մաթևոսյանը տվել է բացասական պատասխան: Այնուհետև պատասխանել է երկրորդ՝ «Եթե չի դիտարկվել, ապա ինչո՞ւ» հարցին: Վերջինիս խոսքով, «պետական շահերի տեսակետից խաղաղության օրակարգը շատ ավելի կարևոր է»:
Արձանագրենք, որ նման պատասխան է տալիս ոչ թե ընդհանրապես քաղաքական գործիչը (նախարարը քաղաքական գործիչ է), այլ բնության պահպանության գծով գլխավոր քաղաքական գործիչը: Միաժամանակ, նման պատասխան է հնչում ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի օրերին: Ինչը հերթական անգամ վկայում է, որ մեր երկրում առկա է գլխիվայր շրջված իրականություն: Որովհետև եթե այս օրերին Երևանում անցկացվեր, ասենք, ՄԱԿ-ի «Հակակենսաբազմազանության POC71» համաժողով, ապա ոլորտային նախարարի նման պատասխանը կարող էր նաև ադեկվատ դիտարկվել: Ու այս հոդվածն էլ, բնականաբար, չէր գրվի՝ անանց վիշտ պատճառելով թե՛ հեղինակին և թե՛ ընթերցողին:
Ինչևէ, որպես օբյեկտիվ անձնավորություն չեմ կարող, այնուամենայնիվ, դրական խոսք չասել նախարար Մաթևոսյանի խոսքի առումով: Վերջինս պայմանավորվել էր, որ կպատասխանի ընդամենը մեկ հարցի, սակայն տվել է երկու հարցի պատասխան: Որովհետև եթե պահպաներ պայմանավորվածությունը և չտար երկրորդի պատասխանը՝ չէինք իմանա, թե ինչն է շատ ավելի կարևոր պետական շահերի տեսակետից: Ինձ, օրինակ, միշտ թվացել է, որ պետական շահերի տեսակետից ամենակարևոր բանը այդ պետության քաղաքացիների անվտանգությունն է: Բայց շուրջ երեք շաբաթ առաջ շաքեցի Անի Ավետիսյանի հետ պատահածը վկայեց, որ ամենակարևոր երևույթը բարձիթողի է արված: Ինչն, ի դեպ, պարտադիր պետք է լիներ խաղաղության օրակարգի հետ փոխկապակցված հիմնական հարցը: Բայց պետական շահերի տեսակետից առկա է նաև ոչ պակաս կարևոր մեկ այլ հարց: Դա յուրաքանչյուր պետության տարածքային ամբողջականության ապահովումն է: Ինչպես տեղյակ ենք, գործող իշխանության «ջանքերի» շնորհիվ այդ հարցը ևս երկրի ողջ արևելյան սահմանով տապալված է:
Եթե այդպես չլիներ, ապա լրագրողը Շիկահողի արգելոցի և «Սոսիների պուրակ» արգելավայրի վերաբերյալ նման հարց տալու կարիք չէր ունենա: Քանի որ դրանք կլինեին իրենց տեղում իրենց կարգավիճակով: Բայց քանի որ գործող իշխանության շնորհիվ հայաստանյան տարածքները կարող են նաև տեղաշարժվել, ապա կառաջանան նաև այդպիսի հարցեր: Եվ քանի որ Արծվաշեն գյուղի կապակցությամբ այդ բարդ երկրաբանական թնջուկի լուծման նիկոլական տարբերակը ինձ շատ էր դուր եկել, ընթերցողներին հիշեցնեմ այն: «Բայց, օրինակ, կարող է լինել, օրինակ, Արծվաշենի ու Հայաստանի արանքում տարածք կա, որը Ադրբեջանի տարածքն է, գաղափարներից մեկն այն կարող է լինել, որ Արծվաշեն գյուղն իր տարածքով տեղաշարժվում է այնքան, այսինքն, բերվում մոտեցվում է, մի քիչ աջ, մի քիչ ձախ, մի քիչ ուղիղ տանելով բերվում, մոտեցվում է նրան, որ իր և Հայաստանի արանքում տարածք չմնա»:
Կարծում եմ, որ այս մեջբերումը խորհրդարանական պետության գլխավոր պաշտոնյայի խոսքի ու մտածողության տիպիկ դրսևորում է: Բնականաբար, եթե այդ պետությունը Հայաստանի Հանրապետությունն է: Իսկ գլխավոր պաշտոնյան էլ վարչապետ Փաշինյան Նիկոլը: Ու այդ պարագայում Արծվաշենը կարող է տեղաշարժվել, այսինքն՝ «մի քիչ աջ, մի քիչ ձախ, մի քիչ ուղիղ տանելով բերվում, մոտեցվում է…»: Որպես գրագետ անձնավորություն՝ ես գիտեմ, որ նախորդ նախադասության մեջ առկա «բերվում, մոտեցվում է…» մեջբերումը պետք է ունենար «բերվի, մոտեցվի…» ձևը: Սակայն որպես շարքային քաղաքացի, այն էլ՝ թոշակառու (այսինքն՝ ոչ խոշոր հարկատու հերոս) ի՞նչ իրավունքով պետք է խմբագրեի երբեմնի «դուխով» վարչապետի բանավոր խոսքը: Հատկապես հաշվի առնելով, որ ինքը բազմիցս հանդես է եկել որպես «նորաձև կրթության» բանախոս՝ կիսելով այդ պատասխանատու կարգավիճակը քաղաքացիական կնոջ հետ: Կամ, ենթադրաբար, նախկին կնոջ հետ, քանի որ «պաշտոնապես» հայտարարվեց բաժանվելը, սակայն նույնը չարվեց վերադարձի առումով:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր