Հինգշաբթի , 22 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Ոնց որ մեկին մեղադրես սպանության մեջ, թե քո փռշտոցից մարդու սիրտը կանգնել է

«Հրապարակ»․ Ոնց որ մեկին մեղադրես սպանության մեջ, թե քո փռշտոցից մարդու սիրտը կանգնել է

Thu, 22 Oct 2026 10:45:16 +0400


2025 թվականի հոկտեմբերի 17-ին սկանդալային տեղեկություն տարածվեց` Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գեւորգյանը, պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը եւ համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ ձերբակալվել են` քրեական վարույթի շրջանակներում։ Հակակոռուպցիոն կոմիտեն նրանց մեղադրում էր հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում եւ խարդախություն կատարելու, ինչպես նաեւ՝ կաշառք ստանալու մեջ։ Աննախադեպ գործ մանկավարժական հանրույթի համար: Տասը մեղադրյալ, աղմկոտ մեղադրանքներ, աշխատանքից ազատումներ: Հետո աղմուկը լռեց, մոռացվեց գործը, հատուկենտ հրապարակումներից բացի ոչ ոք չհիշեց, թե ինչով ավարտվեց «դարի կոռուպցիոն բացահայտումը»:

Մենք տեղեկացանք, որ այդ քրեական գործը 2026-ի մարտից դատարանում է։ Այն սկզբում մակագրվել էր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանին, սակայն ամռանը նրա լիազորությունները դադարեցվելուց հետո գործի քննությունը պետք է նորից սկսվի, քանի որ մակագրվել է նույն դատարանի մեկ այլ դատավորի` Տիգրան Դավթյանին։

Ռեկտոր Սրբուհի Գեւորգյանին կալանավորելու միջնորդությունն ի սկզբանե դատարանը մերժել էր՝ նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելով տնային կալանքն ու 20 միլիոն դրամ գրավը։ Պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը խոստովանական ցուցմունք էր տվել, ինչը հաշվի առնելով՝ նրա նկատմամբ ավելի թեթեւ խափանման միջոց էր ընտրվել` բացակայելու արգելքը։ Ներկայում բոլոր մեղադրյալների նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրված է բացակայելու արգելքը։
«Հրապարակ»-ի հետ զրույցում Մարիաննա Հարությունյանի պաշտպան Գոռ Գեւորգյանը նշեց, որ գործով դեռեւս բուն դատաքննությունը չի մեկնարկել` նիստեր չեն լինում, մեկ նախնական դատալսման նիստ է կայացել, որի ընթացքում որեւէ հարց չի քննարկվել։ Պատճառը, ըստ նրա, պաշտպանների մեծաթիվ լինելն ու նրանց աշխատանքային ծանրաբեռնվածությունն է․ «Պաշտպանների շատ լինելով է դա պայմանավորված։ Շատ-շատ ենք` նիստերը չեն հարմարվում, բոլորը ծանրաբեռնված են»։

Անդրադառնալով իր պաշտպանյալի դիրքորոշմանը՝ Գեւորգյանը նշեց, որ Մարիաննա Հարությունյանը չի վիճարկում գործով ներկայացված փաստական հանգամանքները, սակայն չի ընդունում կաշառքի մեղադրանքը։ Նրա համոզմամբ՝ նկարագրված գործողությունները կաշառքի հետ որեւէ առնչություն չունեն․ «Կաշառքի հետ իրենց արարքները որեւէ առնչություն չունեն, կարծում եմ՝ այդ հետեւությանը կգա իրավաբանների 99 տոկոսը։ Իր տված ցուցմունքով Մարիաննա Հարությունյանը Սրբուհի Գեւորգյանին որեւէ հանցանքի մեջ չի մերկացրել, միանշանակ՝ որեւէ մեկի դեմ չէ։ Փաստական հանգամանքներն իմ պաշտպանյալը չի վիճարկում, բայց կաշառքի մասով մեղադրանքը չի ընդունում»։

Պաշտպանի ներկայացմամբ՝ գործով կան դրվագներ, որոնցում քննությունը ներքին դիտման եւ լսումների արդյունքում արձանագրված հանգամանքները մեկնաբանել է որպես կաշառքի դրսեւորումներ, մինչդեռ, իր համոզմամբ, այդ դրվագներում նկարագրված իրադարձությունները բոլորովին այլ բացատրություն ունեն։ Նրա խոսքով՝ դրվագներից մեկում խոսքը Գողթ գյուղում գտնվող առանձնատան մասին է, որը, ըստ պաշտպանի, տրվել է օրավարձով։ Մյուս դրվագը վերաբերում է պաշտոնի նշանակված աշխատակցուհուն, որի պարտականությունների մի մասը, փաստացի, կատարել է Մարիաննա Հարությունյանը․ «Պաշտոնի նշանակվելուց հետո պայմանավորվել են, որ կազմակերպչական մասը Մարիաննա Հարությունյանը կանի, իսկ գիտական մասը, որն ավելի ծանր է, կկատարի մյուս աշխատակցուհին։ Այսինքն՝ փաստացի աշխատակցուհին էլ չի նեղվել, գիտակցել է իրավիճակը։ Աշխատավարձն էլ կիսվել է, որովհետեւ պաշտոնի հետ կապված աշխատանքների 80 տոկոսը կատարել է Մարիաննա Հարությունյանը, 20 տոկոսը՝ մյուս աշխատակցուհին։ Այս դրվագներն են դիտարկվել որպես կաշառք, բայց այստեղ կաշառքի մասին խոսք լինել չի կարող։ Կաշառք կլիներ, եթե ասեր՝ փողը ստացիր, տուր ինձ»։

Գոռ Գեւորգյանը մեղադրանքի եւ իր պաշտպանյալի գործողությունների միջեւ կապը համարում է անհիմն՝ գործի տրամաբանությունը բացատրելու համար անելով համեմատություն․ «Հիմա էլ չի վիճարկում փաստական հանգամանքները, փաստն ընդունում է։ Ենթադրենք՝ ես փռշտացել եմ, կողքիս մարդ է մահացել։ Ի՞նչ կապ ունի իմ փռշտոցը մարդու մահվան հետ։ Ինձ վրա դնում են դիտավորյալ սպանություն եւ ասում են՝ քո փռշտոցից մարդու սիրտը կարող է կանգնել։ Այ, սենց անտրամաբանական գործ է»։

Հարցին, թե այդ գործով որեւէ կարգավիճակ ունի՞ Մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը, Գոռ Գեւորգյանը պատասխանեց՝ ոչ։ Հատկանշական է, որ Ժաննա Անդրեասյանը համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, Սրբուհի Գեւորգյանը նրա ընկերուհին է, ինչպես նրա ընկերուհին է այսօրվա ռեկտորի ԺՊ Արաքսյա Սվաջյանը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Եվրոպայում չենք գտնում գեթ 1 անձ, ընկերություն, որ մեր ծաղիկները գնի

«Հրապարակ»․ Եվրոպայում չենք գտնում գեթ 1 անձ, ընկերություն, որ մեր ծաղիկները գնի Thu, 22 Oct …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով