Փողը ծախսվեց, բայց խնդիրները չլուծվեցին
Thu, 22 Oct 2026 12:45:49 +0400

Հոկտեմբերի 16-ին Երեւանում մեկնարկել էր կենսաբազմազանությանը նվիրված COP17 գագաթնաժողովը։ Տրամաբանությունը հուշում է, որ, տարբեր գնահատականներով` 30-50 միլիոն դոլար այս միջոցառման վրա ծախսած ՀՀ իշխանությունները պետք է ոչ միայն փիառ անեին, ոգեւորեին հասարակությանը, թե շուտով զբոսաշրջությունը միլիարդների եկամուտ է մեր երկրին բերելու, կամ մեր երկրի միջազգային հեղինակությունն ենք բարձրացրել, այլ նախ պատշաճ իրազեկեին այս միջոցառման կարեւորության մասին, թե հատկապես բնությամբ հարուստ, բայց բազմաթիվ բնապահպանական խնդիրներ ունեցող մեզ նման երկրի պարագայում ինչ է մեզ տալու այս գագաթնաժողովը։
Հայաստանն այսօր բնապահպանական լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած։ Երեւանի օդի աղտոտվածությունը վերջին տարիներին հաճախ հասնում է մտահոգիչ մակարդակի՝ գերազանցելով թույլատրելի սահմանները։ Այս պայմաններում կենսաբազմազանությանը նվիրված միջազգային գագաթնաժողովը կարող էր դառնալ ոչ միայն միջազգային նշանակության միջոցառում, այլեւ հասարակության բնապահպանական գիտակցության բարձրացման, առկա խնդիրների հանրայնացման եւ դրանց լուծման շուրջ քննարկումներ ծավալելու առիթ։
Անկեղծ ասած՝ ես հույս ունեի, որ իշխանությունները կկարեւորեն այս հնարավորությունը եւ կփորձեն մարդկանց ուշադրությունը հրավիրել իրենց շրջապատող բնության պահպանության վրա։ Առավել եւս, որ սա այնպիսի թեմա է, որը կարող էր միավորել հասարակությանը՝ անկախ քաղաքական հայացքներից։ Բնապահպանությունը քաղաքական հակառակորդներ փնտրելու կամ հասարակությունը բաժանելու հարց չէ․ այն բոլորիս կյանքի եւ առողջության հետ է կապված։ Սակայն այս հարցում էլ իշխանությունները կարծես չեն ընկալում միջոցառման իրական նշանակությունը՝ այն վերածելով հերթական ցուցադրական միջոցառման։
Երկրի վարչապետի համար այս գագաթնաժողովի կարեւորությունը սահմանափակվում է նրանով, որ հյուրերը փող կծախսեն, պետությունն էլ պետբյուջեից գումարներ կծախսի, ինչ-որ մարդիկ ու կազմակերպություններ փող կաշխատեն։ Բայց ի՞նչ է փոխվելու այս գագաթնաժողովից հետո Հայաստանի բնապահպանական խնդիրների լուծման առումով։ Ոչինչ։ Փոխարենը վարչապետը մոտավորապես հաշվել է, թե որքան գումար կծախսեն հյուրերն այս օրերին Հայաստանում։ Միջազգային գագաթնաժողովի ծախսային մասը դառնում է առաջնային, իսկ երկրի բնապահպանական խնդիրների լուծումն անտեսվում է: Այս պարագայում միջոցառման իրական արդյունավետության մասին խոսելն անգամ ավելորդ է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր