Հինգշաբթի , 22 Հոկտեմբերի 2026

Փաշինյանի պատասխանը Պուտինին

Փաշինյանի պատասխանը Պուտինին

Thu, 22 Oct 2026 18:15:57 +0400


Նիկոլ Փաշինյանն ամբողջ օրվա ընթացքում այդպես էլ ուղիղ չանդրադարձավ Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից եւ Ղրղզստանից Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամների պատրաստած զեկույցին եւ դրանում ներկայացված կանխատեսումներին, որոնք ազդարարում էին այն աղետալի հետեւանքների մասին, որ սպասվում են Հայաստանին` ԵԱՏՄ-ից դուրս գալու պարագայում: Դրա փոխարեն Փաշինյանը մի քանի գրառում արեց Ֆեյսբուքի իր էջում՝ փորձելով ցույց տալ, որ ոչ մի զեկույց էլ չի եղել, որ իր իշխանությանը ոչինչ չի սպառնում, որեւէ մեկը չի կարող իր դեմ ընդվզում կազմակերպել, եւ եթե ինքն ուզենա, բոլորին էլ կարող է զրկել ոչ միայն ընտրելու կամ ընտրվելու իրավունքից, այլեւ նույնիսկ շարքային ավագ մասնագետի աշխատանքից եւ անգամ հաց ուտելու հնարավորությունից: Սա զգուշացում էր ոչ միայն հայ հասարակությանը, այլեւ՝ ՌԴ նախագահին: Ստեփանավանում երեկ տեղի ունեցած կալանավորումները դրա եւս մեկ ապացույցն են:

Դեռեւս մայիսին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցած ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում միության անդամ չորս երկրներ հայտարարություն էին ստորագրել, որով Հայաստանին հորդորում էին՝ մինչեւ դեկտեմբեր հանրաքվե անցկացնել եւ որոշել, թե որ ուղղությամբ է շարժվում Հայաստանը`ԵԱՏՄ, թե ԵՄ։ Այդ նույն նիստում որոշել էին չորս երկրների ներկայացուցիչներից հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրեր, թե ԵԱՏՄ-ից հեռացումն ինչ հետեւանքներ կունենա Հայաստանի համար: Եվ հոկտեմբերի 20-ին հանձնաժողովը հրապարակեց մի ծավալուն ուսումնասիրություն, որը կարելի է համարել վերջին նախազգուշացումը Հայաստանին: Դեկտեմբերին կայանալիք բարձրագույն խորհրդի հերթական նիստի ժամանակ Հայաստանի հեռացման հարցը կդառնա օրակարգային, եւ, ամենայն հավանականությամբ, Հայաստանը կհեռացվի այդ միությունից:

Հրապարակված փաստաթղթից երեւում է, որ Ռուսաստանն արդեն որոշում է կայացրել, որ գազի գինը 177,5 դոլարից կդառնա 300։ Սա՝ առաջին փուլում, հետագայում այն կարող է էլ ավելի բարձրանալ` կախված շուկայական կոնյունկտուրայից: Միայն գազի գնի թանկացումը Հայաստանին կարժենա լրացուցիչ 268,5 միլիոն դոլար, ընդ որում՝ դրանից ավելի էժան գազ Հայաստանը չի կարող գտնել: Այդ գումարը վճարելու են Հայաստանի շարքային քաղաքացիները՝ իրենց կոմունալ վճարների բարձրացման պատճառով, ինչպես նաեւ՝ գազ սպառող տնտեսվարողները: Գազի գնի մոտ 70 տոկոս բարձրացումն էականորեն ազդելու է քաղաքացիների սոցիալական վիճակի եւ տնտեսության մրցունակության վրա, որն առանց այն էլ տուժում է շրջափակումից եւ դեպի ծով ելքի բացակայությունից: Ըստ կանխատեսումների, Հայաստանի ՀՆԱ-ն կնվազի 15,6 տոկոսով, սրա մասշտաբը հասկանալու համար բավական է ասել, որ 2009 թվականին միջազգային տնտեսական ճգնաժամի հետեւանքով Հայաստանը կորցրեց իր տնտեսության 14,1 տոկոսը, բայց այն ժամանակ դա հնարավոր եղավ վերականգնել համաշխարհային տնտեսության արագ վերականգնման հաշվին, ինչն այժմ չի սպասվում: Ապրանքների արտահանումը կարող է նվազել 30 տոկոս, իսկ ոգելից խմիչքների արտահանումը՝ 50 տոկոս, կավելանան երկաթուղային փոխադրման ծախսերը, եւ այսպես շարունակ:

Թե ինչ է ստանալու դրա դիմաց Հայաստանը, որեւէ մեկին հայտնի չէ, Հայաստանը ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ չունի, էլ չենք խոսում լիիրավ անդամակցության մասին, որն ընդհանրապես կարող է տեղի չունենալ: ԵՄ-ն, բնականաբար, Հայաստանի կրած տնտեսական կորուստները չի փոխհատուցելու, ԵՄ անդամ երկրներում սոցիալական բունտեր են, մարդիկ ուզում են հեղափոխություն անել` բողոքում են կյանքի պայմանների վատթարացման, գործազրկության եւ սոցիալական ապահովության բացակայության դեմ: Հայաստանի խնդիրները որեւէ մեկին չեն հետաքրքրում:

Չնայած Փաշինյանը բառացի չհայտարարեց, որ ԵԱՏՄ-ից Հայաստանի հեռացումն իրեն բացարձակ չի հետաքրքրում, բայց պատասխանը տվեց: Նույն օրը, երբ ԵԱՏՄ-ն հրապարակեց սույն զեկույցը, հայտնի դարձավ, որ Փաշինյանը մասնակցելու է նոյեմբերի 3-ին Բրյուսելում Եվրամիության ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովին։ Ավելին` Փաշինյանն այդ գագաթնաժողովի ժամանակ հանդես է գալու որպես բանախոս, եւ բնական է, որ խոսելու է Հայաստանի` ԵՄ անդամակցության հեռանկարների մասին: Մինչ այդ Փաշինյանը հարցազրույց էր տվել Radio France Internationale-ին եւ հերթական անգամ կրկնել, որ Հայաստանը չի պատրաստվում «ԵՄ, թե ԵԱՏՄ» հարցով հանրաքվե անցկացնել, այլ շարժվում է ԵՄ չափանիշներին լիարժեք համապատասխանելու ճանապարհով:

Որպես ԵԱՏՄ-ին եւ անձամբ ՌԴ նախագահին պատասխան պետք է ընկալել նաեւ Փաշինյանի երեկվա մի քանի գրառումները: Մասնավորապես, նա իրենց ընտրական իրավունքի խոչընդոտման եւ ապօրինի ճնշումների մասին հայտարարող բոլոր քաղաքացիներին կոչ է անում կազմակերպել բողոքի ակցիաներ, հեղափոխություն անել։ Սրանով Փաշինյանը, թերեւս, Ռուսաստանի իշխանություններին ասում է` այո, ես խոչընդոտում եմ իմ հակառուսական քաղաքականությանն ընդդիմացողների ընտրելու եւ ընտրվելու իրավունքը, եւ եթե դա ձեզ դուր չի գալիս, կարող եք բողոքել, դա ինձ բացարձակապես չի մտահոգում: Պատահական չէ, որ Փաշինյանի պաշտոնական էջում ամենաթոփը պուտլերիստների դեմ ագրեսիան արդարացնող մեկնաբանություններն են: Ահա ամենաթոփ մեկնաբանությունը`ոմն Հայկուշ Թորոսյան. «Իսկ ո՞վ է ասել, որ պուտլերիստներն ընդդիմություն են մեր ԱԺ-ում, նրանք դիվերսանտ ահաբեկիչներ են»:

Փաշինյանը տնտեսական կոլապսի եւ սոցիալական բողոքի դեմ միայն մի պատասխան ունի՝ էլ ավելի ուժգնացնել ապօրինությունը եւ բռնությունը: Ըստ այդմ` բոլոր անհնազանդները եւ բողոքավորները հռչակվելու են պուտլերիստներ, օտարերկրյա գործակալներ եւ թշնամիներ:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եվրոպա լիգա.«Արարատ-Արմենիան» կխաղա այսօր Երևանում

Եվրոպա լիգա.«Արարատ-Արմենիան» կխաղա այսօր Երևանում Thu, 22 Oct 2026 16:45:55 +0400 Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, մեկնարկելու …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով