«Հրապարակ»․ ՔՊ-ական տհաս, տգետ անձե՞րը պիտի քննեն եկեղեցու գործերը
Fri, 23 Oct 2026 13:45:57 +0400

«Եկեղեցին իշխանությունից դուրս է, փաստորեն, ինքնավար է՝ ըստ ՀՀ Սահմանադրության, եւ միշտ էլ այդպես է եղել․ ոչ ոք մեր պատմության ընթացքում, ոչ մի իշխանավոր Եկեղեցու գործերին չի խառնվել»,- մեզ հետ զրույցում անդրադառնալով ՔՊ-ականների կողմից հայ եկեղեցու գործերը քննող հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը՝ ասաց վրացահայ հասարակական գործիչ Գուրգեն Մխիթարյանը: «Հիմա իրենք՝ ՔՊ կլինի, թե ինչ կլինի, ինչ-որ հանձնաժողով են ստեղծում, ուզում են միջամտել, բայց որպեսզի Եկեղեցու գործերին միջամտեն, դրանք նախեւառաջ պետք է պատկերացնեն, թե ինչ եկեղեցու եւ որ եկեղեցու հետ գործ ունեն: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի է, հասկանո՞ւմ եք: Ես չեմ կարծում, որ ինչ-որ աշխարհական մարդ, հատկապես՝ ՔՊ-ական տհաս, տգետ անձեր կարողանան քննարկել Եկեղեցու գործերը: Եթե Եկեղեցին գտնի, որ պետք է ինչ-որ վերափոխումներ կատարի, ինչ-որ նոր բաներ մտցնի, Եկեղեցին ունի բոլոր ռեսուրսները՝ ե՛ւ ինտելեկտուալ, ե՛ւ տնտեսական, ե՛ւ հոգեւոր, որպեսզի կարողանա ինքն իր մեջ այդ փոփոխությունները մտցնել: Եվ այդ փոփոխությունները մենք տեսել ենք՝ ժողովները՝ Դվինի վեց, թե յոթ ժողովները, որից հետո փոփոխություններ են մտցվել, Աշտիշատի առաջին ժողովը, երբ ռեֆորմներ են եղել: Այդ բորոտաց տները, անկելանոցներ կառուցելը եւ այլն: Աշտիշատի երրորդ ժողովը, Շահապիվանի ժողովի մասին արդեն չեմ խոսում: Եկեղեցին փոխելու համար նույնիսկ կա Ներսես Շնորհալու հզոր աշխատությունը՝ «Թուղթ ընդհանրական», որտեղ մանրամասն գրված է, թե ոչ միայն Եկեղեցին, այլեւ ազգը որպես ճիշտ քրիստոնյա պետք է ապրի: Եվ եթե պետք է վերափոխել, ապա պետք է վերափոխել, բայց դա արվում է միայն ու միայն Եկեղեցու ներսում, դրա համար գոյություն ունի Հոգեւոր խորհուրդ, դրա համար մենք ունենք ե՛ւ եպիսկոպոսներ, ե՛ւ արքեպիսկոպոսներ եւ ամենակարեւորը՝ մեր վարդապետներն են, որոնք գիտնական հոգեւորականներ են»,- ասաց Մխիթարյանը:
Գուցե ՔՊ-ականներն այս հանձնաժողովի աշխատանքների միջոցով ուզում են գեներացնել իրենց կողմնակիցների այնպիսի քանակ, որ հարձակվե՞ն Եկեղեցու վրա։ Մխիթարյանը կարծում է, որ նրանք արդեն պարտվել են Եկեղեցուն: Հայ առաքելական եկեղեցուն կայսրություններ են պարտվել, քանի որ Եկեղեցին իրեն առաքինաբար է պահել: «Նրանց մնում է մեկ բան՝ միայն չարախոսել, վայրահաչել եւ ստեր տարածելը, միայն դա կարող են անել: Եվ այդ ստերն ու վայրահաչոցները հաշվարկված են մի ինչ-որ հատուկ խավի վրա, որը որ ընդհանրապես ա-բ չի հասկանում, միգուցե գրել-կարդալ էլ չգիտեն կամ դժվար են գրում-կարդում, դրանք ամենաչնչին, կեղտոտ խավն են մեր ազգի մեջ: Պետք է ընդունել, որ դրանք կան, բայց հենց այդ խավի համար պատասխանատու են գիտակից մասսաները, գիտակից խավը՝ մտավորականությունը, չնայած ես այդ բառը չեմ ընդունում, բայց մտավորականի կոչում ունեցողները, բանաստեղծ կլինի, թե գիտնական, նրանք են պատասխանատու, որովհետեւ հասարակ ժողովուրդը, այդ չհասկացող խավը, մի քիչ ոչ շատ գրագետ, տուժած ժողովուրդը միշտ իր հայացքն ուղղում է ազգի դեմքերին, բայց եթե այսօր ազգի դեմքեր չունենք, կներես՝ ինչպես այդ ժողովրդին են մեղադրում, բայց հենց ՔՊ-ն դա շատ լավ օգտագործում է, չունենալով իր դեմ իմունիտետ ստեղծող այն կորիզը, այն բջիջը, որն ազգի գոյության համար է պատասխանատու՝ ընդդիմությունը կա, բայց նրա գործառույթն այլ է»,- շեշտում է վրացահայ գործիչը։
Վերջերս տեղի ունեցած ՀԱԵ-ի Թարգմանչաց տոնից Մխիթարյանը մեկ օրինակ է բերում, երբ Թբիլիսիի հայ բնակիչներից շատերն իրենց ներկայացնում են որպես թարգմանիչներ, սակայն Թարգմանչաց տոնին այդպիսին ներկայացողներից ոչ ոք ներկա չի եղել։ Սակայն մեկ այլ ուրախալի փաստ է նշում․ այդ տոնին ներկա են եղել հասարակ մարդիկ, ռուսական դպրոցներում աշխատող հայ ուսուցիչներ ու հայ աշակերտներ, իսկ հայկական դպրոցներից ոչ մի ուսուցիչ եւ ոչ մի աշակերտ ներկա չի եղել, ինչը շատ ցավալի փաստ է: «ՔՊ-ական իշխանության՝ հայ եկեղեցու դեմ այս արշավը վրացահայերից շատերի համար շատ տհաճ է, բայց կան մարդիկ, ովքեր անտարբեր են, եւ կան մարդիկ, որոնց համար դա հաճելի է, ու դրանք այն մարդիկ են, ովքեր ի սկզբանե եղել են այդ հեղափոխության կողմնակիցները, ովքեր այսօր գնում են Հայաստան, գալիս են եւ ուրախանում՝ գիտեք, ինչ լավ է: Լավն այն է, որ գնում են, ուտում են, գալիս են, բայց ինչպե՞ս կարող է լավ լինել՝ արյունաքամ Էջմիածին ունենալով, կորցրած Արցախ ունենալով, արժանապատվությունից զրկված տասը միլիոն հայությամբ: Միայն որկրամոլների համար լավ կարող է լինել, գիտակից մարդու համար լավ լինել չի կարող: Եվ դա ոչ թե մեր ազգի մեջ է, բոլոր ազգերի մեջ կա, եւ այդ որկրամոլ խավը սարսափելի է»,- նկատում է Մխիթարյանն ու հավելում, որ Փաշինյանի ու նրա թիմի թիկունքը շատ ամուր է, եւ դա ոչ միայն ընտրազանգվածի շնորհիվ է, այլեւ դրսից ունեցած ուժեղ աջակցության:
«Սավոյան արքայատոհմը վերջերս ինչ-որ հանդիպումներ էր կազմակերպել, ՀԱԵ ներկայացուցիչ էր հրավիրված եղել, եւ գիտե՞ք, թե ում էին հրավիրել, ինչպես դուք եք ասում՝ տիրադավներից Վազգեն Միրզախանյանին։ Սակայն եթե հրավիրող կողմն անաչառ էր, ապա պիտի հրավիրեին, օրինակ, արքեպիսկոպոս Աջապահյանին, քանի որ նա Հեթումյան արքայատոհմի ուղիղ ժառանգն է, եւ ինքն է եղել իրավահաջորդը Սավոյան դքսերի եւ Հեթումյան արքայատոհմի, եւ ոչ թե հրավիրել Վազգեն Միրզախանյանին, որը մեզ մոտ լավ առաջնորդ է եղել, սակայն վերջերս հակա է: Եթե Արեւմուտքն այդպես է վարվում, դա նշանակում է, որ նրանք կողմ են Փաշինյանի քաղաքականությանը՝ ընդդեմ Մայր Աթոռի»,- եզրափակեց Գուրգեն Մխիթարյանը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր