Նախապատրաստում են Թրամփ-Պուտին-Ծինփին հանդիպումը
Fri, 23 Oct 2026 15:30:21 +0400

Չինաստանն արդեն զբաղվում է Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Չինաստանի առաջնորդների հանդիպման կազմակերպմամբ։ Դա կարող է տեղի ունենալ, եթե դրա անցկացման համար բարենպաստ պայմաններ լինեն, նաեւ՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան առաջիկա գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի է ունենալու չինական Շենչժենում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Չինացի մեր բարեկամները, որոնք ԱՏԷՍ-ի գագաթնաժողովի տանտերերն են, կզբաղվեն կամ, ավելի կոնկրետ՝ զբաղվում են նախապատրաստությամբ։ Բարենպաստ հանգամանքների առկայության դեպքում մեր չինացի բարեկամները, իհարկե, այդ հանդիպումը կկազմակերպեն Շենչժենում կայանալիք միջոցառման շրջանակում»,- ասել է ռուս պաշտոնյան։ Եռակողմ գագաթնաժողովի անցկացման հնարավորության հարցը քննարկվել է նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվեն Վիթքոֆի՝ նախօրեին տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Ուշակովը նաեւ ասել է, որ երեք մայրաքաղաքներից եւ ոչ մեկը չի մերժել նման հանդիպում անցկացնելու գաղափարը։ Անդրադառնալով եռակողմ հնարավոր գագաթնաժողովի օրակարգի հարցին՝ Ուշակովն ասել է, որ ռուսական կողմն արդեն որոշակի կոնկրետ գաղափարներ՝ այդ օրակարգի հետ կապված, ներկայացրել է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր