«Հրապարակ»․ Լեգիտիմ ընտրությունների համար նախ ընդդիմության առաջնորդները պետք է լինեն ազատության մեջ
Sat, 24 Oct 2026 09:45:41 +0400

Օրերս ներքին ինֆորմացիա էինք հրապարակել, որ Փաշինյանը ճանապարհային քարտեզ է մշակել՝ Սահմանադրությունը փոխելու համար։ 4 քայլ․ հասարակության ընդդիմադիր հատվածին համոզել-ապացուցել, որ Սահմանադրության փոփոխություններն անհրաժեշտ են, դիմել խորհրդարանական ընդդիմությանը՝ կոչ անելով աջակցել իրեն այդ հարցում, մերժելու դեպքում առանձին պատգամավորների հետ աշխատել՝ «գողանալ», եթե սա էլ չստացվի, գնալ արտահերթ ընտրությունների՝ խորհրդարանում ստանալով սահմանադրական մեծամասնություն: Հոկտեմբերի 22-ին ինքը՝ Փաշինյանը, հաստատեց մեր տեղեկությունները, որ հնարավոր է գնա արտահերթ ընտրությունների: Թեմայի շուրջ լսեցինք «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանի տեսակետը:
– Սպասո՞ւմ էիք, որ Փաշինյանը կհայտարարի, թե պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների, եւ ե՞րբ կարող է լինել դա։
– Ես կուզեի այս հարցին պատասխանել՝ այն չկապելով Փաշինյանի վերջին հայտարարության հետ։ Դա թույլ կտա ոչ թե դրվագային, այլ ավելի խորքային հասկանալ խնդիրը։ Հայաստանում, իրոք, կախված է որեւէ տեսակի նոր քվեարկության ուրվականը։ Վերջին ընտրություններն արդյունք չտվեցին, որեւէ հստակություն չմտավ։ Հետընտրական մթնոլորտն առայսօր համատարած անորոշությունն է ու տագնապը։ Դրսից պարտադրվում-առաջարկվում են հանրաքվեներ։ Սա մի այլ նոնսենս է։ Բայց բոլորի համար ակնհայտ է, որ երկրի հեռանկարին, ճակատագրին առնչվող մի խումբ բարդ հարցեր պահանջում են հանրության ձայնի հստակեցում։ Թե ինչ եղանակով դա կլինի, ես չեմ կարող ասել՝ նոր ընտրություն, հանրաքվե, հանրաքվեներ, թե այլ՝ ավելի անակնկալ իրադարձություններ, ես չգիտեմ։ Ընտրություններից հետո Հայաստանում մթնոլորտը չհանդարտվեց, չպարպվեց։ Ոչ մի հստակություն չմտավ։ Սա մեր իրականությունն է, որը լուծումներ է պահանջում։
– Արդյո՞ք սա նշանակում է, որ ընդդիմությունից մարդ գողանալու պլանները չստացվեցին։
– Փաշինյանի խոսքում, իմ գնահատմամբ, որեւէ պատահական բառ կամ պահի տակ արված ձեւակերպում չկար։ «Ընդդիմության մեր գործընկերներին կփորձենք համոզել…» ձեւակերպումն ավելի ընդգրկուն է, քան «մարդ գողանալ» ձեւաչափը։ Ի՞նչ կարող է մտնել «համոզելու» մեջ։ Սա կարող է ենթադրել հանրության ներսում իրենց անհրաժեշտ համապատասխան մթնոլորտի ձեւավորում, օրինակ՝ հանրությանը համոզել, թե «ընդդիմությունը մերժում է խաղաղությունը» կամ՝ «ընդդիմությունը ժողովրդին տանում է արկածախնդրության»։ Սա կարող է ենթադրել նաեւ ազդեցիկ պետությունների հնարավոր ինտենսիվ «հորդորը» ընդդիմությանը՝ դեմ չլինել հանրաքվեին։ Հնարավոր են ճնշման այլ մեթոդներ նույնպես։ Սրանք սցենարներ են, որոնց պետք է պատրաստ լինել։ Ես ինձ իրավունք չեմ վերապահի խոսել ընդդիմադիր խմբակցությունների անելիքի մասին, բայց, որպես քաղաքացի, ես տեսնում եմ սցենարներ, որտեղ հայ հասարակությունը հայտնվելու է փակուղու մեջ։ Իշխանության «չանենք սա՝ պատերազմ կլինի» լծակն անխափան աշխատելու է, եթե չգտնվեն հակառակ ճիշտ բանաձեւեր, որոնք մի կողմից խաղաղ ընթացք կապահովեն, մյուս կողմից էլ՝ երկրի ներսում առողջացման պրոցես։
– Ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ ընդամենը մի քանի ամիս առաջ տեղի ունեցած ընտրություններից հետո մարդը պատրաստվում է երկիրը նորից տանել համապետական ընտրությունների։
– Իրականում, հունիսի 8-ից սկսած՝ նոր ընտրությունների գաղափարն օրակարգում է։ Սա իսկապես հանրային աննորմալություն է։ Ամիսների ընթացքում հարցի սրությունը միայն աճել է։ Նշեմ հիմնական պատճառները. ընտրություններից հետո մթնոլորտը չլիցքաթափվեց։ Ընդդիմության բոլոր երեք լիդերներն անազատության մեջ են, մի ամբողջական խմբակցություն անհավատալի աճպարարությամբ դուրս թողնվեց խորհրդարանից, ԵԽԽՎ զեկույցում արձանագրվեց ե՛ւ այդ փաստը, ե՛ւ այլ կոպիտ խախտումների մի պատկառելի ցանկ։ Հասարակության ճնշող մեծամասնությունը վստահ է, որ ընտրություններն արդար չեն եղել, եւ ԱԺ պատկերը պետք է այլ լիներ։ Եվրոպան սա ընդունել է, Ռուսաստանը սա ընդունել է, ի՞նչ եք կարծում՝ Ադրբեջանը չի՞ հասկանում սա։ Այս ԱԺ-ի ցանկացած փաստաթուղթ վաղը-մյուս օրը վիճարկվելու է։ Սրանով հանդերձ, ես չեմ պնդում, որ Փաշինյանն անպայման կգնա արտահերթ ընտրությունների։ Ակնհայտ է, որ լեգիտիմ ընտրությունների համար նախ ընդդիմության առաջնորդները պետք է լինեն ազատության մեջ։ Եվ վերջապես՝ ցանկացած ընտրություն ունի ռիսկերի եւ անկանխատեսելիության մեծ պաշար։
– Ի՞նչ հնարավոր սցենար եք տեսնում, եւ որո՞նք են լինելու ընդդիմության քայլերը։
– Իր խոսքում Փաշինյանը դրեց սեփական քաղաքական առաքելության եւ դրա սպառման հնարավորության թեզը։ Հասկանալի է, որ «քաղաքական առաքելություն» ձեւակերպման տակ նա դնելու է «խաղաղության, պետության հարատեւության» գաղափարները եւ մինչեւ վերջ աշխատեցնելու է դրանք։ Ձեր հարցին պատասխանեմ շատ հստակ. երկրի համար սցենարները պոզիտիվ կլինեն միայն այն դեպքում, երբ ընդդիմությունը ձեւակերպի սեփական առաքելությունը։ Իշխանությունների գործողությունների դիմաց պետք է լինեն քաղաքական միտք, հանրային կոնսենսուսի նոր առաջարկ, խաղաղության եւ երկրի զարգացման ամբողջական տեսլական՝ առանց կիսատ-պռատությունների, առանց լղոզվածության։ Պարզ ասեմ. Փաշինյանի սահմանադրության «այո»-ի հակառակը չի կարող լինել պարզունակ «ոչ»-ը։ Այդ դեպքում նա իր «չանեք՝ կլինի պատերազմ» թեզով հաղթելու է։ Սահմանազատման, սահմանագծման պրոցեսի հակառակը չի կարող լինել պարզունակ «ոչ»-ը՝ որեւէ հատվածի կամ գյուղի պարագայում։ ԹՐԻՓՓ-ի նախագծի քննարկումը չի կարող լինել պարզունակ մերժումը կամ պարզունակ ընդունումը, եւ այսպես շարունակ, բոլոր կարեւոր թեմաներով։ Այդ բոլոր թեմաներով ընդդիմությունը պետք է ներկայացնի իր ամբողջական մոտեցումները բարդ հարցերին՝ բարդ իրավիճակին տալով սեփական լուծումները։ Եվ այդ լուծումները պետք է լինեն իրատեսական, հաշվարկված, ոչ թե պարզապես ցանկալի լոզունգների տեսքով։ Մարդիկ դրան են սպասում։
– Առհասարակ, հավատո՞ւմ եք, որ ընտրություններով Հայաստանում հնարավոր է իշխանություն փոխել։
– Հավատում եմ։ Բայց դրա համար նախապայմաններ են պետք։ Պետք է կարողանալ հասկանալ, թե ի՛նչ է կատարվում աշխարհում, ո՛րն է պրոցեսների միտումը, որո՛նք են խորքային պատճառները։ Հայաստանում կան հանրային շատ լուրջ դժգոհություններ, իսկ դժգոհությունների էվոլյուցիան պետք է լինեն փոփոխություններն ու լուծումները։ Փոփոխությունների հիմքում էլ պետք է լինի ռացիոնալ միտքը։ Պետք է հասարակությանը մասնակից դարձնել սեփական ճակատագրի քննարկմանը եւ որոշումների կայացմանը։ Խոսքը բոլոր ընտրազանգվածների մասին է։ Փաստարկված, իրատեսական եւ սոլիդ խոսքը պետք է վերադառնա հանրային կյանք։ Քաղաքական ուժերի խնդիրը չպետք է լինի դիմացինին ոչնչացնելը։ Պետք է վերաիմաստավորել «ընդդիմություն» հասկացությունը: Ընդդիմությունը լուծումներ եւ ժողովրդին ամբողջական հեռանկար առաջարկող համակարգն է եւ հենց դրանով պետք է դառնա այն բաց դուռը, ուր կգան տարբեր ընտրազանգվածներից հատվածներ։ Եվ, վերջապես, երկրում հնարավոր չէ որեւէ առողջ պրոցես, որեւէ առողջ զարգացում, քանի դեռ ընդդիմադիր լիդերները եւ գործիչներն անազատության մեջ են։ Օր առաջ նրանց՝ ազատության մեջ լինելը հնարավորություն կտա երկիրը վերադարձնել քիչ թե շատ բնականոն հուն եւ նորմալ մթնոլորտում սկսել քննարկել մեր պետության առջեւ ծառացած բարդագույն խնդիրները։ Ակնհայտ է, որ այդ խնդիրները կան, մենք բարդ որոշումների շեմին ենք, եւ դրանց կայացման ժամանակը մոտենում է։ Մեր հասարակության եւ քաղաքական համակարգի այսօրվա վիճակով մենք բարդ որոշումներ կայացնելու եւ հետագա զարգացումներին դիմակայելու ներուժ պարզապես չունենք։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր