Ինչ լավ բան կարող էր անել Նիկոլ Փաշինյանը
Sun, 25 Oct 2026 21:15:19 +0400

Ժողովրդավարության լոզունգներով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն այսօր վերջնականապես ոչնչացնում է նույնիսկ ընտրությունների միջոցով դպրոցի տնօրեն ընտրելու հույսը։
Ի դեպ, ընտրություններով իշխանություն փոխելու հույսը մարդկանց մեջ ձևավորվել էր դեռևս Փաշինյանի՝ իշխանության գալու առաջին ընտրությունների ժամանակ։ Մարդիկ սկսել էին գիտակցել, որ ընտրակաշառք վերցնելը վատ բան է, սեփական ձայնը վաճառելը՝ անընդունելի։ Այս գաղափարը յուրացրեց մի ամբողջ ժողովուրդ, որը սկսեց հավատալ, որ իր քվեն կարող է իրական փոփոխությունների հանգեցնել։
Բայց ի՞նչ ունենք այսօր։ Նույն այդ ժողովրդին ընտրելու իրական հնարավորությունից զրկելու ճանապարհով է գնում Նիկոլ Փաշինյանը։
2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների պայմաններում՝ օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ, Փաշինյանը ոտնահարեց 60 հազար մարդու քվեի արժեքը։ Եթե քաղաքացիների ձայնը չի կարողանում ապահովել նրանց կամքի իրական արտահայտությունը, ապա ի՞նչ ժողովրդավարության մասին կարող ենք խոսել։
Տեղական ինքնակառավարման ընտրություններում իշխանությունն այնքան էլ վստահ չէ սեփական դիրքերի վրա, որ անցած ընտրություններում ընդդիմադիր թեկնածուներ եղած և ՔՊ-ին ընտրություններով հաղթած մարդկանց հինգ տարվա ընթացքում հեռացնում կամ մեկուսացնում է քաղաքական գործընթացներից կամ առնում։ Գորիսը, Վարդենիսը, Գավառը և այլ համայնքներ դարձել են այս քաղաքական պայքարի օրինակներ։ Իսկ մյուս իրական ընդդիմադիրներին չեզոքացնում են` ամենատարբեր միջոցներով։
Եթե Նիկոլ Փաշինյանն այդքան վստահ է իր ժողովրդավարական սկզբունքների և ժողովրդի աջակցության վրա, ինչո՞ւ է ամեն գնով փորձում սահմանափակել քաղաքական մրցակցությունը։
Միակ իսկապես դրական բանը, որ Փաշինյանը կարող էր անել՝ նախկին իշխանություններից տարբերվելու և ժողովրդավարության գաղափարին հավատարիմ մնալու համար, ընտրական ինստիտուտի կայացումն էր։ Նա կարող էր ապահովել այնպիսի պայմաններ, որ քաղաքացիներն ազատորեն ընտրեին, իշխանությունն էլ, անհրաժեշտության դեպքում, խաղաղ ու արժանապատվորեն հեռանար։
Նույնիսկ եթե Փաշինյանը հինգ տարի անց կրկին մասնակցեր ընտրություններին կարող էր վերընտրվել, քանի որ ընտրական ինսիտուտը կայացած կլիներ, դա կլիներ նրա քաղաքականության իրական հաջողությունը։ Որովհետև ժողովրդավարության հաղթանակը ոչ թե իշխանությունը հավերժ պահելն է, այլ այնպիսի համակարգ ստեղծելը, որտեղ իշխանությունը կարող է փոխվել ժողովրդի ազատ կամարտահայտությամբ։
Սակայն իշխանությունը կորցնելու վախը Փաշինյանին մղում է խախտել բոլոր գրված ու չգրված կանոնները, այնպիսի գործելակերպ է ենթադրում, որի մասին նախկինում անգամ չէինք պատկերացնի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր