Կոկորդիլոսի արցունքներ
Tue, 27 Oct 2026 09:00:26 +0400

Նախ ընտրական համակարգն իսպառ ոչնչացնում ես, ամեն ստոր մեթոդ գործի դնում, որ իշխող կուսակցությունը ո՛չ ԱԺ, ո՛չ ՏԻՄ ընտրություններում մրցակիցներ չունենա, իսկ ընդդիմությունը՝ ընտրվելու շանս, ապա կոկորդիլոսի արցունքներ ես թափում, թե՝ ես երջանիկ չեմ, որ ՔՊ-ն 90 տոկոս եւ ավելի ձայներ է ստացել այս ընտրություններում։ 8-9 տարի տքնաջան պայքարում ես, որ ոչ մի մակարդակում՝ անգամ մի հեռավոր գյուղի դպրոցում առանց քո մասնակցության տնօրեն չընտրվի, բոլոր ընդդիմադիր կամ անկախ մարդիկ հեռացվեն անգամ տասներորդական պաշտոններից, որ մարդկանց գիտակցության մեջ ամրագրվի, որ առանց քո «դաբրոյի» ոչ մեկը Հայաստանում շանս չունի ընտրվելու, ապա խոսում ես ժողովրդավարության եւ ազատ ընտրությունների մասին։ Ով փորձում է ընդդիմադիր դաշտում հայտնվել, ողջ պետական մեքենան գործի ես դնում այդ ուժերի եւ անձանց դեմ, բոլորին «ռսի շպիոն» հայտարարում, բոլորին «նախկին» անվանում, տարածում ես, թե իրենց ունեցվածքը պաշտպանելու համար են ընտրություններին մասնակցում, անգամ Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանին եւ նրա՝ Արցախ մեկնելն ես վարկաբեկում, հետո հայտարարում՝ մեզ «պետականակենտրոն, երիտասարդ, ինտելեկտուալ, օբյեկտիվ, ազնիվ եւ միայն սեփական ընտրողների ու քաղաքացիների կողմից կառավարվող եւ ուղղորդվող ընդդիմություն է պետք»։ Եվ մեկը չի հարցնում՝ իսկ դու ո՞ւմ ես օբյեկտիվ ու ազնիվ ընդդիմություն համարում, եթե անգամ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանին, Դաշնակցությանը, Հայկ Մարությանին, Նինա Կարապետյանցին, Անուշ Սեդրակյանին, Խաչիկ Գալստյանին, Մենուա Սողոմոնյանին թույլ չես տալիս գործունեություն ծավալել երկրում։ Ո՞րն է քո ճաշակի ընդդիմությունը՝ քո արբանյակ ուժե՞րը, որոնք քեզ ամեն ինչում պատրաստ են ծափահարել, աջակցել ու քծնել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր