Չորեքշաբթի , 28 Հոկտեմբերի 2026

Ով է կազմակերպել հոկտեմբերի 27-ը և ինչու

Ով է կազմակերպել հոկտեմբերի 27-ը և ինչու

Tue, 27 Oct 2026 15:15:57 +0400


Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցն է, և այդ տարելիցի առիթով շատերը ասում են, գրում են, որ անգամ 27 տարի անց այդ ոճրագործության կազմակերպիչները չեն բացահայտվել: Անմիջական իրականացնողները` Նաիրի Հունանյանի գլխավորած խումբը կալանավորվեց ԱԺ դահլիճից, Նաիրի և Կարեն Հունանյան եղբայրները ովքեր դատապարտվել էին ցմահ ազատազրկման այժմ իրենց պատիժն են կրում ԱԱԾ-ի կալանավայրում, խմբի մի քանի անդամ մահացել են: Դեռ ամենասկզբից ասվում էր, որ այդ ոճրագործությունն ունի արտաքին հովանավորներ կամ կազմակերպիչներ`Թուրքիա, Ռուսաստան, մյուսները դրա կազմակերպման մեղքը դնում էին օրվա իշխանությունների վրա, այն տրամաբանությամբ, որ եթե դրա արդյունքներից օգտվեցին նախագահ Ռաոբերտ Քոչարյանը և այն ժամանակվա ՆԳ և ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը, ուրեմն հենց նրանք էլ կազմակերպել էին: Բայց քննարկված բազմաթիվ վարկածներ ոչ միայն հիմնավոր չէին, այլ որևէ տրամաբանական բացատրություն չէին տալիս կատարվածին: Իրականում հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը վաղուց բացահայտված կլիներ, եթե դրա հետևում կանգնած չլինեին իսկապես շատ ազդեցիկ ուժեր, այնքան ազդեցիկ, որ իշխանության որևէ ներկայացուցիչ չէր կարող ոչ միայն բացահայտել նրանց, այլ անգամ դրա մասին խոսել: Փորձենք ներկայացնել մեր տարբերակը, որը և տրամաբանական է, և բանական:

Որ ամեն ինչ հասկանալի լինի սկսենք նախապատմությունից, քանի որ ոչ մի հանցագործություն, այն էլ այդ մաշտաբի հենց այնպես չի կազմակերպվում: 1989-91 թվականներին Խորհրդային Միությունը պարտվեց Միացյալ Նահանգներին, պարտվեց Սառը պատերազմում: Ինչպես պատերազմում հաղթող ամեն երկիր, ԱՄՆ-ը տիրացավ պարտված երկրի տարածքին և իր գերիշխանությունը հաստատեց այդ տարածքի նկատմամբ: Հայաստանը բացառություն չէր: 1990 թվականին Հայաստանում հաստատվեց պրոամերիկյան վարչակազմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Չնայած նույն թվականին Հայաստանը հայտարարեց իր անկախության մասին, հետո ճանաչվեց աշխարհի կողմից, դարձավ ՄԱԿ-ի անդամ, սակայն ինչպես Խորհրդային Միության կազմի մեջ մտնող մյուս 14 հանրապետությունները, այդ թվում Ռուսաստանի Դաշնությունը, դարձավ ամերիկյան պրոտեկտորատի տակ գտնվող տարածք: Բոլոր վասալ պետություններն էլ՝ Աֆրիկայում, թե Լատինական Ամերիկայում ֆորմալ անկախություն ունեն:

1989-94 թվականներին Հայաստանը պատերազմում էր Ադրբեջանի դեմ և այդ պատերազմի արդյունքում հաղթանակ տարավ: Հայաստանում ձևավորվեց նոր իշխանական էլիտա, որը ցանկանում էր Հայաստանը տեսնել իսկապես անկախ պետություն՝ առանց արտաքին կառավարման և առանց ամերիկյան պրոտեկտորատի: Այդ էլիտայի փաստացի առաջնորդը Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն էր, ում ազդեցությունը երկրի կառավարման համակարգում գնալով մեծանում էր, իսկ ԱՄՆ-ի դրածո Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը՝ հետզհետե նվազում: 1996 թվականին ԱՄՆ-ը փորձեց Հայաստանում իշխանափոխություն անել, Տեր-Պետրոսյանը պատրաստ էր իշխանությունը հանձնել Վազգեն Մանուկյանին, սակայն Վազգեն Սարգսյանը կտրուկ դեմ արտահայտվեց այդ փոփոխությանը և իր ենթակայության տակ գտնվող զինված ուժերի միջոցով պահեց իշխանությունը: Սարգսյանը եթերում հայտարարեց, որ եթե ժողովուրդը 100 տոկոս էլ ձայն տար Վազգեն Մանուկյանին, նրան իշխանություն տվող չկար: Վազգեն Սարգսյանը մարտահրավեր նետեց ԱՄՆ-ին, ասելով, որ իշխանության տերն ինքն է, ինքն է որոշում՝ ով պետք է կառավարի Հայաստանը: 1998 թվականին Վազգեն Սարգսյանը, վարչապետ Ռոբերտ Քոչարյանի և ՆԳ ու ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի հետ պետական հեղաշրջում իրականացրեցին և Տեր-Պետրոսյանին հեռացրեցին իշխանությունից, Ռոբերտ Քոչարյանը դարձավ նախագահ: 1999 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում Վազգեն Սարգսյանի գլխավորած Միասնություն դաշինքը հաղթեց ընտրություններում, Վազգեն Սարգսյանը դարձավ վարչապետ: Այդպիսով երկրի և օրենսդիր, և գործադիր իշխանությունը և նախագահի պաշտոնը անցան հեղաշրջման մասնակիցներին: Եթե Հայաստանն իսկապես անկախ է եղել, ապա 1999 թվականի մայիսից հոկտեմբեր ամիսներին:

Միացյալ Նահանգները չէին կարող իրենց պատկանող տարածքը կորցնել, և բնական է, որ ինչ որ բան պետք է ձեռնարկեին: 1999 թվականի հոկտեմբերի 27-ին զինված խումբը մտավ ԱԺ և գնդակահարեց վարչապետ Վազգեն Սարգսյանին ու ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, ով 1999 -ին էր միացել անկախականների թիմին: Հաշվարկը շատ պարզ էր՝ վարչապետին և ԱԺ նախագահին ոչնչացնում ենք, իսկ դրա պատասխանատվությունը գցում նախագահի և ԱԱ նախարարի վրա: Հայաստանում սկսվեց անկայունության և ներիշխանական պայքարի մի ժամանակաշրջան, որն ավարտվեց 2004 թավականին: Մյուս կողմից սլաքներն ուղղվեցին Ռուսաստանի ուղղությամբ, այն դեպքում, երբ Ռուսաստանը ինքը լինելով ամերիկյան վասալ երկիր, ոչ իրավունք, ոչ էլ առիթ ուներ Հայաստանում նման ոճրագործություն կազմակերպելու: Ամերիկացիները ցույց տվեցին, թե ինչ է լինում բոլոր նրանց հետ, ովքեր փորձում են ոտնձգություն անել իրենց սեփականության դեմ, ովքեր փորձում են ամերիկյան սեփականությունը համարել իրենցը: Գրեթե նույն բանը ամերիկացիներն այս տարի արեցին Իրանի հետ, սպանելով այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ցանկանալով տիրանալ Իրանին: Իրանի դեպքում դա դեռ չի ստացվում:

Հոկտեմբերի 27-ի արդյունքում ամերիկացիները կրկին վերահսկողություն հաստատեցին Հայաստանի նկատմամբ, բայց այդ վերահսկողությունը ամբողջական չէր, քանի որ թե Ռոբերտ Քոչարյանը և թե Սերժ Սարգսյանը 1998 թվականի հակաամերիկյան հեղաշրջման մասնակիցներ էին, բացի դա, լինելով Արցախյան պատերազմի մասնակիցներ, պատրաստ չէին դավաճանության և ազգային ուրացման: 2018 թվականին կազմակերպված գունավոր հեղաշրջմամբ ամերիկացիները Հայաստանի նկատմամբ վերահսկողությունն ամբողջովին վերականգնեցին, ինչի հետևանքներն էլ մենք վայելում ենք:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Աշխատանքից ազատեն, գործ սարքեն, ասֆալտին փռեն՝ ընդդիմություն ո՞նց կձեւավորվի

«Հրապարակ». Աշխատանքից ազատեն, գործ սարքեն, ասֆալտին փռեն՝ ընդդիմություն ո՞նց կձեւավորվի Wed, 28 Oct 2026 08:45:48 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով