Դուք զինվոր պահել չգիտեք, որովհետև դրա գինը չգիտեք

Դուք զինվոր պահել չգիտեք, որովհետև դրա գինը չգիտեք

Sun, 01 Nov 2026 16:15:36 +0400


Եվս մեկ զոհ։ Եվս մեկ ընտանիք, որի դուռն այսուհետ բացվելու է ոչ թե որդու վերադարձի, այլ սևազգեստ մարդկանց ու սարսափելի լռության առաջ։

Պաշտոնական հաղորդագրությունը կարճ է․ «Հոկտեմբերի 31-ին ՊՆ զորամասերից մեկում հայտնաբերվել է զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով։ Հանգամանքները պարզվում են»։ Այդ կարճ հաղորդագրության հետևում մի ամբողջ ընտանիքի կյանք է փլուզվել։ Մի մոր աշխարհ է կանգ առել։ Մի տան մեջ այլևս ոչինչ նախկինի նման չի լինելու։

Սոցիալական ցանցերում մարդկանց գրառումները կարդալիս մի հարց է անընդհատ կրկնվում։ Երբեմն՝ ուղիղ, երբեմն՝ տողերի արանքում, երբեմն՝ պարզապես անօգնական ցավի տեսքով. «Հիմա էլ Արցախը չկա, ինչո՞ւ են մեր երեխեքը զոհվում»։

Սա սովորական հարց չէ։ Սա տարիներով կուտակված ցավի, հիասթափության, անարդարության զգացողության ու ծնողական սարսափի արտահայտությունն է։

Մենք մի ամբողջ հայրենիք կորցրինք։ Մեր հազարավոր հայրենակիցներ զրկվեցին իրենց տներից, ծննդավայրից, իրենց նախնիների գերեզմաններից։ Մեր զինվորները զոհվեցին, ընտանիքներ խեղվեցին, մայրեր ծերացան մի քանի օրում։ Մեզ ասում էին, թե այս ամենը խաղաղության համար է, թե պետք է վերջ դնել պատերազմին, թե այլևս մեր երեխաները չպետք է զոհվեն։ Բայց զոհերի մասին լուրերը չեն դադարում։

Եվ հիմա մարդիկ ուզում են հասկանալ՝ եթե Արցախն այլևս չկա, եթե իշխանությունները հայտարարում են խաղաղության մասին, ապա ինչո՞ւ է զինվորի կյանքը շարունակում այդքան անպաշտպան մնալ։

Սոցիալական ցանցերում մի միտք կար, որն արժե առանձնացնել. «Դուք զինվոր պահել չգիտեք, որովհետև դրա գինը չգիտեք»։ Կոշտ է ասված, բայց դրա մեջ հանրային դժգոհության ամբողջ ծանրությունն է։ Զինվոր պահելը նրան համազգեստ հագցնելը, հրաման արձակելն ու կերակրելը չէ։ Դա նրա կյանքը պաշտպանելու պատասխանատվությունն է։ Իսկ այդ պատասխանատվությունը չի ավարտվում պաշտոնական ցավակցությամբ կամ հերթական քննություն նշանակելով։

Կաթիլ-կաթիլ քամվում է բանակը։ Երկրի ղեկավարման ղեկը նրանց ձեռքում է, ովքեր, իրոք, չգիտեն զինվորի գինը։
Սուրեն Պապիկյանին փոխարինելն ինքնին ոչինչ չի փոխի, եթե նույնը մնա։ Խնդիրը բանակի ու պետության կառավարման ամբողջ համակարգն է, և եթե այն չի կարողանում ապահովել զինվորի անվտանգությունը, ուրեմն այդ համակարգը պետք է ամբողջովին փոխվի։ Զինվորի կյանքը փորձադաշտ չէ, իսկ նրա ծնողների համբերությունը՝ անսպառ։

Խաղաղությունը թղթի վրա ստորագրված փաստաթուղթը չէ, որի հետևից է ընկել այս իշխանությունը։ Խաղաղությունն այն է, երբ մայրը որդուն բանակ ճանապարհելիս չի ապրում ամենավատ լուրն ստանալու սարսափով։ Երբ զինվորը ծառայության ընթացքում պաշտպանված է ոչ միայն թշնամուց, այլև այն վտանգներից, որոնք կարող են սպառնալ իրեն հենց իր զորամասում։
Մեր զինվորը երկու կողմից էլ անպաշտպան է՝ և՛ թշնամու, և՛ պետության կողմից։ Անորոշ խաղաղություն ու անորոշ մահեր։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աննա Հակոբյանն ուզում է լրատվամիջոցներն իր հետ պոլեմիկայի մեջ մտնե՞ն

Աննա Հակոբյանն ուզում է լրատվամիջոցներն իր հետ պոլեմիկայի մեջ մտնե՞ն Tue, 03 Nov 2026 19:45:46…

15 րոպե ago

Ծանոթացել են հակամարտությունը դադարեցնելու առաջարկին

Ծանոթացել են հակամարտությունը դադարեցնելու առաջարկին Tue, 03 Nov 2026 19:30:07 +0400 Ամերիկյան կողմը ծանոթացել է…

31 րոպե ago

Տիգրան Սիմոնյանը պաշտոն է ստացել

Տիգրան Սիմոնյանը պաշտոն է ստացել Tue, 03 Nov 2026 19:18:57 +0400 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը…

42 րոպե ago

Ալիեւը չպետք է բանակցի պարտված Նիկոլի հետ

Ալիեւը չպետք է բանակցի պարտված Նիկոլի հետ Tue, 03 Nov 2026 19:15:01 +0400 Ճիշտ է,…

46 րոպե ago

Իրանի դեմ հարձակումը ընտրություններից անմիջապես հետո չի վերսկսի

Իրանի դեմ հարձակումը ընտրություններից անմիջապես հետո չի վերսկսի Tue, 03 Nov 2026 19:00:55 +0400 ԱՄՆ…

60 րոպե ago

Այս գիշերն էլ անիմաստ անցավ Արարատ Միրզոյանի համար

Այս գիշերն էլ անիմաստ անցավ Արարատ Միրզոյանի համար Tue, 03 Nov 2026 18:45:55 +0400 Ադրբեջանի…

1 ժամ ago